ԿարևորՀասարակություն

Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի․ արձանագրվել է 45 հետցնցում

Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի։ Արձանագրվել է 45 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 3.2 մագնիտուդով, գրանցվել է Սպիտակից 9 կմ հյուսիս։ Հետցնցումը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի, որի ընթացքում հնարավոր են տեղի ունենալ թույլ և միջին ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ, որոնք կարող են զգացվել բնակավայրերում բնակչության կողմից։

Հորդորում ենք խուճապի չմատնվել, պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղոդագրություններին։

Ժամը 12։30-ի դրությամբ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրի և Արթիկ քաղաքներից ստացվել է 2 ահազանգ։

Գյումրիում, ըստ նախնական տվյալների, փլուզվել է վթարային տան երկշերտ պատի արտաքին շերտը՝ մոտ 2ք․մ։

Արթիկում, ըստ նախնական տվյալների, շենքերից մեկի 5-րդ հարկից ընկել է 2 քար։ Փրկարարները հեռացրել են թուլացած ևս 2 քար։

Այս պահի դրությամբ տուժածներ չկան, փլուզումների՝ երկրաշարժի հետ կապված լինելու հանգամանքները ճշտվում են»,-գրել է նա։

Այսօր, տեղական ժամանակով ժամը 09:26-ին Հայաստանի Հանրապետության Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 4.6 մագնիտուդով (էպիկենտրոնային գոտում 6-7 բալ ուժգնությամբ) երկրաշարժ։

Կարդացեք նաև

Back to top button