
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Սաուդյան Արաբիա՝ ուկրաինացի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։
Ռուբիոն հանդիպում կունենա նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ, հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թամմի Բրյուսը։
Այնուհետև պետքարտուղարը կմեկնի Կանադա՝ մասնակցելու մարտի 12-14-ը նախատեսված G7 արտգործնախարարների հանդիպմանը։
Ուրբաթ օրը Ռուբիոն զրուցել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը։
Թրամփի վարչակազմը փետրվարի 28-ին դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ու հետախուզական տվյալների փոխանակումը՝ Վոլոդիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը տեղի ունեցած լարված հանդիպումից հետո։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ, իսկ ուկրաինացի դիվանագիտական և ռազմական պաշտոնյաները երեքշաբթի բանակցություններ կվարեն ԱՄՆ պատվիրակության հետ։




