ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Առանց ՇՄԱԳ-ի Վանաձորի Դարպաս բնակավայրում կոշտ թափոնների նոր աղբավայր կկառուցվի 

Վանաձորի ավագանին համաձայնություն է տվել համայնքի Դարպաս բնակավայրում կենցաղային կոշտ թափոնների համար նոր աղբավայր ունենալուն։ Հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Մինչ ավագանու անդամները, ակնկալելով, որ նոր աղվաբայրը կհամապատասխանի սահմանված չափանիշներին, համաձայնություն են տվել նախագծին,  իրավապաշտպաններն ընթացակարգի խախտումներ են արձանագրում․ առանց բնակչության կարծիքը լսելու, առանց շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը գնահատող փաստաթղթի՝ համայնքը չի կարող աղբավայր կառուցել ու շահագործել։

Վանաձորի ժամանակավոր իշխանություններն առաջարկում են փակել կենցաղային կոշտ թափոնների գործող աղբավայրն ու բացել նորը՝ Դարպաս  բնակավայրի վարչական տարածքում։ Հարցը ավագանու հաստատմանն է ներկայացվել՝ գործող աղբավայրի՝ լիքը լինելու պատճառաբանությամբ։

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյան․

«Էս սուբվենցիոն ծրագրերով, որ գործ է արվում, էս փողոցները, որ վերանորոգում են, էդ թափոնները տանում են Տարոն 4-ի աղբավայր։ Էլ տեղ չկա։ Շինարարը մեզ ասում ա՝ որտե՞ղ թափեմ։ Լցվել ա, շուտվանից տեղ չկա, մեծ խնդիր ա։ Նայել են տեղում, որ հարմար ա, բնակչությունից հեռու ա»:

Բնապահպանների դիտարկմանն ի պատասխան, թե համայնքապետարանը՝ որպես լիազոր մարմին, խախտել է ընթացակարգը, չի անցկացրել ՇՄԱԳ, հանրային լսումներ, չի լսել դարպասցիների կարծիքը նախագծի շուրջ, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հորդորում է  չխանգարել ավագանու աշխատանքը։

«Մենք շարժվում ենք ՀՀ օրենքով, անհոգ եղեք: Իյա, բա որ մենք վերցնենք, էդ ծախսերն անենք ու ավագանին թույլ չտար, բա ո՞նց կլներ։ Մեք խանգարի էլի։ դուք ավագանու անդամ չեք»։

Ո՞ւր են աղբավայրի կառուցմանն առնչվող փաստաթղթերը՝ հետաքրքրվում է ավագանու ՔՊ խմբակցության  անդամ Հերմինե Մանուկյանը։

«Ճիշտն ասած, մենք փաստաթղթերը նայեցինք, աղբավայրերի նախագծման, կառուցման և շահագործման կարգ գոյություն ունի, մեզ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել։ Ստեղ պետք ա փաստաթղթեր լինեն»։

Առայժմ որպես նախագիծ ներկայացվել է ավագանու հաստատմանը, հետո կլինեն նաև հանրային լսումներ՝ հակադարձում են համայնքային պաշտոնյաները։

Հայկ Վիրաբյան․ «Վարչական ղեկավարի հետ նայել ենք տեղում, որ հարմար ա, բնակչությունից հեռու ա»:

2019-ից շահագործվող շինթափոնների աղբավայրի խնդրին «Ռադիոլուր»-ը նախկինում էլ է անդրադարձել։ Վանաձորի բնակելի թաղամասերից մեկում՝ շենքերից շուրջ 50 մետր հեռավորության վրա գտնվող աղբավայրը տարիներ շարունակ բնակիչների դժգոհության պատճառն է։ Դիմել են տարբեր ատյաններ ու անպատասխան մնացել։

Հաշվի առելով աղբավայրերը այրելու տարածված պրակտիկան՝ ի՞նչ երաշխիք, որ նոր աղբավայրում էլ չեն այրի շինարարական թափոնները՝ աղտոտելով շրջակա միջավայրը։ Այրվող աղբի հետ ոչ միայն հողն է աղտոտվում, այլև՝ օդը՝ առաջացնելով քաղցկեղածին ու վտանգավոր դիօքսիններ՝ ասում է սոցիալ- էկոլոգիական հարցերով իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը: Մինչդեռ ՏԻՄ-երն են պատասխանատու համայնքի բնակիչների՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքի ապահովման համար։

Երբ համայնքը որոշում է աղբավայր կառուցել, պետք է ունենա մասնագիտական եզրակացություն այն մասին, թե նախատեսվող գործունեությունը տվյալ տարածքում ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա։ Ժողովրդավարական կլիներ, եթե առաջնահերթ լսեին Դարպասի բնակիչների կարծիքն ու մինչև ավագանու նիստը հանրության հետ քննարկեին ՇՄԱԳ փաստաթուղթը, աղբավայրի հեռանկարն ու նպատակահարմարությունը։ Նախագիծն ավագանու սեղանին է դրվել՝ սահմանված ընթացակարգերի խախտմամբ՝ ասում է իրավապաշտպանը։

«Առհասարակ, նման գործունեությունը՝ աղբավայրի կառուցման, այն էլ կոշտ կենցաղային շինարարական թափոնների, որը ենթադրում է նաև քիմիական նյութերի մեծ զանգվածների կուտակում, անպայման պետք է ՇՄԱԳ գործընթաց անցնի։ Եթե անգամ ավագանին այսօր տվեց իր համաձայնությունը աղբավայրի կառուցմանը, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ չեն կարող դա անել»։

Ավագանին տվեց իր համաձայնությունը։ «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցությունից Գայանե Քալանթարյանը «Ռադիոլուր»-ին ասաց՝ կողմ է քվեարկել՝ խնդրին որևէ լուծում տալու ցանկությամբ, բայց անպատասխան հարցեր ունի՝ արդյո՞ք նոր աղբավայրը կհամապատասխանի նորմերին, կունենա՞ շահագործման լիցենզիա։

«Լիցենզիան  պետք է ամեն ինչ հաշվի առնի՝ տեղադիրքըպաշտպանվածությունը։ Գուցե գործընթացում  շտապողականություն կա,  որովհետև նիստերը հազվադեպ են լինում, բայց արդիական խնդիր է՝ կոշտ թափոնների հարցում։  Ընթացակարգի խախտում գուցե կա, բայց ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է։ Չեմ կարծում, որ Դարպասի բնակիչները պետք է երջանիկ են սրա համար։  Կարող է քաղաքացիները ընդհանրապես դեմ լինեն»։

ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանն էլ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց՝ արդեն 3 տարի  պայքարում է գործող աղվաբայրի փակման և նորն ունենալու համար։ Չհերքեց՝ ՇՄԱԳ գործընթացից տեղյակ չեն։ Մյուս հարցերն առաջարկեց գրավոր ներկայացնել։ 

Կարդացեք նաև

Back to top button