
Մարտի 8-ի՝ Կանանց իրավունքների պաշտպանության օրվա առթիվ լրահոսը լի է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների շնորհավորանքներով։ Շնորհավորողների մեջ այս տարի հատկապես շատ են կանայք։ Պատճառը պարզ է․ նրանք համալրել են բարձրաստիճան պաշտոնները։ Ովքե՞ր են այն կանաք, որոնք ղեկավարում են երկրի առանցքային ոլորտները, և ինչ խնդիրների են բախվում՝ միայն կին լինելու հանգամանքով պայմանավորված՝ ռեպորտաժում։
Եթե Դուք կին եք, որն այսօր հագել է տաբատ, գնացել է աշխատանքի՝ իրացնելու իր ստացած բարձրագույն կրթությունը, եթե կին եք, որը գիտությամբ է զբաղվում, ու որին դրա համար չեն այրում, եթե կարող եք, օրինակ, երգել, խոսել դիմացինի աչքերի մեջ նայելով կամ ընտրել Ձեր երկրի ղեկավարին, ապա 1908-ին Նյու Յորքում անցկացված ցույցն իրոք արդյունք է տվել։ Եթե Դուք տղամարդ եք, որը հարգում է կանանց այս պարզ գործողություններն անելու իրավունքը, ապա Ձեզ ևս շնորհավորում ենք Մարտի 8-ի կապակցությամբ։
Սակայն այսօր նույնպես՝ հայտնի ցույցից 118 տարի անց էլ կանանց իրավունքները խախտվում են, այդ թվում՝ իրավապահ կանանց։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս մասին խոսել է Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման շրջանակում․
«Ես այն մարդկանցից եմ Հայաստանում, այն կանանցից եմ, ով իր կին լինելու հանգամանքի հիմքով ու արտաքին հատկանիշների հիմքով գրեթե ամենօրյա ռեժիմով թիրախավորվել է, օրինակ՝ նկարներ հրապարակել ու շատ տարօրինակ մեկնաբանություն անել, որը, չգիտեմ, արժանավայել է արդյոք տղամարդուն, թե ոչ։ Բայց արդյո՞ք դա նորմալ է, ընդհանրապես, իրավական խոսույթի տեսանկյունից․ բանականաբար ո՛չ։ Այսօրվա աշխարհում դա, ի դեպ, կանանց իրավունքների խթանմանը խոչընդոտող ամենալուրջ հակաիրավական երևույթներից է, ու սա արվում է մարդկանց կողմից, ովքեր իրենց դիրքավորում են որպես իրավապաշտպաններ»։
ՄԻՊ-ը օրերս տեղի ունեցած «Խտրականությունը Հայաստանում. օրենսդրական բարեփոխումների նախադրյալները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է, որ կան գենդերային հավասարության տեսանկյունից կարծրացած մոտեցումներ, որոնք փոխանցվում են կրթական համակարգի միջոցով:
«Հանրային ընկալման շրջանակում գոյություն ունեն կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն տղամարդիկ կարող են կատարել, կամ հակառակը՝ միայն կանայք։ Այս մոտեցումները փոխանցվում են, այդ թվում` կրթական համակարգի միջոցով»,- նշել է պաշտպանը:
Սակայն, չնայած սրան, այսօր Հայաստանում մի շարք առանցքային ոլորտների ղեկավարներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, կանայք են։
- Անահիտ Ավանեսյան՝ առողջապահության նախարար
- Սրբուհի Գալյան՝ արդարադատության նախարար
- Ժաննա Անդրեասյան՝ ԿԳՄՍ նախարար
- Արփինե Սարգսյան՝ ՆԳ նախարար
- Անահիտ Մանասյան՝ մարդու իրավունքների պաշտպան
- Աննա Վարդապետյան՝ ՀՀ գլխավոր դատախազ
Վերջինը, օրինակ, Հայաստանի պատմության մեջ առաջին կին դատախազն է։ Նրան առաջին անգամ Ազգային ժողովում ներկայացրեց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ այս ձևակերպմամբ․
«Գլխավոր դատախազի պաշտոնը ՀՀ–ում և, ընդհանրապես, իրավապահ համակարգում կարևորագույն, առանցքային նշանակություն ունի։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ այս պաշտոնին է հավակնում կին թեկնածու։ Եվ ես կարծում եմ, որ դատախազության նոր կերպարը, դատախազությունը, որ նախևառաջ կոչված է ապահովել իրավունքների վերականգնում և պահանջել արդար դատի իրականացում, կարող է մարմնավորել տիկին Վարդապետյանը»։
Այս պաշտոնները ստանձնելուց հետո էլ կանայք երբեմն ստիպված են լինում արդարանալ՝ կին լինելով նման պաշտոնում հայտնվելու համար։ Վերջին շրջանում այդ հարցերը հատկապես թիրախային կերպով ուղղվեցին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին․
«Ունեմ 10 տարվա դասավանդման փորձ ԵՊՀ-ում, ավելի քիչ՝ Արդարադատության ակադեմիայում, մեկ տարի առաջ, երբ հասարակության ներկայացուցիչների ընդունելություն էր տեղի ունեցել, քաղաքացիները, որ եկան տեսան՝ երիտասարդ կին է նստած, ասացին՝ հիմա ի՞նչ խոսենք Ձեր մոտ։ Այսինքն՝ ես չեմ հասկանում այդ խտրական մոտեցում-վերաբերմունքը նախ՝ կանանց նկատմամբ, երրորդ՝ երիտասարդների նկատմամբ»։
Սրբուհի Գալյանին այս հարցերն ուղղվում են նաև այլ համատեքստում։ Օրինակ՝ ինչո՞ւ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում ևս նշանակվեց կին՝ Ծովինար Թադևոսյանը․
«Էս հարցը, որ անընդհատ տրվում է, ինչո՞ւ կին և ոչ տղամարդ։ Ինչու ոչ․ որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պետք է լինի տղամարդ։ Սովորույթի ուժո՞վ։ Եկեք հասկանանք՝ արդյոք ճի՞շտ է եղել ժամանակին, որ բոլոր պատասխանատու պաշտոններում եղել են տղամարդիկ»։
Ես կին եմ, և ես շատ լավ մասնագետ եմ, հետևաբար իմ տեղում եմ՝ ասում է նախարարը։ Գրեթե բոլոր, հատկապես ուժային պաշտոններում նշանակվելուց հետո կին մասնագետները այս կամ այն առիթով այս խնդրին առնչվել են։ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով՝ երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը յուրաքանչյուրիս՝ դրան հակազդելն է: Անահիտ Մանասյանը կարևորել է նաև, որ պետությունը հնարավորինս արագ իրավահավասարության մասին օրենք ընդունի։




