
Այսօր ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով անհետ կորած արշավախմբի անդամի դին։
Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։ Որոնողա- փրկարարական աշխատանքներին ներգրավվել են 51 փրկարարական ծառայող։
Նախնական տվյալներով 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհետ կորած։
Այսօր ժամը 06։00-ի դրությամբ որոնողա- փրկարարական աշխատանքները մեկնարկել էին։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։
Որոնողա- փրկարարական աշխատանքներին ներգրավվել էին 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։




