ԿարևորՄշակույթ

Հաջորդ Ջեյմս Բոնդը պետք է բրիտանացի լինի․ Փիրս Բրոսնան

Հոլիվուդյան դերասան Փիրս Բրոսնանը հայտարարել է, որ հաջորդ Ջեյմս Բոնդը պետք է լինի բրիտանացի։ Sunday Telegraph-ին տված հարցազրույցում նա նշել է, որ սա «որոշված է» և կարևոր նախապայման 007-ի դերը ստանձնելու համար, գրում է BBC-ին։

Բրոսնանը, որն իռլանդացի է, ընդգծել է, որ հույս ունի՝ նոր սեփականատեր Amazon MGM Studios-ը Բոնդի կերպարին կվերաբերվի «արժանապատվորեն, երևակայությամբ և հարգանքով»։

Ջեյմս Բոնդի դերում Դենիել Քրեյգի իրավահաջորդը դեռ չի ընտրվել, սակայն բուքմեյքերների ֆավորիտներից են բրիտանացի դերասաններ Ջեյմս Նորթոնը, Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը և Թեո Ջեյմսը։

Ավելի վաղ դերի համար քննարկվել են նաև ոչ բրիտանացի թեկնածուներ, այդ թվում՝ Օսթին Բաթլերը (ԱՄՆ), Փոլ Մեսկալը, Սիլիան Մերֆին և Էյդան Թերները (Իռլանդիա), ինչպես նաև Ջեյքոբ Էլորդին (Ավստրալիա)։

Հայտնի է, որ Amazon MGM Studios-ը ձեռք է բերել ֆրանչայզի ստեղծագործական վերահսկողությունը, սակայն Բոնդի պրոդյուսերներ Բարբարա Բրոկոլին և Մայքլ Ջի Ուիլսոնը կմնան արտոնագրի համասեփականատերեր։

Նախորդ Ջեյմս Բոնդի ֆիլմը՝ «Մեռնելու ժամանակ չկա» (2021), դարձավ Դենիել Քրեյգի վերջին աշխատանքը որպես 007։ Դեռևս պարզ չէ, թե երբ կհայտարարվի նոր Բոնդի անունը կամ երբ կսկսվի հաջորդ ֆիլմի նկարահանումը։

Փիրս Բրոսնանը Ջեյմս Բոնդի դերը կատարել է 1995-2002 թվականներին՝ նկարահանվելով չորս ֆիլմերում, այդ թվում՝ «Ոսկե աչք» (1995) և «Մահի մեկ այլ օր» (2002)։

Կարդացեք նաև

Back to top button