ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Վերջին 4 տարում մասնավոր արժեթղթերի քանակը բազմապատկվել է, աջակցությունը ոլորտին կշարունակվի

Մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերից ստացվող եկամուտները դարձյալ կազատվեն եկամտային հարկից։ Այդ արտոնության ժամկետը լրացել էր 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Օրենսդրական նոր փոփոխությունները քննարկվել են խորհրդարանում։ Դրանք նախատեսվում է տարածել 2025 թվականի հունվարի 1-ից թողարկվող նոր արժեթղթերի վրա։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ են կատարվել, որոնցով մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերից ստացվող եկամուտները ևս 3 տարով կազատվեն եկամտային հարկից։ Նախաձեռնության հեղինակը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն է։ 2020 թվականին ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հետ համատեղ մշակվել էր օրենսդրական փոփոխություն, որով մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերը, ինչպես պետական պարտատոմսերը, ազատվել էին եկամտային հարկից։

 «Նպատակը կապիտալի շուկայի զարգացումն ու խթանումն էր։ Արտոնությունն ընդունվել էր ժամանակավոր՝ 4 տարի ժամկետով, որը լրացավ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին» ։

Թունյանն ընդգծում է՝ վերջին 4 տարվա ընթացքում թողարկվող արժեթղթերի ծավալը բազմապատկվել է, ինչը վկայում է, որ հարկային արտոնությունն իր դերը խաղացել է։ Հաշվի առնելով այս աճը, օրենսդրական նոր փաթեթով առաջարկվում է երկարաձգել արտոնության ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

 «Արժեթղթերի ծավալն այդ ընթացքում ոչ թե տոկոսներով է աճել, այլ անգամներով։ Այսինքն` սահմանված արտոնությունը և՛ արդյունք է տվել, և՛ խթանել է շուկայի զարգացումը։ Այստեղ դժվար է միանշանակ ասել, որ մոտիվն այս օրենքն է եղել։ Բայց միանշանակ է, ո ր այս արտոնությունը դեր խաղացել է։ Շատ ընկերություններ հարցնում էին՝ արդյո՞ք արտոնությունը երկարացվելու է թե չէ, որպեսզի հետագա թողարկումները պլանավորեին»։

Օրենսդրական փոփոխությունը նախատեսվում է տարածել 2025 թվականի հունվարի 1-ից թողարկվող նոր արժեթղթերի վրա։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն ընդգծում է՝ արժեթղթերի շուկան որոշակի աճ արձանագրում է․

«Դա բազմաթիվ գործոններով է պայմանավորված։ Այստեղ կարևոր է հարկային ռեժիմը։ Մենք դեռ հեռու ենք արժեթղթերի շուկայի կայացումից։ Նման արտոնությունները ոչ թե երեք տարով պետք է լինեն, այլ՝ ավելի երկար ժամանակով։

Այստեղ նաև կարևոր է երկրորդ սկզբունքային հարցը՝ մինչև 2024 թ դեկտեմբերի 31-ը թողարկված պարտատոմսերը արտոնություններից օգտվելու՞ են մինչև մարումը, թե՞ ոչ»։

Օրենսդրական նախագծի հեղինակի պարզաբանմամբ՝ 2020-ին ընդունած կարգավորմամբ, մինչև 2024 թ դեկտեմբերի 31-ը թողարկվածներն ունեն արտոնություն մինչև վերջ։ Եթե տասը տարով են թողարկվել, օրինակ, 2022-ին, արտոնությունը ավարտվում է 2032 թ-ին։

«Եվս երեք տարի բոլորի համար չի լինի եկամտային հարկ, երեք տարուց հետո բոլորի համար կլինի եկամտային հարկ։ Երկարաժամկետ թողարկումներ ունեցող ընկերությունները գտնում են, որ խաղի կանոնների վատթարացում է եղել։ Այժմ քննարկում ենք, որպեսզի նրանց թույլ տանք մինչև ժամկետի ավարտը օգտվեն արտոնությունից»։

Ընդդիմադիր պատգամավորը նախաձեռնությունը դրական է համարում, գտնում է, որ փոփոխությունները կօգնեն ընկերություններին։ Երկարաժամկետ արտոնությունների հարցը նույնպես պետք է քննարկել՝ արձագանքում է Բաբկեն Թունյանը։

Կարդացեք նաև

Back to top button