ԿարևորՀասարակություն

Ծաղկաձորում համայնքի միջոցների հաշվին կիրականացվի 1 մլրդ դրամի ներդրում. կկառուցվի վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի և քաղաքային զբոսայգի

Գործադիրն ընդունել է  «Գույք հետ վերցնելու, նվիրաբերելու և գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» որոշում, որով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչառեցու փողոց 1 հասցեով որպես առանձին գույքային միավոր գրանցված 3680 քմ մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանցով զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.9 հա մակերեսով հողամասը նվիրաբերել  Ծաղկաձոր համայնքին՝ վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի և քաղաքային զբոսայգի կառուցելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է նաև ընդունել Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքի նվիրաբերությունը ՀՀ-ին:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նախագծի մշակումը պայմանավորված է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից ներկայացրած առաջարկով, համաձայն որի՝ նախատեսվում է մինչև 2029 թ. ավարտը նվիրաբերվող տարածքում Ծաղկաձոր համայնքի միջոցների հաշվին իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում։

«Սահմանվել է նաև, որ Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 339.6 քմ մակերեսով վարչական շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 610 քմ մակերեսով հողամասը նվիրաբերվի ՀՀ-ին, սակայն Ծաղկաձոր համայնքը կշարունակի իր գործունեությունը նշված հասցեում մինչև համայնքին նվիրաբերվող հասցեում կկառուցվի համայնքի նոր վարչական շենքը, թատրոնի շենքը, ավտոկայանատեղին և քաղաքային զբոսայգին:

Ընդհանուր առմամբ նվիրաբերվող հողամասի վրա կա 5 շինություն, նախատեսվում է այդ 5 շինություններն ապամոնտաժել, կառուցել 2 նորը. 1-ում կլինի համայնքի վարչական նոր շենքը, երկրորդում՝ թատրոնը: Դրանց կիսանկուղային հարկերում և բակային տարածքում կլինեն ավտոկայանատեղիներ 110-200 տրանսպորտային միջոցների համար, իսկ 2 հա-ը հատկացված է լինելու զբոսայգի կառուցելու համար»,-ասել է ՏԿԵ փոխնախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ըստ էության, Ծաղկաձորում 3 հա տարածք փրկում ենք կոմերցիոն ներդրման տրամաբանությունից և հանրային ներդրում ենք ապահովում: Այս ներդրումը կարևոր եմ համարում Ծաղկաձորի հետագա զարգացման առումով, որովհետև մենք արդեն որոշակի խնդիրներ ենք տեսնում Ծաղկաձորում»:

Վարչապետի դիտարկմամբ՝ կարող է տարօրինակ թվալ, բայց  Ծաղկաձորում զբոսնելու հանրային  տեղ չկա, որովհետև հանգստյան տներ են, այլ պարփակված տարածքներ. «Զբոսայգի ունենալը շատ կարևոր է: Հույս ունեմ և կհետևենք, որ զբոսայգիների նախագծերը լինեն ժամանակակից պահանջներին համապատասխանող: Համենայն դեպս՝ համայնքի ստանձնած ներդրման ծավալը թույլ է տալիս, որ պատշաճ մակարդակի ենթակառուցվածք ունենանք»: 

Կարդացեք նաև

Back to top button