
Հայկական մեդիատիրույթում շրջանառության մեջ է հայտնվել մի տեղեկություն, որի ենթադրյալ աղբյուրը հնդկական մամուլն է, և ըստ որի՝ Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերի հիման վրա ենթադրաբար «բացահայտվում» է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ծրագրվող նոր ագրեսիան «Զանգեզուրի միջանցք» կոչվածը բացելու համար։ Այս լուրին արդեն արձագանքել են տարբեր կողմեր, բայց մամուլում և փորձագիտական հարթակներում շարունակում է հարց մնալ՝ որքանո՞վ է արժանահավատ սա։
Որևէ հստակ բացատրություն կամ ճշտված տեղեկություն դեռ չկա, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս են Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերը հայտնվել հնդկական մամուլում, ինչո՞ւ է Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրած ենթադրյալ ագրեսիայի մասին փաստաթղթերը վկայակոչելով՝ դրանց մասին գրում հնդկական մամուլը, և ինչո՞ւ է մեկ այլ լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան այդ ամենը մեկնաբանում Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Առհասարակ, չկա նաև հստակ պատասխան՝ իսկապե՞ս նման փաստաթղթեր են արտահոսել։ Պաշտոնական պարզաբանումներ ևս չկան։ Սակայն փաստ է, որ այս զգայուն թեման լայն տարածում ու տարատեսակ մեկնաբանություններ է առաջացրել։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը հակված է կարծել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ուժով բացելու մասին աղմկահարույց տեղեկությունը սին է։
«Ֆեյք տեղեկատվություն է, որը սադրանք է հետապնդում։ Դրա մասին արդեն Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ռուսական կողմը փորձում է սադրանքներ կազմակերպել, և այդ ամենի պատասխանատվությունը գցել Ուկրաինայի վրա»։
Ռուսական կողմն էլ իր հերթին շտապեց մեղադրել Ուկրաինային՝ նման աղմկահարույց թեմա օրակարգ բերելու և ընդդեմ Ռուսաստանի սադրիչ քայլեր հրահրելու մեջ։
Այս համատեքստում ուշագրավ է մի հարցադրում՝ ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց ռուս-ուկրաինական փոխադարձ նոր մեղադրանքների կիզակետում։
Ուշագրավ է, որ տեղեկությունն առաջինը մեկնաբանեց Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ հիշեցնելով իր դիրքորոշումը, ըստ որի՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքում պետք է լինի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Ռուսաստանն ու Ադրբեջանը յուրովի են մեկնաբանում այդ հայտարարության 9-րդ կետը՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապելիք ճանապարհի վրա ենթադրելով ռուսական կողմի վերահսկողություն, մինչդեռ արտատարածքային լուծում ենթադրող այդ ճանապարհը Հայաստանում դիտարկվում է որպես ինքնիշխանությանը հակասող մոտեցում։
Պաշտոնական Երևանն անընդունելի է համարում նախ եռակողմ հայտարարության մասնակի կատարումը, քանի որ մինչև դրա 9-րդ կետին հասնելը կան հայտարարության չկատարված մյուս կետերը, բացի այդ՝ տարածաշրջանի ապաշրջափակման նպատակով Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանն ուժով ճանապարհ բացելու խոսակցությունները հիմնավոր չի համարում։
«Ես չեմ կարծում, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են ուժով «Զանգեզուրի միջանցք» ստանալ Հայաստանից, որովհետև նրանց այդ բոլոր ճանապարհներն արդեն փակ են։ Արևմուտքի կողմից հստակ մեսիջներով և բաց տեքստով ասվել է, որ ուժային ճանապարհով գնալու դեպքում Ադրբեջանը շատ ծանր գին է վճարելու։ Մտնել, ուժով միջանցք բացել՝ ես անհավանական եմ համարում։ Հաշվի առնենք, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունն Արևմուտքի համար «կամիր գիծ» է։ Արցախի դեպքում այլ էր, քանի որ ողջ աշխարհը Արցախը ճանաչում էր Ադրբեջանի մաս, դրա համար այդ հարցում Արևմուտքը վճռական գործողությունների չդիմեց Ադրբեջանի դեմ։ Բայց սա լրիվ այլ դեպք է, կոնկրետ Հայաստանի տարածքի վրա հարձակումը ծանր հետևանքներ է ունենալու, և ես գիտեմ, որ այդպիսի նախազգուշացումներ արվել են Ադրբեջանին, և մինչև հիմա աշխատել է դա»։
Ուժով միջանցք վերցնելու անթույլատրելիության մասին փետրվարի սկզբին խոսել էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Այդ տարածքին սահմանակից Իրանը պաշտոնապես երբեք չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» արհեստական ձևակերպումը՝ դա թե Իրանի, թե Հայաստանի համար անթույլատրելի համարելով։ Իր վերջին ասուլիսում դեսպանը հայտարարել էր․
«Ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի, և, ընդհանրապես, այդ ճանապարհը հիմա առկա է, գոյություն ունի»։
Պաշտոնական Իրանի դիրքորոշմամբ՝ եթե սահմանազատման գործընթացն իրագործվում է միջազգային կանոնների, ինչպես նաև Ալմա Աթայի հայտարարության պահպանմամբ, ապա դա կնպաստի անվտանգության և խաղաղության ապահովմանը: Հայաստանի և Իրանի միջև սահմանը շատ հստակ է՝ հայտարարել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման նպատակով տարվող երկխոսությունը որևէ կերպ չի կարող ազդել Իրանի և Հայաստանի միջև սահմանի վրա։
Հարցին մեկ այլ դիտանկյունից նայելով՝ պետք է հիշեցնել, որ 2025-ի հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ նախատեսվում էր մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով ամերիկյան մասնագետների խմբի այց Հայաստան։ Սա հաստատել էր նաև նախկին պետքարտուղար Բլինքենը։ Ըստ ամենայնի, խմբի այցը հետաձգվում է, բայց պայմանավորվածությունը չի չեղարկվում՝ հստակեցնում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Ամենևին, շարունակվում է։ Ժամկետային առումով հաշվի առեք, որ փոփոխվել է ողջ ադմինիստրացիան։ Բոլոր հարցերով համաձայնություն կա ,և գործընթացն իր հունով գնում է»։
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այցի մեկ շաբաթ ուշ, մեկ շաբաթ շուտն էական չի համարում, էական է, ասում է, որ քաղաքական որոշումը կա։
«Պարզ է, որ ԱՄՆ-ում այդպես չի լինում, որ հեռացող ադմինիստրացիան մեկ շաբաթ առաջ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր կամ խարտիա ստորագրի այլ պետության հետ՝ առանց արդեն իսկ եկող ադմինիստրացիայի հետ համաձայնեցման, որովհետև այնտեղ ամեն դեպքում ինստիտուտները փոխանցում են բոլոր փաթեթները։ Եվ չեն էլ անի նման բան, եթե իմանան, որ հաջորդ ադմինիստրացիան գալու է և դա չեղարկելու է։ Այնպես որ այդ համաձայնեցումը եղել է, մնացածն արդեն ժամանակի հարց է»։
Իշխանական պատգամավորը վստահ է, որ ամերիկյան նոր վարչակազմն առաջիկայում կիրականացնի Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ նախատեսված քայլերը։ Այս համատեքստում, հիմք ընդունելով միջազգային հարթակներից եկող այլ ազդակները ևս, ձևավորվում է համոզմունք, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ քայլերն Արևմուտքի կողմից միանշանակ դատապարտելի են։




