
Մարտի 5-ի երեկոյան Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Եղիշե Կիրակոսյանը հայտարարություն տարածեց՝ բացատրելու իր հրաժարականը, բայց քաղաքական դաշտի և լրատվամիջոցների համար դրանք բավարար չեն։ Շատերը փորձում են վերլուծել հրաժարականի իրական պատճառները՝ համոզված լինելով, որ դրա հիմքում Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի նախագիծն է, ավելի հստակ՝ չհամաձայնեցված երկու կետերից մեկը, որը վերաբերում է միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջին թեմային անդրադառնալով, նշել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում հայցերի հետքաշումը տրամաբանական է, հետևաբար գաղափարն ընդունելի է հայկական կողմի համար:
Միջազգային ատյաններում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ ներկայացված հայցերի հնարավոր հետկանչ և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից Եղիշե Կիրակոսյանի ազատում․ այս երկուսի միջև որևէ կապ չի տեսնում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անգամ այն լուրերի համատեքստում, որ հայցերի հետկանչի հարցում Կիրակոսյանն իշխանության հետ ենթադրյալ տարաձայնություններ է ունեցել։
«Չեմ կարծում, որ այստեղ կապ է պետք փնտրել։ Եղիշե Կիրակոսյանի՝ աշխատանքից ազատումը կարող եմ մեկնաբանել այնքանով, որքանով մեկնաբանել է վարչապետի աշխատակազմը, որովհետև ես հավելյալ տեղեկության չեմ տիրապետում։ Սեփական դիմումի համաձայն է պարոն Կիրակոսյանն աշխատանքից ազատվել ,և սա ամիսների քննարկումների արդյունքում է տեղի ունեցել»։
Հրաժարականի դեռ նախորդ օրը՝ մարտի 4-ին, Կիրակոսյանը խորհրդարանում օրակարգային հարց էր ներկայացնում՝ առանց հրաժարականի մասին որևէ ակնարկի։ Իսկ արդեն հրաժարականին հաջորդած հայտարարության մեջ Կիրակոսյանը հիմնավորել է, որ ցանկանում է «կենտրոնանալ գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանում միջազգային իրավունքի ամրապնդմանը և իրավագիտության զարգացմանը»։ Իշխանությունների հետ տարաձայնության մասին ոչ մի խոսք կամ ակնարկ Կիրակոսյանի կողմից չկա։ Կան երախտիքի խոսքեր վարչապետին՝ վստահության և արդյունավետ գործակցության համար։ Կիրակոսյանը համոզմունք է հայտնել, որ «գրասենյակը կշարունակի պատշաճ ներկայացնել Հայաստանի շահը միջազգային ատյաններում»։
Իսկ իշխանության հետ տարաձայնությունների մասին լուրերի հիմքում, կարելի է ենթադրել, առնվազն վերջին երկու ամսում նրա հայտարարություններն են։ Թեև Կիրակոսյանը միշտ էլ հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության օրակարգի շրջանակում միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու պատրաստակամության մասին, բայց մոտ մեկ ամիս առաջ ԱԺ–ում լրագրողներին նա ասել էր․
«Դատական վեճերի և խաղաղության միջև հակադրություն դնելն արհեստական է իմ ընկալմամբ։ Հետևաբար, ես դրա մեջ անկեղծություն չեմ կարող տեսնել և կարծում եմ, որ միջազգային դատարաններում քննությունը վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ է։ Եվ բնական է, որ այն երկրները, ինչպիսիք Ադրբեջանը և Հայաստանն են, այն պատմությունը, որ մենք ունեցել ենք, պարզ է, որ կունենանք վեճ, և նաև վեճի լուծումը որոշակի առումով լիցքաթափման հնարավորություն է երկու երկրների համար էլ, որովհետև այդ դատական պրոցեսները, նաև երկուստեք պահանջներ ներկայացնելը կարևորագույն վարժություն են»։
ՀՀ-ն Ադրբեջանի դեմ 4 հայց ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, 1 հայց՝ Միջազգային քրեական դատարանում։ Դրանք, ըստ ՀՀ պաշտոնական դիրքորոշման, պարունակում են Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղաքացիների ու զինվորականների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև որպես մարդկության դեմ հանցագործություն դասակարգված ոճրագործությունների ապացույցներ։ Հայելային քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը նույնպես հայցեր ունի Հայաստանի դեմ, սակայն մասնագետները պնդում են, որ իր ներկայացրած ապացույցներով Հայաստանն ավելի ամուր դիրքերում է, քանի որ, օրինակ, Հայաստանի տարածքում հարձակումների, խոշտանգումների և մարմինների խեղումների տեսանյութեր կան՝ հրապարակված հենց հանցագործների կողմից։
Վերջին օրերին Հայաստանում շատ են քննարկում ոչ այնքան միջազգային իրավական ատյաններում, որքան Բաքվում ընթացող դատավարություններն ու դրանցից հրապարակվող մտահոգիչ տեսանյութերն ու լուսանկարները։ Հայաստանի վարչապետը նախօրեին ԱԺ-ում հաստատել էր տվյալների առկայությունը, որ հայ գերիների հանդեպ «կիրառվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ»։
Բաքվի բանտում երկու շաբաթից ավելի հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը և փաստաբանը, ինչպես նաև հայաստանյան ընդդիմությունը պնդում են, թե Հայաստանի կառավարությունը հայերին հայրենիք վերադարձնելու բավարար ջանք չի գործադրում։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իրենք քայլեր ձեռնարկում են հնարավորության սահմաններում․
«Մենք՝ ընդդիմությունը, այդ մասով այն բոլոր լծակները, որոնք ունի, կիրառում է․ միջազգային կապեր, այդ թվում նաև՝ ակցիաներ։ Այսինքն՝ եղել են դեպքեր, երբ այդ հարցն ընդդիմության, «Հանրապետականի» կազմակերպած գործողությունների արդյունքում, երբ միջազգային հյուրեր ենք Հայաստանում ունենում, ոչ միայն իրենց հետ հանդիպման ժամանակ ենք դրա մասին խոսում, այլ նաև փողոցում ակցիա է դրա հետ կապված տեղի ունենում՝ ավելի շատ լսելիություն ապահովելու համար»։
Այս հարցում Հայաստանի իշխանությանն ուղղված մեղադրանքներին ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում է միայն վերջին 10 օրվա իր աշխատանքն այդ ուղղությամբ․
«ԱԳՆ-ն այս մասով հայտարարություն արե՞լ է, արել է։ Ժնևում ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդում, որը, թերևս, այս հարցով ամենապատկառելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ հրապարակային ելույթ, որի մի ահագին մասը նվիրել եմ գերիների շինծու դատավարություններին և այդ դատավարություններում գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային։ Ես հանդիպել եմ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ, հանդիպել եմ ՄԱԿ–ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ, կրկին՝ այս ոլորտի, այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում։ Մեր հանդիպումից օրեր անց Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել պահվող բոլոր հայազգի անձանց։ Սա միայն մեկ շաբաթն եմ թվարկել, 10 օրը և միայն երևացող բաները»։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը նաև բացատրում է, թե հայ հանրության համար զգայուն այս թեմային ինչու են իշխանության գնահատականները զուսպ․
«Գայթակղությունը շատ մեծ է ինչ–որ շատ լուրջ հայտարարություններ անելու և շատ ազդեցիկ խոսքեր ասելու, բայց պետք է գնահատել, թե այդ խոսքերը որքանով են օգտակար գործընթացին, այն է՝ բոլոր գերիների, պահվող անձանց և պատանդների ազատ արձակման, վերադարձի խնդրին որքան են օգուտ տալու և որքան են վնաս տալու»։
Պատգամավորի խոսքով՝ այս հարցում Հայաստանն անում է թե՛ տեսանելի, թե բազմաթիվ՝ հանրության համար ոչ տեսանելի քայլեր։
Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, որին առնչվող փաստաթղթի 12-րդ խմբագրումը Երևանն օրերս է ստացել, ապա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նոր առաջարկներն այժմ քննարկվում են, և Հայաստանը կփորձի սեղմ ժամկետում պատասխանել Բաքվին։




