Սիրիայում նոր իշխանությունների հաստատումից շուրջ 90 օր անց երկրում իրավիճակը կրկին լարված է։ Տապալված նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով երկրի հյուսիս-արևմուտքում ավելի քան 1000 մարդ է զոհվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ծովափնյա Լաթակիա քաղաքում նաև 2 հայ է զոհվել։ Երկրի մի շարք շրջաններում մի քանի օր է՝ պարետային ժամ է հայտարարված, հեռախոսային և ինտերնետային կապը գործում է խափանումներով։ «Ռադիոլուրը» դժվարությամբ, սակայն հաջողել է կապ հաստատել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել իրավիճակով։
Սիրիայի ծովափնյա Լաթակիա քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ կապ հաստատել չի ստացվում, ինտերնետն ու հեռախոսակապը տատանումներով են գործում։ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ապրող Հակոբ Խաճարյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ Լաթակիայում ապրող հայ ընկերների հետ ընդամենը մի քանի րոպե է կարողացել զրուցել, ասել են, որ իրավիճակն այսօր հարաբերական կայուն է։
«Ես ինքս իմ հայ բարեկամների հետ եմ խոսել, որոնք Լաթակիայում են ապրում, իրենք էլ մեզ նման անորոշության մեջ են, բոլորը տներում են, դուրս չեն գալիս, ինտերնետ կապն ու հեռախոսակապը գրեթե կտրված են, իրար հետ կապվելու միջոց չունենք։ Բայց երկու օր առաջ իրավիճակն ավելի վատ էր, այսօր ավելի հանդարտ է»։
Լաթակիայում բախումների հետևանքով օրերս երկու հայ է զոհվել։ Այս մասին Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականն էր նախօրեին հայտնել։ Այլ տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ տարհանում կազմակերպելու հարց այս պահին չի քննարկվում, բայց նաև չի բացառվում, որ կարիքի դեպքում անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն։

«Մենք ամենօրյա ռեժիմով հետևում ենք իրավիճակին, ու եթե մեր հայրենակիցների կողմից բարձրաձայնվի խնդիր, որ իրենք ուզում են տեղահանվել, մենք մեր լիազորությունների շրջանակում պատրաստակամ ենք աջակցել»,-ասում է Նելլի Ղուլյանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին խորհուրդ է տալիս կարևոր փաստաթղթերը ձեռքի տակ պահել, պատրաստ լինել ցանկացած պահի տանից դուրս գալուն։ Շարունակվող մարտերի պատճառով արդեն մի քանի օր է՝ պարետային ժամ է սահմանված մի շարք քաղաքներում, մասնավորապես, Հոմսում, Լաթակիայում և Տարտուսում։ Լաթակիայի Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին չեղարկել է կիրակնօրյա պատարագը։ «Ռադիոլուրի» զրուցակիցն ասում է՝ ամենածանրն այս պահին անորոշությունն է։
«Հույս ունենք, որ հայ կամ քրիստոնյա համայնքին չեն վնասի, այս պահին քրիստոնյաների դեմ մասնավոր բաներ չկան, բայց ապագայում ինչ կլինի՝ չգիտենք, ինչպես ասում են՝ այս երկրում ապագայի վերաբերյալ ոչինչ ենթադրել չես կարող»,-պատմում է Դամասկոսում ապրող Հակոբ Խաճարյանը։
Երկրի տապալված նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և ժամանակավոր կառավարությունը ստանձնած ուժերի միջև բախումներն առավելապես ծովափնյա Լաթակիա, Տարտուս ու Ջաբլա քաղաքներում են։ Հալեպահայ գրականագետ Յարութ Վարդանեանը «Ռադիոլուրին» պատմում է՝ նոր իշխանությունների հաստատումից շուրջ 90 օր անց էլ երկրում տագնապ ու անորոշություն կա։ Վարդանեանը ստեղծված իրավիճակը կուտակված լարվածության հետևանքն է համարում ու սեփական ձևակերպումը տալիս՝ «երկիրը տկար է»։
«Այսինքն, ինչպես ասում են, եթե վատ սերմ էր ցանվել, հիմա դա վատ բերք է տալիս։ Երկրում գործող նախորդ ռեժիմի որոշ ջոկատներ առայժմ գոյություն ունեն, որոնք չեն ցանկանում համակերպվել նոր իրավիճակի հետ։ Դրանք հեռավոր շրջաններում որոշ զինյալ ջոկատներ են կազմել ու ընդդիմանում են նոր իրավիճակին։ Նոր ռեժիմն էլ պահանջում է, որ նրանք զինաթափ լինեն, իսկ իրենց ներկայացուցիչները մասնակցեն բանակցությունների։ Այս ալևի ջոկատները, այսպես ասած, ծուղակներ ու թակարդներ են լարում, և երբ նոր պետական ուժերը ցանկանում են մոտենալ ու տարածվել ծովափնյա շրջաններում, ենթարկվում են պլանավորված հարձակման»։

Արդեն մի քանի օր շարունակվող բախումների հետևանքով Սիրիայում առնվազն 1000 մարդ է զոհվել, որոնցից ավելի քան 700-ը խաղաղ բնակիչներ են․ այս տվյալները փոխանցել է «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն»-ը, որը գործում է Մեծ Բրիտանիայում։
«Չեմ կարծում, որ հայերը մեծ վտանգների են ենթարկվում, որովհետև անմիջական կապ չունեն այս ալևի ջոկատների հետ, բայց, իհարկե, կարող են տուժել, եթե անցնեն այն ճանապարհներով, որտեղ բախումներ են։ «Գանձասար» պարբերականը կոչ է արել, որ եթե շատ անհրաժեշտ չէ, տնից դուրս չգան, նաև եկեղեցական արարողություններն են կասեցվել, որ ժողովուրդը դուրս գալու կարիք չունենա։ Հուսանք, որ այս իրավիճակն աշխարհագրորեն չի ընդլայնվի և կմնա այս սահմաններում, որովհետև եթե բռնկվի, սա քաղաքացիական նոր պատերազմ կարող է դառնալ»,-ասում է Յարութ Վարդանեան։
Սիրիայի անցումային շրջանի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան նախօրեին խաղաղության կոչ է արել: Ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված և սոցիալական ցանցերում հրապարակված ելույթում Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ չեն հանդուրժելու օրենքին հակասող որևէ քայլ։
«Մենք հայտնվել ենք նոր վտանգի առջև, որն առաջացել է նախկին ռեժիմի մնացորդների և նրանց թիկունքում կանգնած արտաքին կողմերի փորձերի հետևանքով․ փորձ է արվում նոր խռովություն հրահրել և մեր երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ՝ նպատակ ունենալով պառակտել այն։ Մենք պետք է պահպանենք ազգային միասնությունն ու ներքին խաղաղությունը»,-ասել է Ահմեդ ալ-Շարաան։

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով մտահոգ են նաև միջազգային կառույցները, որոնցից կոչեր ու հորդորներ են հնչում՝ անհապաղ դադարեցնել բախումներն ու ամեն կերպ կանխել խաղաղ բնակիչների սպանությունները։
Նման հայտարարություն է արել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը։ Իսկ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցություն հրավիրել։ Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականն էլ Facebook-յան գրառմամբ հայտնում է, որ արդեն ՄԱԿ-ի պատվիրակություն է ժամանել Սիրիայի ծովափնյա շրջաններ։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակությունը նպատակ ունի գնահատել իրավիճակն այն տարածքներում, որտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ։




