
Ատլանտյան օվկիանոսից սկիզբ առնող Ազորյան անտիցիկլոնը հասնում է Հայաստան՝ օդեևութաբանների նախորդ կանխատեսումները հերքելու։ Ի սկզբանե հայտարարվել էր՝ մարտին օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակը լինելու է նորմայի սահմաններում։ Այսօր արդեն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասում է, որ նոր կանխատեսումներ կան․
«Վերջին 2-3 օրերին մթնոլորտի շրջանառության մեջ տեղի ունեցան էական փոփոխություններ։ Այսպիսով, կանխատեսվում է, որ օդի ջերմաստիճանը կլինի ոչ թե նորմային մոտ, այլ կլիմայական նորմայից մոտ 3-4 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Տաք օդի ներխուժման դեպքում հանրապետության լեռնային մարզերում՝ Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհանի 11-16 աստիճան տաքության։ Լոռիում կհանի 16-20-ի, Տավուշում՝ 20-24 աստիճանի»։
Տաք է լինելու նաև Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում՝ 20-24 աստիճան, իսկ Սյունիքի հովտային հատվածներում, տաք հոսանքի ներթափանցման դեպքում, կգրանցվի մինչև 26 աստիճան տաքություն։ Երևանում մարտին ջերմաչափն ամենաշատը 23 աստիճանը ցույց կտա։ Ջերմաստիճանն արդեն սկսել է բարձրանալ, և առաջիկա 5 օրերին և՛ գիշերը, և՛ ցերեկը այսօրվա համեմատ մինչև 13 աստիճանով ավելի տաք կլինի։ Այսպես՝ մարտի 10-ին, օրինակ, Երևանում 17-19 աստիճան տաքություն է լինելու։
Թե ինչ է լինելու՝ հետաքրքիր է, բայց ոչ պակաս կարևոր է իմանալ՝ ինչ եղավ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ամփոփել է ձմեռը։ Այսպես՝ դեկտեմբերին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1.1, հունվարին՝ 2.4 աստիճանով, իսկ արդեն փետրվարին գրանցված ջերմաստիճանը նորմայից 1.5 աստիճանով ցածր էր։
«2024-ի դեկտեմբերին տեղումների ամսական քանակը կազմել է 17.3 մմ, ինչը կազմում է նորմայի ընդամենը 45 տոկոսը։ Հունվարին տեղումների միջին քանակը կազմել է ընդամենը 6.3 մմ, կամ նորմայի 18 տոկոսը։ Փետրվարի 19-23-ը, հզոր ցիկլոնով պայմանվորված, հանրապետության առանձին հատվածներում թափվեցին ամսական նորմայից ավել տեղումներ։ Տեղումների քանակը փետրվարին կազմել է նորմայի 90-130 տոկոսը, իսկ Գեղարքունիքի, Լոռիի առանձին հատվածներում՝ մինչև 150-200 տոկոսը»։
90-ամյա դիտարկումների ընթացքում 2025-ին արձանագրվել է երկրորդ ամենաչոր հունվարը։ Ավելի քիչ տեղումներ վերջին անգամ եղել էին 1999-ի հունվարին։ Իսկ փետրվարն առանձնանում էր ձնառատությամբ։ Սա 2017-ից հետո առաջին փետրվարն էր, երբ Արարատյան դաշտում նկատվեց ձնածածկույթ։
«Հանրապետությունում 1000 մետրից ավելի բարձրություններում առկա է ձնածածկույթ, ձյան ծածկի բարձրությունը այսօրվա դրությամբ ամենաբարձրը Ամբերդում է՝ 73 սմ, Հանքավանում՝ 70 սմ, Ջերմուկում՝ 59 սմ, Հրազդանում՝ 50, Ապարանում՝ 43, իսկ «Արագած» բարձր լեռնային կայանում՝ 80 սմ։ Անցած տարվա նույն օրվա համեմատությամբ այս տարի լեռնային շրջանների մեծ մասում ձյան ծածկը բարձր է 10-20 սմ-ով, չնայած նորմայի համեմատ ցածր է 20-30 տոկոսով»,- ասում է Լևոն Ազիզյանը։
Ջրամբարներում վիճակը վատ չէ՝ ասում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենը։ Մարտի 5-ի դրությամբ դիտարկվող 5 ջրամբարներից 4-ում անցած տարվա նույն օրվա համեմատ ավելի շատ ջուր կա։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ Ազորյան անտիցիկլոնը չեզոքացրել է նաև նորմայի սահմանում տեղումների ակնկալիքը։ Մարտը հիմնականում առանց տեղումների կանցնի։ Ի՞նչ է տալիս այս տեղեկությունը եղանակի ամենաուղիղ «սպառողին»՝ գյուղատնտեսին։ Գագիկ Սուրենյանը խորհուրդ ունի․
«Ես գյուղատնտեսներին ուզում եմ հորդորել (խոսքը վերաբերում է միայն հանրապետության հովտային ու նախալեռնային գոտիների գյուղտնտեսական շրջաններին), քանի որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, ծառերի մոտ արդեն կսկսվի հյութաշարժություն։ Հորդորում ենք գյուղատնտեսներին, որ կատարեն այգեբացի պրոցեսը և ծառերի էտը։ Գյուղատնտեսական առումով այս պահի դրությամբ գնահատականները դրական են, որովհետև, եթե նույնիսկ մարտի 3-րդ տասնօրյակում դիտվի ծառերի ծաղկում, այս պահի դրությամբ մթնոլորտի շարժը ցույց է տալիս, որ ցրտահարման պրոցեսի հավանականությունը փոքր է»։
Իրավիճակը օպերատիվ դիտարկման տակ է՝ հավաստում են օդերևութաբաններն ու խոստանում ռիսկերի մասին տեղեկացնել ամենաքիչը 5 օր առաջ։




