
Խորհրդարանը որոշել է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի նկատմամբ սահմանված պետական տուրքերը՝ առանց ոլորտի գործունեությունը սահմանափակելու։ Օրենսդրական նախագծի հեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի խոսքով՝ այս փոփոխությամբ հարկային բեռն է միայն ավելանում, սահմանափակումներ չեն նախատեսվում։ Սահմանափակումների փաթեթն ավելի ուշ կմշակվի։ Հարկերի ավելացումով տարեկան պետական տուրքերը կավելանան 13 մլրդ դրամով։ Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ։
Առաջիկայում բուքմեյքերական և շահումով խաղերի ոլորտում գործող ընկերությունները կրկնակի բարձր տուրք կվճարեն պետությանը։ Առկա հարկերից և տուրքերից բացի, ոլորտը կհարկվի նաև 10 տոկոս շրջանառության հարկով: Սա նշանակում է, որ խաղային հաշվին առկա 100 հազար դրամից պետք է հարկվի 10 հազար դրամը: Այդ գումարը, օրենսդրական նախագծի հեղինակ ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի խոսքով՝ ուղղվելու է պետբյուջեի կարիքներին և կապիտալ ծախսերին։ Ըստ այդմ՝ պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 մլրդ դրամով: Պատգամավորը վստահ է, որ այս փոփոխությունը կարևոր է ոչ միայն բյուջետային մուտքերի ավելացման, այլև շահումով խաղերի գործունեության սոցիալական վնասները մեղմելու տեսանկյունից։
«Նաև կթոթափենք, ինչ-որ մասով, այն սոցիալական արհավիրքը, որ այս ընկերությունները պատճառում են մեր հայրենակիցներին իրենց գործունեությամբ»։
Վերջին 13 տարիների վիճակագրությունը փաստում է, որ աճում են շահումով խաղերի և բուքմեյքերության ծավալները: Եթե 2010 թվականին այդ ոլորտում շրջանառության ծավալը կազմում էր 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 մլն դոլար էր, այսինքն՝ 7,2 տոկոս, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 15,8 մլրդ դոլարի: Հավաքագրվող հարկերը կազմել են 67 մլն դոլար կամ ծավալի 0,4 տոկոսը․ այսպիսի տվյալներ ներկայացրեց Հայկ Սարգսյանը:
«Վերլուծելով միջազգային փորձը՝ տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում ոլորտի համար սահմանված է10 տոկոս և ավելի բարձր շրջանառության հարկ, մասնավորապես, Վրաստանում ՝10 տոկոս, Ավստրալիայում՝ 15 տոկոս, Գերմանիայում՝ 5-20 տոկոս, Իտալիայում՝ 20-22 տոկոս, Լեհաստանում՝ 12 տոկոս, Պորտուգալիայում՝ 8-16 տոկոս, Ֆրանսիայում՝ 8-10 տոկոս, Հունգարիայում՝ 15 տոկոս»։
Պատգամավորը քաղաքացիներին կոչ արեց հրաժարվել վիրտուալ մոլախաղերից։ Սարգսյանն ասաց, որ երկար է ուսումնասիրել ոլորտը, բազմաթիվ քաղաքացիներ միլիոնավոր դրամներ ու դոլարներ են վատնում մոլախաղերում, սնանկանում են, կորցնում են ունեցվածքը, բնակարանը, հախաճ՝ նաև կյանքը։
«Կործանում են իրենց ընտանիքները, հաճախ ամուսնալուծվում են։ Մենք պետք է կոչ անենք չտրվել վիրտուալ մոլախաղերին ու իրենց կյանքը չվատնել այստեղ»։
Հիվանդությունների միջազգային դասակարգմամբ՝ խաղամոլությունը համարվում է կախվածություների խմբի խանգարում, քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։ Նա գտնում է, որ երեխաներին դեռ դպրոցական տարիքից պետք է տեղեկացնել խաղամոլության վտանգների մասին։
«Մենք պետք է զբաղվենք նրանով, որ այսօրվա մեծացող սերունդը, երբ դառնում է 12-13 տարեկան ու հասանելիություն է ունենում սմարթ հեռախոսներին, ինտերնետին, նաև՝ բանկային քարտերին, պետք է հասկանա, որ չպետք է սկսի նման վարքագիծ դրսևորել, որը ինչ-որ մի օր կարող է դառնալ խանգարում ու որը կարող է պահանջել բժշկական միջամտություն»։
Շրջանառության հարկը բարձրացնելու օրենսդրական նախագիծը մանրամասն քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ պետք է այնպիսի գործիքներ կիրառել, որպեսզի հակառակ ազդեցությունը չստանանք։ Պետք են այնպիսի քայլեր, որոնք կլուծեն խաղամոլության տարածման խնդիրը։
«Սրա լուծման ամենաճիշտ տարբերակը օրենսդրությունն է, որը ընդունել ենք։ Այսինքն՝ պետք է ունենանք խաղային ոլորտի օպերատոր, որը որ պիտի այս ոլորտի վերաբերյալ մեզ թափանցիկություն և վստահություն ապահովի։ Օրենքով այս տարվա մարտին պետք է գործընթացը սկսված լինի։ Կարող է մի քիչ ձգձգվի, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ գործն արագանա»։
Պետությունը չի վերահսկում խաղամոլության ոլորտը, որովհետև չունի գործիքակազմ, հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը։
Ըստ պատգամավորի՝ 6 տարում խաղամոլության ոլորտի շրջանառությունն աճել է 20-ից ավելի անգամ, հասնելով 7 տրիլիոն դրամի։ Այսինքն՝ տարեկան միջին աճը 50 անգամ ավելի արագ է եղել, քան տնտեսության աճը։
«Այս նախագիծը, լավագույն դեպքում, խաղամոլության ոլորտից հարկային մուտքերը կավելացնի որոշակի չափով։ Այն էլ հարց է, թե վերջում այս նախագիծը ինչ տեսք կունենա, որքան չափով կավելացնի։ Սակայն, ըստ էության, չի հանգեցնելու սրընթաց աճող խաղամոլության և դրա անդառնալի հետևանքների նվազեցման»։
Շահումով խաղերի ոլորտի հարկային փոփոխությունների հետ մեկտեղ խորհրդարանն առաջիկայում նախատեսվում է նաև սահմանափակումներ և արգելքներ, որոնք կկանխեն քաղաքացիների ֆինանսական խնդիրները, հայտարարեց ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը։
«Առաջիկայում նաև քննարկումներ ենք անցկացնելու, որպեսզի նաև սահմանափակումներ և արգելքներ մտցնենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան իրենց աշխատած գումարները վատնել՝ դրանով հայտնվելով ծանր վիճակում, կատարելով ինքնասպանություններ կամ դիմելով այլ հանցագործությունների»։
Սարգսյանը վստահեցրեց, որ շարունակելու է աշխատանքը՝ այդ ոլորտում սահմանափակումներ մտցնելու ուղղությամբ։




