ԿարևորՀասարակություն

Շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ

Մարտի 4-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ առաջին ընթերցմամբ քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ շահումով խաղերի հարկերի բարձրացման օրինագիծը։

Ըստ Սարգսյանի՝ վերջին 13 տարում ոլորտի շրջանառությունը 35 միլիոն դոլարից հասել է 15,8 միլիարդի, իսկ հարկերի բաժինը նվազել է 7,2%-ից մինչև 0,4%։ Նախագծով առաջարկվում է ներդնել 10% շրջանառության հարկ։

«Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի եւ բուքմեյքերական գործունեության ծավալները: Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 մլն դոլար էր, այսինքն՝ 7,2 տոկոս, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 15,8 մլրդ դոլարի: Հավաքագրվող հարկերը կազմել են 67 մլն դոլար կամ ծավալի 0,4 տոկոսը»,- ասել է Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով՝ միջազգային փորձը վկայում է, որ նման բարձր հարկեր սահմանված են մի շարք երկրներում։ Օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, իսկ պետական եկամուտները տարեկան կավելանան մոտ 13 մլրդ դրամով։

Քննարկման ընթացքում շոշափվել են խաղամոլության նվազեցման, ստվերային շրջանառության կրճատման, խաղադրույքների սահմանափակման հարցեր։ Սարգսյանը նաև ընդգծել է՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ոլորտը Հայաստանում ամբողջությամբ արգելելու համար։

Օրինագիծն ստացել է դրական եզրակացություն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովից։ Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button