ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Հայկական ձկնամթերքը կվաճառվի եվրոպական շուկայում․ որոշումը ուժի մեջ կմտնի մի քանի օրից

Հայաստանի ձկնաբույծները մարտի 16–ից կարող են իրենց արտադրած ձկնամթերքը Եվրոպա արտահանել։ Նրանք իրենք պետք է փնտրեն ու շուկա գտնեն Եվրոպայում, անցնեն համապատասխան ընթացակարգերով։ Պատասխանատուները պնդում են, որ ձկնաբուծության ոլորտում տարեցտարի առաջընթացը ակնհայտ է, ավելանում են և՛ արտադրության, և՛ արտահանման ծավալները։  

Հայաստանի տնտեսությունը հետաքրքրում է Եվրամիությանը՝ արձանագրում է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նա նշում է, որ միության երկրները պատրաստ են մարդկային կապիտալում ներդրումներ անել։ Իսկ դա նշանակում է՝ ներդրումներ սոցիալ– տնտեսական համակարգում։ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության վերջին նորությունն է ներկայացնում դեսպանը․  

«Եվրամիությունը աշխատում է օժանդակել Հայաստանի հանրապետությանը մի շարք ոլորտներում։ Մենք օրեցօր զարգացնում ենք նոր ուղղություններ։ Վերջերս որոշում ընդունվեց՝ օժանկադել ձկնաբուծության արտահանմանը ԵՄ երկրներ»։  

Հայաստանի կառավարությունը աջակցում է ձկնաբուծությամբ զբաղվողներին։ Արտադրական ծավալները տարեցտարի ավելանում են։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը վիճակագրությունն է վկայակոչում․

«2024 թ․ 27 հազար տոննա  արդյունաբերական ձուկ ու ձկնամթերք է արտադրվել։ Ցուցանիշը մոտ 5 տոկոսով ավելի է 2023–ի ցուցանիշից»։

Ձկնաբուծական արտադրանքից շուրջ 15 հազար տոննան արտահանվել է։ Մինչև այժմ արտահանման հիմնական շուկաները  ՌԴ, ԱՄՆ–ն ու ԱՄԷ–ն էին։ Այս շուկաներում ԵՄ չափորոշիչները նույնպես խիստ են։ Տնտեսվարողները պետք է դրանց համապատասխան արտադրանք ունենան, որ կարողանան արտահանել։ Եվրոպական շուկան բարդ է ոչ միայն չափորոշիչներով, այլև մրցակցությամբ՝ արձանագրում է «Հայաստանի ձկնաբույծների միության» տնօրեն Գոռ Գրիգորյանը․

«Կան եվրոպական երկրներ՝  Նորվեգիան, Բելգիան, Դանիան, որ հայտնի են ձկնաբուծությամբ։ Եվրոպական  շուկայի մեծ մասը՝ 80 տոկոսը, այդ երկրների արտադրանքն է փակում»։

Տնտեսվարողներին այս հնարավորությունը տրվել է Եվրոպական հանձնաժողովի նոր ընդունված իրականացման կանոնակարգով։ Այստեղ, սակայն, պարտադիր է, որ արտահանող տնտեսավարողները գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը բացատրում է․

«Արտահանվող տնտեսության անվանումների էլեկտրոնային գրանցում է կատարվելու։ Երբ հայտնվեն հարթակում, մնացածը տեսչական մարմնի աշխատանքն է։ Տեսչական մարմինը ամեն կերպ փորձում է աջակցել, որ արտահանման հետ կապված վարչարարությունը հնարավորինս արագացնենք։ Աշխատում ենք, որ դիմողները խոչընդոտներ չունենան»։

Գոռ Գրիգորյանը վստահեցնում է, որ Հայաստանը այս ապրանքի մասով ինքաբավ է, արտահանման դեպքում տեղական շուկայում դեֆիցիտ չի առաջանա։ Դեռ հստակ չէ, թե առաջին խմբաքանակը ե՞րբ կարտահանվի եվրոպական շուկա։ ՍԱՏՄ–ում պարզաբանում են՝ յուրաքանչյուր տնտեսվարող ինքը պետք է փնտրի ու գտնի իր տեղը եվրոպական շուկայում։

Կարդացեք նաև

Back to top button