Ի՞նչ ընթացք կունենա ռուս–ուկրաինական հակամարտության կարգավորումը Թրամփ-Զելենսկի վիճաբանությունից հետո։ Եվրոպական երկրները հրատապ կարիք ունեն վերազինվելու՝ հայտարարում է Եվրահանձնաժողովի նախագահը։ Իսկ Ուկրաինայի նախագահը հայտարարում է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե իր երկիրն ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում։
Ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված Թրամփ-Զելենսկի աղմկահարույց հանդիպումից հետո քննարկումների ու վերլուծությունների տարափ է միջազգային հարթակներում ու լրատվամիջոցներում։
Եվրոպան հրատապ վերազինելու անհրաժեշտության մասին է հայտարարում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա խոստանում է առաջիկայում այդ հարցի վերաբերյալ կոնկրետ ծրագիր ներկայացնել։
«Եվրահանձնաժողովը համապատասխան ծրագիր կառաջարկի մարտի 6-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում»,- հստակեցնում է Եվրահանձնաժողովի նախագահը ։
Լոնդոնում Ուկրաինայի հարցով կայացած գագաթնաժողովից հետո նա հրատապ է համարում պաշտպանական ծախսերի կտրուկ ավելացումն ու ժողովրդավարությունը համատեղ ուժերով պաշտպանելու անհրաժեշտությունը ։
ԱՄՆ-ի հետ ԵՄ երկրների երկխոսության մասին հարցին ֆոն դեր Լայենի պատասխանը հստակ է՝
«Մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին պաշտպանելու ժողովրդավարությունը և օրենքի գերակայության սկզբունքն, ըստ որի չի կարելի հարձակվել, վախեցնել հարևանին և ուժով փոխել սահմանները»,-Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Լոնդոնի գագաթնաժողովից հետո նա նաև ասել է, որ ԵՄ առաջնորդները արդյունավետ ու անկեղծ քննարկել են Ուկրաինայի դիրքերն ամրացնելու հնարավորությունները:
Le Figaro-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնն էլ խոսել է Ուկրաինայում այլընտրանքային խաղաղության ծրագրի մասին։ Սակայն մինչ այդ, ըստ նրա, անհրաժեշտ է մեկամսյա հրադադար հաստատել։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են մեկ ամիս հրադադար պահպանել օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Հրադադար չի նախատեսվում վերգետնյա ռազմական գործողությունների համար, քանի որ, ըստ Մակրոնի, եթե զինադադար լինի, շատ դժվար կլինի ստուգել՝ արդյո՞ք այն պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, թե ոչ։
Խաղաղության հաստատումից հետո, ըստ Ֆրանսիայի նախագահի առաջարկի, նախատեսվում է արդեն եվրոպացի խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում։
«Առաջիկա շաբաթներին այնտեղ եվրոպական զորքեր չեն լինի։ Պետք է հասկանալ, թե ինչպես ենք օգտագործելու այդ ժամանակը զինադադարի հասնելու համար։ Բանակցությունները հնարավոր է մի քանի շաբաթ տևեն։ Իսկ երբ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, կսկսվի տեղակայումը»։
Մինչ այդ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը արդեն հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղղությամբ համաձայնագիր կմշակեն ու կներկայացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ըստ նրա, ցանկացած հրադադար պետք է աջակցություն ունենա ԱՄՆ-ից, որպեսզի բացառվի Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։
Մինչ ԵՄ երկրների առաջնորդները ծրագիր են մշակում Թրամփին ներկայացնելու համար, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնա և պատերազմն ավարտվի։
Զելենսկին պատրաստ է հրաժարականի, բայց պատրաստ չէ ներողություն խնդրել, գրում է BBC-ն։
Ուկրաինայի նախագահը նաև պատրաստ ստորագրելու բացառիկ հանքային ռեսուրսների օգտագործման մասին համաձայնագիրը, որը ԱՄՆ նախագահ Թրամփի պահանջներից մեկն էր։
Ամեն դեպքում, Սպիտակ Տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի աղմկահարույց հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հավատում է, որ դեռ կարող է փրկել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, սակայն բանակցությունները պետք է տեղի ունենան փակ դռների հետևում։
Նա հստակեցնում է, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ, եթե ԱՄՆ նախագահը կրկին հրավիրի իրեն խնդիրները լուծելու համար։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Թրամփի ու Զելենսկիի հանդիպումից հետո ասել էր, որ Ուկրաինայի նախագահը պետք է սթափվի ու երախտագիտությամբ վերադառնա բանակցությունների, հակառակ դեպքում երկիրը պետք է ղեկավարի մեկ ուրիշը։




