
Ալեքսան Սարգսյան
«Ռադիոլուրի» համար
Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին պայքարը կընթանա 9 քաղաքական ուժի՝ 6 կուսակցության և 3 դաշինքի միջև։ Թեկնածուների առաջադրման համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետն ավարտվել է: Առաջիկա 5 օրերին տարածքային ընտրական հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը և դրանց՝ պահանջներին բավարարելու դեպքում կգրանցի թեկնածուներին։ Ըստ հանձնաժողովի տվյալների՝ ավագանու 33 մանդատների համար պայքարում է 372 թեկնածու:
Դեռ տարեսկզբից Գյումրիում շրջանառվում էին մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի և անհատների անուններ, որոնք պատրաստվում էին մասնակցել ավագանու արտահերթ ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ թեկնածուների պաշտոնական առաջադրումը մեկնարկել էր փետրվարի 21-ին, բայց քաղաքական ուժերը շտապողականություն առանձնապես չէին դրսևորում։ Գյումրիի թիվ 31 Տարածքային ընտրական հանձնաժողովն առաջին հայտը ստացել է մարտի 1-ին՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը:
«Մարտի 1-ին սկսվեց Կոմունիստական կուսակցությունից, իրենք բերեցին իրենց ընտրացուցակը, որում 33 թեկնածու է ընդգրկված, առաջին համարը Վարդան Ղուկասյանն է: Մարտի 2-ին, 3-ին առաջադրումներ չեն եղել, ամսի 4-ին բերեց «Իմ հզոր համայնք» կուսակցությունը 40 հոգանոց ցուցակ, առաջին համարը Ռուբեն Մխիթարյանն է: Մարտի 4-ին բերել է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» կողմից առաջադրված ավագանու թեկնածուների ցուցակը ՝ 32 հոգուց, առաջին համարն է Արտյոմ Թումանյանը»
Չխախտելով ավանդույթները՝ քաղաքական ուժերն ամենաակտիվը եղել են վերջնաժամկետի վերջին ժամերին: ՏԸ հանձնաժողովը երեկ աշխատել է ծանրաբեռնված և կեսօրից հետո ընդունել է վեց քաղաքական ուժերի հայտեր: Ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նշում է հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում թեկնածուների թիվը առավելագույնն է, օրենքով սահմանված առավելագույնը։ 99 հոգանոց ցուցակ է, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, որից հետո բերել են մեզ փաստաթղթերը «Մայր Հայաստան» դաշինքը ՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ, 56 հոգանոց ցուցակ է ներկայացրել, վերջինը բերել է «Եվրադաշինքը»՝ 25 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է Լևոն Բարսեղյանը»։
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի նաև Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ «Մեր քաղաքը» դաշինքի 34 թեկնածուների ցուցակով։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որի 23 թեկնածուներից կազմված ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ընտրացուցակում ավագանու անդամի 30 թեկնածու կա, իսկ առաջին հորիզոնականում Կարեն Մալխասյանն է:
Այսպիսով, Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին պաշտոնապես կմասնակցի 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և երեք դաշինք։ Անդրադառնալով դիտարկմանը, թե մասնակիցներն ընտրարշավը քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ավելի շուտ են սկսել, Տիգրան Ղազարյանն ասում է, որ մինչ այս ընթացող գործընթացներին միջամտելու լիազորություն հանձնաժողովը չուներ, բայց քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առավել խիստ և ուշադիր է լինելու: Նախընտրական քարոզչությունը կսկսվի մարտի 15-ին։
«Ամսի 15-ից մեր լիազորությունների ամբողջ խստությամբ, իրավապահ մարմիններով, համայնքապետարանով, մարզպետարանով, ԿԸՀ-ով ցանկացած խախտման դեմ անողոք պայքար կլինի, բայց հիմա, քանի դեռ նախընտրական քարոզչությունը չի սկսվել, մենք լիազորություն չունենք որևէ մեկին ասենք՝ ստեղ ինչի՞ ես պաստառ փակցրել կամ էս բանը ասել։ Դա դեռ քարոզ չի համարվում»։
Քարոզարշավը կավարտվի մարտի 28-ին: Մինչ այդ վիճակահանությամբ կորոշվեն ընտրության մասնակից քաղաքական ուժերի հերթական համարները քվեաթերթիկում: Վիճակահանության գործընթացում հնարավոր են փոփոխություններ՝ ասում է տարածքային հանձնաժողովի նախագահը։
«Նախորդ ընտրությունների ժամանակ վիճակահանությունն արել ենք մենք։ Բոլոր կուսակցությունների հերթական համարներն են որոշվել: Այս ընտրություններին վիճակահանությունը, ըստ ժամանակացույցի, անելու է ԿԸՀ-ն: Ասեմ, որ կարող է ԿԸՀ-ն որոշում կայացնել և այդ լիազորությունը մեզ վերապահել։ Այդ դեպքում մենք կանենք, ոչ մի բարդություն չկա»։
Մինչև վիճակահանությունը տարածքային ընտրական հանձնաժողովը կստուգի բոլոր ցուցակներում ընդգրկված անձանց փաստաթղթերը, օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում միայն նրանք կհամարվեն թեկնածուներ:
2021 թվականին Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ, այժմ ընտրապայքարի մասնակիցների թիվը 9-ն է: Փոխարենը նախորդ ընտրությունների համեմատ Գյումրիում ավելացել է ընտրողների թիվը: Այս տարի ընտրություններին կմասնակցի 112 160 ընտրող՝ 2707-ով ավելի, քան 2021-ին։




