ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված ուղերձում ասել է, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որտեղ նա հայտարարել է խաղաղ բանակցություններին իր պատրաստակամության մասին։
«Այսօր կարևոր նամակ ստացա Ուկրաինայի նախագահ Զելենսկիից։ Նամակում ասվում է՝ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ տեւական խաղաղությունը մոտեցնելու համար։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, որքան ուկրաինացիները»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Զելենսկին հայտարարել է նաև իր պատրաստակամության մասին «ցանկացած պահի» համաձայնագիր ստորագրել օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ։
«Ես անխոնջ աշխատել եմ Ուկրաինայում դաժան հակամարտությունը դադարեցնելու համար։ Միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ անտեղի սպանվել կամ վիրավորվել են այս սարսափելի և դաժան հակամարտությունում, որի ավարտը չի երևում: ԱՄՆ-ն հարյուր միլիարդավոր դոլարներ է ուղարկել Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու համար»,- ասել է Թրամփը:
«Ուզու՞մ եք, որ սա շարունակվի ևս հինգ տարի»,- հարցրել է Թրամփը և նորից հայտարարել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցելու վրա ավելի շատ է ծախսել, քան՝ Եվրոպան։
«Ցավոք, Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթ և գազ գնելու վրա, քան Ուկրաինայի պաշտպանության վրա։ Մտածեք դրա մասին»:
Որոշ դեմոկրատներ դուրս են եկել դահլիճից, երբ Թրամփը խոսել է Ուկրաինայի մասին:




