
Ադրբեջանի բանտում արդեն 14 օր հացադուլը շարունակող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թիմակիցները, 40–ից ավելի հասարակական կազմակերպություններ, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ այսօր հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի առջև: Բողոքի ակցիան իրականացվել է Վարդանյանի կյանքի փրկության և հայ գերիների իրավունքների պաշտպանության պահանջով։ Մասնակիցները մտահոգության նամակ են փոխանցել կառույցի ներկայացուցիչներին՝ պահանջելով գործի դնել հնարավոր բոլոր միջոցները հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։ Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս ռազմագերիների՝ մարտի 1-ից հացադուլ է է հայտարարել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ Նրան են միացել իր երկու կուսակիցները։
«Ես պահանջում եմ ազատություն մեր բոլոր պատադներին ու զինգերիներին»։
Ի պաշտպանություն Ադրբեջանի բանտում արդեն երկու շաբաթ հացադուլը շարունակող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս ռազմագերիների, Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մոտ հավաքվածները պահանջում են ուշադրության կենտրոնում պահել ադրբեջանական բանտերում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին և մյուսներին, որոնց Բաքուն մեղադրում է ծանրագույն հանցագործությունների մեջ: Այնտեղ դատվում են ոչ թե կոնկրետ մարդիկ, այլ միջազգային իրավունքը՝ ասում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը։
«Դատվում է միջազգային իրավունքը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոչ թե ոտնահարված են, այլ Ադրբեջանն ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքին ընդհանրապես»։
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան։

«Դատվում ենք մենք, դատվում է հայ ժողովուրդը, դատվում է հայ ժողովրդի ազատություններն ու իրավունքները, հայ ժողովրդի արժանապատվությունը և ամբողջ Արցախի հանրապետությունը»։
Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի մոտ հավաքվածները կառույցին հիշեցնում են Ռուբեն Վարդանյանի վերջին լուսանկարները, որոնցում երևում են դեպքի կապտուկները Պահանջում են գործի դնել բոլոր մեխանիզմները՝ օր առաջ ռազմագերիների և հատկապես հացադուլը շարունակող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը զննելու, մշտական ուշադրության տակ պահելու ուղղությամբ։ Հորդորում են համոզել վերջինին դադարեցնել հացադուլը։
«Արդեն 14 օր է, որ նա հյուծվում է, անցնում է անդառնալիության սահմանները։ Այո, մենք հասկանում ենք, որ կոնկրետ պատճառներով է հացադուլ հայտարարել, բայց այդ պատճառները շատ արագ չեն վերանում»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքի ձևաչափը չի նախատեսում հանրային քննարկում իր տեսածի վերաբերյալ՝ ԿԽՄԿ գրասենյակի դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցներին հայտնել է կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ն փետրվարին տեսակցել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, որի տեսակցությունը տեղի է ունեցել հացադուլի ընթացքում։
«Տեսակցության ժամանակ պատվիրակի հետ եղել է նաև բժիշկ, որը, լինելով ԿԽՄԿ պատվիրակության անդամ, չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ և հնարավորություն է ունեցել իրականացնել չեզոք բժշկական զննում»։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարության համաձայն՝ գերիները Բաքվում ենթարկվում են կտտանքների և հոգեբանական խոշտանգումների, իսկ դատավարությունը վերածվում է ստալինյան հաշվեհարդարի։
«Այս օրերին մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներով Բաքվում ընթացող դատավարական կեղծիքը զուրկ է արդարադատության տարրերից․ ցուցադրաբար արհամարհվում են արդար դատաքննության հիմնարար սկզբունքները, առկա են բիրտ ուժի կիրառման, մարդու նվաստացման և լլկման երևույթներ»։
Ըստ հայտարարության՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող հանցագործությունները բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի, մասնավորապես` «Գերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան երրորդ համաձայնագրի, մարդու իրավունքների վերաբերյալ դաշնագրերի ու համաձայնագրերի նորմերը և խարխլում տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերը։
230-ից ավելի հայաստանյան Քաղաքացիական ՀԿ-ներ ընդգրկող պլատֆորմը դիմել է միջազգային բոլոր կառույցներին ու Հայաստանի իշխանություններին՝
պահանջելով հայ գերիների իրավունքների պաշտպանություն և նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դադարեցում։
Նախորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարարությունն էր հայտարարությամբ խորը մտահոգություն հայտնել Բաքվի դատավարություններից տարածվող տեսագրությունների ու լուսանկարների կապակցությամբ, նշել, որ դատավարությունն ընթանում է մարդու իրավունքների ու միջազգային նորմերի լիակատար անտեսմամբ։ Մարտի 1-ին էլ Հայաստանի վարչապետն էր անդրադարձել խնդրին։ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են՝ լրագրողների հետ զրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասում եմ, եթե վստահություն ունենամ, 70 տոկոսից բարձր , որ դա օգուտ է տալու գործին, ինձ համար բարդ չի դա ասելը։ Բայց ես 100 տոկոս վստահություն ունեմ, որ դրա մասին խոսելը, վնաս է տալու գործին և այդ մարդկանց։ Մենք շարունակում ենք ստանալ նրանց խոշտանգումների մասին տեղեկություններ։ Եվ դա արդեն բացահայտ է։ Մենք չէիքն ուզում մեր հայտարարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն։ Ինչու ենք հիմա անում հայտարարություններ, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, քանի որ դա արդեն տեղի է ունեցել»։
Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների արդեն երրորդ օրն է Հայաստանում հացադուլ են հայտարարել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն ու Հայաստանի քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը։ Նրանց առաջին ու հիմնական պահանջն ուղղված է Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել հացադուլը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Վարդան Ավագյանն ասաց, որ միանում են նաև այն բոլոր պահանջներին, որոնց վրա ուշադրություն հրավիրելու համար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել։
«Միանում ենք իր բոլոր պահանջներին և խնդրում ենք, որ դուրս գա հացադուլից, որպեսզի կարողանանք բոլորվ պայքարը շարունակել»։
Մանե Թանդիլյանի առողջական վիճակն այսօր վատթարացել է։ Մեզ հետ զրուցել չցանկացավ։ Նրա վիճակը հսկող բժշկի խոսքով՝ ճնշման տատանում ու ինքնազգացողության վատացում է արձանագրվել, շտապօգնության բժիշկներն առաջարկել են դադարեցնել հացադուլը։




