ԿարևորՀասարակություն

Խորհրդարանն ընդունել է խաղային ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխություններն ու լրացումները Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում:

Առաջարկվում է երկու անգամ բարձրացնել օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը:

«Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,- նշել է օրենսդրական փաթեթի հեղինակը: Ֆինանսական բեռը տարեցտարի կբարձրանա եւ այս գործիքի միջոցով հնարավոր կլինի լուծել խաղային օպերատորի հարցը: Հայկ Սարգսյանի խոսքով` օպերատորի միջոցով սահմանափակվելու են օնլայն կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի եւ պետծառայողների դեպքում առհասարակ արգելք է դրվելու:

«Ամբողջ աշխարհում, նաեւ Հայաստանում վերջին տարիներին գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է, որից անմասն չի կարող մնալ բանակը, որը մեր հասարակության հայելին է: 2024 թվականին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետեւանք է»,- նման վիճակագրական տվյալներ է ներակայացրել հիմնական զեկուցողը:

2024 թվականին օնլայն կազինոների հաշիվները լիցքավորվել են ավելի քան 811 մլրդ դրամով: «Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, համախառն ներքին արդյունքը կաճեր 10-15 տոկոսով, իսկ պետական եկամուտները` 7,34 տոկոսով»,- փաստել է Հայկ Սարգսյանը։

Ըստ նրա՝ խաղատների եւ օնլայն կազինոների գործունեությունը Հայաստանում օրենքով չի արգելում այն պատճառով, որ դեռեւս չունենք համացանցը կառավարելու եւ արտասահմանյան օնլայն կազինոների հասանելիությունը մեր երկրում գոնե 90 տոկոսով արգելափակելու հնարավորություն:

«Պատրաստվում եմ անել հնարավորը, որ մեր պետությունն ունենա այդ տեխնիկական հնարավորությունը, որից հետո կանենք նոր օրենսդրական փոփոխություններ եւ առավելագույնս կսահմանափակենք այս արատավոր երեւույթը»,- ընդգծել է պատգամավորը եւ շնորհակալություն հայտնել Կառավարության ղեկավարին այս կարեւորագույն նախաձեռնությանն աջակցելու համար:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ երկրորդ ընթերցման ընթացակարգում ի սկզբանե նախատեսված հարկային բեռի չափը մի քանի անգամ նվազեցվել է, քանի որ հարկը պետք է լինի տրամաբանական եւ չի կարող ավելի մեծ լինել, քան՝ այդ ընկերությունների եկամուտը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը կարեւորել է մինչեւ տարեվերջ խաղային օպերատոր ունենալու հանգամանքը: Ըստ Բաբկեն Թունյանի` կարգավորումները պետք է այնպես լինեն, որ ոլորտը չունենա գերշահույթներ եւ միաժամանակ չլինեն այնքան խիստ, որ մարդիկ իրենց ֆինանսական հոսքերը տեղափոխեն կասկածելի օտարերկրյա կայքեր եւ ավելի մեծ վնասներ ունենան: Նա հավելել է, որ նախաձեռնությունը լուծում է ոչ թե խաղամոլության չտարածման, այլ արդարացի հարկման խնդիրը: Հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել է կողմ քվեարկել:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարությունն առաջարկել է խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կատարել պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ: Կառավարության առաջարկով՝ ապրիլի 1-ից երկու անգամ կբարձրանա պետական տուրքը, այնուհետեւ տարվա սկզբից աճը կլինի շարունակական այս պահին գործող պետական տուրքի չափով` մինչեւ խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոնի ստեղծումն ու օպերատորի ինստիտուտի ներդնումը:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները եւս կարեւորել են խաղային օպերատորի դերը ոլորտի խնդիրների լուծման հարցում, խոսել խաղային ոլորտի բիզնեսի արգելման հնարավորության, դրա ռիսկերի ու դրանց կառավարման մասին: Առաջարկվել է քննարկել շահութահարկի դրույքաչափը վերանայելու հարցը:

«Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Թադեւոս Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ նման լուծումներով բնագավառի խնդիրները չեն կարգավորվում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ խաղային օպերատորին վերաբերող օրենքը թեպետ ընդունվել է անցած տարի, բայց օպերատորը պետք է ներդրվի այս տարվա ընթացքում: Ըստ նրա` պետությունը պետք է ամեն քայլ անի ու առավել կարճ ժամանակահատվածում թեկուզ իմպերատիվ տարբերակներով սահմանափակի խաղադրույքների տարածումը:

Հայկ Սարգսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Կարդացեք նաև

Back to top button