
Կառավարության շենքում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հետ վարչապետի հանդիպումների շարքի առաջին հավաքը։ Քաղաքացիների՝ 30–40 հոգանոց խմբերի հետ հանդիպելու առաջարկը Նիկոլ Փաշինյանն արել էր վերջերս, առաջարկելով քննարկել Սահմանադրության փոփոխությունն ու իրական Հայաստանի գաղափարախոսությունը։
Անցած տարի Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր մինչև 2026 թվականի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել, միևնույն ժամանակ մերժելով այն պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով։ Չնայած դրան, Ադրբեջանը շարունակում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջներ ներկայացնել։
Հայաստանի Սահմանադրության փոփոխության և Բաքվից հնչող պահանջների միջև կապը վարչապետ Փաշինյանը բացառել է քաղաքացիների հետ այսօրվա հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ոչ մի ձայն չի կեղծվելու։
Հայաստանի նոր Սահմանադրությունն ունենալու է տարածաշրջանային նշանակություն, բայց Ադրբեջանի պահանջներով չի ձևակերպվելու, մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Լայնորեն մեկնաբանվեց՝ որպես Ադրբեջանի կողմից առաջադրված խնդրի կամ պահանջի կատարում։ Այսինքն՝ դրվեց այդ համատեքստում։ Իրականում՝ իրական Հայաստան գաղափարախոսության համատեքստում դա ունի բացարձակապես ուրիշ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չէ ժխտել, որ այն տեքստը, որը կարող է լինել, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն բոլոր դեպքերում»։
ՀՀ Սահմանադրությունը փոխելու կամ բարեփոխելու մտադրություններ «Քաղաքացիական պայմանագիրը» ունեցել է 2018–ից սկսած, բայց նոր Սահմանադրության նախագիծ մշակելու վերջնաժամկետի մասին Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել 2024–ին։ Պատրաստի նախագիծ ունենալու վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականը։
Մշակվող փաստաթղթի կետերն ու դրույթները դեռ հայտնի չեն։ Պարզ է միայն, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է սահմանադրական փոփոխություններ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր անգամ փորձում միջնորդել․
«Հուսով եմ, ընդդիմադիր խմբակցությունները մասնակցություն կունենան։ Սահմանադրական բարեփոխումների ներառականությունը ապահովելու համար խնդրում եմ մասնակցություն ունենալ այդ գործընթացին»։
Ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ Հայաստանն այս քայլով, ամեն դեպքում, իրականացնում է խաղաղության դիմաց Բաքվի նախապայմանները։ Նոր Սահմանադրության նախագծի քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցելու, հաստատում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը․
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կեղծ, հորինված, իսկ որոշ դեպքերում՝ Ադրբեջանի թելադրանքով իրականացվող գործընթացներին չի մասնակցում»։
Նույն կարծիքը հնչում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունից։
Կառավարությունում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության հարցը հանրությանը ներկայացնելը «զրոյական կետ» է համարելու։
«Այս գաղափարի կողմնակիցների թիվը համարում եմ զրո։ Եվ պրոցեսը հենց այդտեղից է սկսվում, կիրառվելու է հին բանաձևերից, որ օգտագործել եմ «1+1»–ի տրամաբանությամբ։ Կառավարության գործը հենց առաջարկելն է և ասելը՝ իր կարծիքով ինչ պետք է անեն մարդիկ։ Տարբեր քարոզչություններ կլինեն և մարդիկ կորոշեն։ Ես ուզում եմ շատ հստակ լինի, դա այնքան ֆունդամենտալ բան է մեզ համար, որ մենք Սահմանադրության հանրաքվեին մեկ ձայնի կեղծիքի չենք գնա։ Դա բացառված բան է»։
Մինչ Հայաստանում նոր Սահմանադրության շուրջ քննարկումներ են ընթանում, Ադրբեջանից կրկին հնչում են պահանջներ։ Ամենաթարմ պնդումը մարտի 13–ին արել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն տարածքային պահանջ է համարում, մինչդեռ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի իր ոչ մի հարևանի նկատմամբ:
Թեև Հայաստանի իշխանությունները արդեն ասել են, որ չեն բացառում, որ նոր Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրին հղումը, միաժամանակ անթույլատրելի են համարում այս թեմայի առնչությամբ Ադրբեջանից հնչող ցանկացած պահանջ կամ հայտարարություն։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը այլ միտում է տեսնում նման հայտարարություններում․
«Այդ հայտարարությունը ես գնահատում եմ ՝որպես խոչընդոտ ՀՀ սահմանադրական բարեփոխումներին։ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտան, որ Հայաստանում կատարվեն սահմանադրական բարեփոխումներ»։
Գործող իշխանությունը կարևորում է, որ սահմանադրական հանրաքվեն չկրկնի նախորդների պատմությունը և հանրության կողմից չհամարվի կեղծիքներով ընդունված և ուրիշների կողմից պարտադրված։ Վարչապետի համար կարևոր սկզբունք է, որ շարքային քաղաքացին նոր Սահմանադրությունը համարի իրենը։
Նոր Սահմանադրության հարցը ընդամենը մի մասն է ավելի լայն քննարկման, որը վարչապետ Փաշինյանն առաջարկում է հանրությանը։ Մի խումբ քաղաքացիների հետ իր առաջին քննարկմանը նա ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը ներկայի և ապագայի բանաձևն է համարում։
«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատմությունից արված հետևությունների, այսօրվա կարիքների, ապագայի տեսլականի համադրություն է։ Մենք այդ «ֆորպոստի» խոսույթը միշտ կապել ենք ուրիշների հետ, բայց ՀՀ–ն մեզ համար էլ է «ֆորպոստ» եղել ինչ–որ այլ նպատակների հասնելու՝ ավելի մեծ, ավելի կարևոր, ավելի սիրելի նպատակի հասնելու համար։ Մենք այդ ընկալման մեջ ենք եղել և դա մեր պատմության մասն է, այո։ Ֆունդամենտալ փոփոխությունն այն է, որ մարդը ուզում է ապրի և պետք չէ դրա մեջ տեսնել ապազգային բան»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2020–ի պատերազմից հետո, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, զուգահեռ ապահովագրել է նաև 29․ 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Փաշինյանը համոզված է, որ առաջարկվող գաղափարախոսությունով վերջ է դրվում նաև այն խոսակցություններին, թե ո՞ր որոշումներ են պետական/հակապետական կամ հայրենասիրական/ոչ հայրենասիրական։




