ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

ԵՄ-ն քննարկում է, ԱՄՆ-ն՝ վստահեցնում․ անհրաժեշտ է խաղաղության հաստատել Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղության, այդ մասին նա նամակով հայտնել է ԱՄՆ նախագահին։ Դոնալդ Թրամփն էլ կոնգրեսականների առջև իր առաջին ելույթում խոսել է այդ նամակի մասին, վստահեցնելով, որ ուզում է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։

Մինչ այդ, ԵՄ երկրները քննարկում են, թե ինչպես ապահովեն Ուկրաինայի անվտանգությունը, երբ ոչ բոլոր երկրներ են պատրաստ ուժեր տեղակայել այդ երկրում։ Ավելին, Հունգարիան անգամ պատրաստվում է վետո կիրառել Կիևի համար նախատեսվող 20 մլրդ եվրո ռազմական աջակցության նկատմամբ։

Բրյուսելում մարտի 6-ին նախատեսված ԵՄ գագաթնաժողովում Կիևին աջակցելու ուղղությամբ լայնածավալ քայլեր չեն ձեռնարկվի, գրում է Politico-ն։ Պարբերականը նշում է, որ Հունգարիան պատրաստվում է արգելափակել ԵՄ-ի օգնության նոր փաթեթը, որով նախատեսվում է Ուկրաինային 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնել։

«Ակնկալվում է, որ Հունգարիան կստանձնի Կիևի համար 20 միլիարդը սառեցնելու պատասխանատվությունը: Բուդապեշտը պատրաստ է աջակցել ԵՄ պաշտպանական կարողությունների ընդլայնմանը, սակայն կտրականապես դեմ է Ուկրաինային օգնություն նախատեսող փաթեթին»։

Politico-ի տվյալներով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը խոսել է Կիևին նոր օգնություն հատկացնելու օգտին, Հունգարիան, սակայն, վետո է դրել դրա վրա։ Դա տեղի է ունեցել դեռևս փետրվարի 28-ին՝ Սպիտակ Տանը Թրամփ-Զելենսկի վիճաբանությունից առաջ։

Ամերիկյան Bloomberg էլ նշում է, որ Կիևին 20 միլիարդ եվրո հատկացնելու ԵՄ ծրագրերի փաթեթը պետք է ներառեր հրետանային արկեր, հակաօդային պաշտպանության համակարգեր ու հրթիռներ։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ամենայն հավանականությամբ, Կիևին աջակցելու այլընտրանքային ուղիներ կառաջարկի։ Տարբերակներից մեկը, օրինակ, այն է, որ բոլոր նոր պաշտպանական վարկերի 20%-ը հատկացվի Կիևին՝ որպես աջակցություն։

Միջազգային մամուլը հիշեցնում է, որ ԵՄ երկրների առաջնորդների լոնդոնյան գագաթնաժողովից հետո Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան խաղաղության ծրագիր են մշակում ԱՄՆ-ին ներկայացնելու համար։ Որպեսզի խաղաղության համաձայնագրի կատարումը երաշխավորված լինի եվրոպական զինուժի կողմից, Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը մտադիր է կոալիցիա ստեղծել այն երկրների հետ, որոնք ուզում են օգնել Ուկրաինային։ Նա նշում է, որ երկու երկիր արդեն պատրաստ է միանալու կոալիցիային, սակայն առայժմ պարզ չէ, թե որոնք են այդ երկրները։

Ֆրանսիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարում են, սակայն, որ եվրոպական ուժերը Ուկրաինայում կտեղակայվեն միայն կայուն խաղաղություն հաստատվելու դեպքում։ Նրանք պնդում են, որ Միացյալ Նահանգները երաշխավոր լինի եվրոպական առաքելության համար։

Նիդեռլանդներն ու Շվեդիան ևս պատրաստ են իրենց զինվորականներին Ուկրաինա ուղարկել։

Իսպանիան դեմ է այդ գաղափարին, Դանիան հստակեցնող հարցեր ունի, Գերմանիան մինչ օրս դեռ չի հայտարարել Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պատրաստակամության մասին։ Պարզ չէ նաև Իտալիայի դիրքորոշումն այս հարցում։

Ուկրաինայում եվրոպական ուժերի տեղակայմանը դեմ են Լեհաստանը, Սլովակիան և Հունգարիան։

Մինչ եվրոպական երկրները քննարկումներ են ծավալում, Ուկրաինայի նախագահ Զելենսկին վերահաստատում է Կիևի հավատարմությունը խաղաղությանը։ Նա ընդունում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը չի ունեցել այն ընթացքը, որն ակնկալվում էր։ Այդ մասին X-ում նա գրում է․

«Մեզանից ոչ ոք չի ուզում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է՝ որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ կայուն խաղաղություն հաստատելու համար։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար»։

Զելենսկին պատրաստ է նաև ստորագրել հազվագյուտ բնական հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագիրը, որը տապալվել էր Թրամփ-Զելենսկի հանդիպման ժամանակ։

Այս մասին ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր առաջին ելույթում հիշատակել է Դոնալ Թրամփը։ Նա նշել է, որ նամակ է ստացել Զելենսկիից․

«Այսօր կարևոր նամակ եմ ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկիից։ Նամակում ասվում է՝ «Ուկրաինան պատրաստ է՝ որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ կայուն խաղաղության հասնելու համար։ Ոչ ոք ավելի շատ խաղաղության չի ուզում, որքան ուկրաինացիները, ասում է նա»։

Թրամփը կոնգրեսականներին վստահեցրել է, որ աշխատում է Ուկրաինայում սարսափելի հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ․

«Ամեն շաբաթ երկու հազար մարդ է զոհվում, նրանք Ռուսաստանի և Ուկրաինայի երկիտասարդներն են։ Նրանք ամերիկացիներ չեն, բայց ես ուզում եմ դադարեցնել դա»։

Կոնգրասականների առջև ԱՄՆ նախագահ Թրամփի առաջին ելույթը երկար է տևել, մոտ երկու ժամ, որի ընթացքում նա վստահեցրել է, որ ամերիկյան պատմության մեծագույն դարաշրջանն է բացվում:

Կարդացեք նաև

Back to top button