
Իրանի Իսլամական Հանրապետությունը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Որոշ անբարեխիղճ կառավարություններ բանակցում են ոչ թե խնդիրները լուծելու, այլ սեփական շահերը պարտադրելու համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, չի արդարացնի նրանց ակնկալիքները»,- ասել է նա Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։
Ուրբաթ օրը Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում գրել էր, որ Խամենեիին ուղերձ է հղել՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին AFP-ին ասել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Թրամփի վարչակազմը առավելագույն ճնշման քաղաքականություն է վարում Իրանի դեմ։




