ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ստերջացված շունն էլ է կծում․ համակեցության կանոններ՝ շների ու մարդկանց համար

Առողջապահության նախարարությունից ասում են՝ անցած տարի 4947 մարդ տուժել է թափառող կենդանիների հարձակումներից։ Այս տվյալները հանրայնացվել են ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցմանն ի պատասխան, որը սոցցանցում գրել է, որ թափառող կենդանիներին թիրախավորելու, առավել ևս՝ ատելություն քարոզելու ոչ մի միտում չկա, բայց վիճակագրությունը մտահոգիչ է․

«Շատ երկրներում ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր կազմակերպությունների միջոցներով ստեղծվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ պահվող կենդանիները որոշ ժամանակ հետո հանձնվում են որդեգրման։ Իսկ որտե՞ղ են այն կացարանները, որոնք դեռևս 2023 թվականին խոստացել էր կառուցել Երևանի քաղաքապետարանը։ Առ այսօր մեկ կացարան իսկ չի կառուցվել»։

Գառնիկ Դանիելյանի այս հարցն ուղղել ենք հասցեատիրոջը՝ Կենդանիների խնամքի կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանին։

«Մենք խոսել ենք առաջնային մեկ կացարանի կառուցման մասին, որը 300 շան մշտական պահման հնարավորություն կտա։ Նախագիծն ունենք, ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունն ունենք, ավագանու հաստատումն ունենք, այս պահին համալիր փորձաքննության փուլում է, մոտ օրերս արդեն կհայտարարվի շինարարության մրցույթը, ու եթե որևէ արտառոց բան չլինի՝ այս տարի արդեն շինարարությունը կսկսենք»։

Իսկ մինչ այդ, շները դեռ կմնան դրսում։ «Դինգո» թիմի հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյան ասում է՝ այս փաստը և վիճակագրությունը մտահոգիչ են ինչպես կենդանիների՝ քաղաքում հանգիստ ապրելու վերաբերյալ վերապահումներ ունեցողների, այնպես էլ կենդանասերների համար։ Սակայն, ասում է, առաջնային անելիքը ոչ թե շներին մեկուսացնելն է, այլ մարդկանց՝ համակեցության կանոնները սովորեցնելը․

«Օրինակ, եթե ավտովթարներ են լինում, չենք ասում՝ վերացնենք մեքենենարը, երեխաներին սովորեցնում ենք՝ ինչպես ճիշտ տեղով փողոց անցնել։ Բայց շների հետ վարվելու տարրական կանոնները չենք սովորեցնում։ Քանի դեռ թափառող կենդանիների կան, մենք նաև գիտելիքի պակասի խնդիր ունենք։ Մարդը իր մարմնի ժեստով կամ, օրինակ, պոչ տրորելով, ականջ քաշելով․․․ մի շարք անվտնագության կանոններ են»։

Բայց հաճախ կենդանին հարձակվում է նաև այն մարդու վրա, որն իր կողմ չէր էլ նայել։ Օվսաննա Հովսեփյանն ասում է՝ դա էլ է բացատրելի․ ուրեմն նախկինում ձեր նմանությամբ մեկ այլ մարդ նեղացրել է այդ կենդանուն։ Անկախ պատճառներից, ունենք թվերով արտահայտված հետևանք․ մեկ տարում կենդանիների կողմից վնասված գրեթե 5000 մարդ է բժշկի դիմել։

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի տեղակալ Արարատ Նազանյանը «Ռադիոլուր»-ին պատմում է՝ իրենք 2024-ին այդպիսի 460 բուժառու են ունեցել, վիրաբուժական միջամտությունների, կարեր տեղադրելու, կատաղության ու փայտացման դեմ պատվաստումներ անելու անհրաժեշտություն է առաջացել․

«Իհարկե, որպես բժիշկ խորհուրդ կտամ, որ ցանկացած դեպքում դիմեն մասնագետի, ու մասնագետը, նախևառաջ, գնահատի վերքի վիճակը, որոշում կայացնի պատվաստումների կապակցությամբ ու կազմակերպի այդ ամբողջը։ Եթե գտնվում են հիվանդանոցային  տարածքներից բավականին հեռու, կան նման դեպքեր, ապա պետք է գոնե վերքը մշակեն օճառաջրով՝ որպես առաջին օգնություն, եթե հնարավոր է, վրան դնեն ստերիլ վիրակապ ու շտապ տեղափոխեն հիվանդանոց»։

Բժշկի խոսքով՝ ամեն տարի սպասում են, որ դեպքերը կնվազեն, սակայն ակնկալիքն ու իրականությունը չեն համապատասխանում միմյանց․ ավելին, նկատվում է դիմելիության աճ։ Արարատ Նազանյանը նույնպես կարծում է, որ քանի դեռ շները մարդաշատ վայրերում են, մարդիկ պետք է նրանց հետ ճիշտ վարվելու հմտություններ սովորեն։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Կենդանիների խնամքի կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանն ասում է՝ մայրաքաղաքում 5-6-րդ դասարանի երեխաների համար ինտերակտիվ դասընթացներ են կազմակերպվում։ Իսկ թափառող շների խնդիրը լուծելու հիմնական ջանքերն ուղղվում են 2019-ից մեկնարկած ստերջացման ծրագիրը պատշաճ իրականացնելուն․

«Ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքները դրական փոփոխություն են ցույց տալիս։ Գոնե թե Երևանում թափառող շների թվաքանակը գնում է նվազման։ Մենք փողոցներում հանդիպում ենք շների, որոնք արդեն ստերջացված, պատվաստված են։ Բայց չենք կարող չնշել, որ խնդրի լուծման կամ շատ ավելի տեսանելի լուծման համար միայն Երևանում իրականացրած աշխատանքները քիչ են, որովհետև մենք գործ ունենք թափառող շների հետ, հենց անունը հուշում է նրա մասին, որ այս շները տարածքից տարածք կարող են տեղափոխվել կեր գտնելու համար»։

Հարություն Առաքելյանի խոսքով՝ իրենց աշխատանքը հիմնականում չի երևում նաև այն պատճառով, որ քաղաքացիները չեն տարբերակում ստերջացված ու չստերջացված շներին։ Արթնանում են, տեսնում՝ այս առավոտ էլ իրենց բակում շուն կա, ուրեմն՝ աշխատանք չի տարվել։ Սակայն ծնողի համար, օրինակ, տարբերություն չկա՝ իր երեխային կվախեցնի կամ կկծի ականջին ստերջացված լինելու նշան ունեցող, թե չունեցող շունը։ Կա՞ երաշխիք, որ ստերջացված կենդանիները չեն կծում․

«Երաշխիք, բնականաբար չկա։ Եթե կենդանու նկատմամբ կա ոչ ճիշտ վերաբերմունք, կենդանին, բնականաբար, պաշտպանիչ ռեակցիա է տալու։ Երբ կենդանին կերի, ցրտի խնդիր է ունենում, էստեղ ևս կարող է ինչ-որ ձև դրսևորվի ոչ ադեկվատ վարքագիծ կենդանու կողմից։ Չստերջացված կենդանիների հետ կապված ռիսկը ավելի է մեծանում, որովհետև էստեղ կա ոհմակների առկայություն, ու ոհմակների պարագայում հարձակման դեպքերը ավելի շատ են լինում։ Փորձը ցույց է տալիս, որ չստերջացված կենդանիներն իրենց վարքով ավելի հանգիստ են դառնում, որովհետև ձագեր չեն ունենում, պաշտպանելու խնդիր չեն ունենում, շատ ավելի հանգիստ վարքագիծ են ցուցաբերում»։

Եթե մոտեցումը լինի համակարգային, եթե ստերջացման գործընթացը լինի ոչ միայն Երևանում, այլև հանրապետության ողջ տարածում, եթե կացարանը կառուցվի, եթե մարդիկ ավելի հանդուրժող ու չվնասող լինեն, որոշ ժամանակ անց թափառող կենդանիների խնդիրը կլուծվի՝ ասում է Հարություն Առաքելյանը։

Իսկ մինչ այդ, ամեն տարի հրապարակվում են թափառող շներից տուժած մարդկանց մասին նոր թվային տվյալներ, որոնք, սակայն, նույնպես միանշանակ պատկեր չեն տալիս։ Այսպես, օրինակ, հնարավոր չէ իմանալ՝ տուժած բոլոր քաղաքացինե՞րն են դիմում բուժհաստատություններ, դիմած քաղաքացիներին վնասել է թափառո՞ղ, թե՞ տեր ունեցող կենդանին։ Հարություն Առաքելյանի խոսքով՝ քիչ չեն նաև դեպքերը, երբ բուժհաստատություն դիմած քաղաքացին չի ցանկանում ասել, որ իրեն կծել է իր իսկ շունը, այսպիսով, թանձրացնելով թափառող շների գլխին կուտակվող մեղավորության առանց այդ էլ բավականին խիտ ամպը։

Կարդացեք նաև

Back to top button