
Լոնդոնում գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ասել է, որ առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել և շարունակել աշխատել ընդհանուր պլանի վրա։
«Այսօր մենք պատմության խաչմերուկում ենք»,- ասել է նա։ «Այժմ դատարկ խոսակցությունների ժամանակը չէ. ժամանակն է գործելու և միավորվելու նոր ծրագրի շուրջ՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար»:
Սթարմերը ասել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ պայմանավորվել են աշխատել Ուկրաինայի հետ «մարտական գործողությունները դադարեցնելու ծրագրի շուրջ»: Նա ասել է, որ այնուհետև ծրագիրը կքննարկվի Միացյալ Նահանգների հետ, «և այն կիրականացվի համատեղ»:
Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլ կտա Ուկրաինային օգտագործել 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգի բրիտանական ֆինանսավորումը՝ ձեռք բերելու համար ավելի քան 5000 հակաօդային պաշտպանական հրթիռներ:
Հրթիռները կարտադրվեն Բելֆաստում՝ աշխատատեղեր ստեղծելով Մեծ Բրիտանիայի պաշտպանական ոլորտում։
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ դա Ուկրաինային կդնի շահեկան դիրքում, որպեսզի նա կարողանա բանակցել ուժի դիրքերից։
Սթարմերը հայտնել է, որ Լոնդոնի գագաթնաժողովում առաջնորդները պայմանավորվել են չորս կարևոր քայլերի շուրջ.
- Շարունակել ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, քանի դեռ պատերազմը շարունակվում է, և մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։
- Տևական խաղաղությունը պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, իսկ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ։
- Եթե խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, եվրոպացի առաջնորդները կձգտեն կանխել Ռուսաստանի ցանկացած ներխուժում Ուկրաինա:
- Ուկրաինային պաշտպանելու և երկրում խաղաղություն ապահովելու համար կստեղծվի «կամավորների կոալիցիա»։
Քեյր Սթարմերը նաև հիշեցրել է, որ համաձայնագրին անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը. «Թույլ տվեք հստակ ասել, որ մենք համաձայն ենք Թրամփի հետ կայուն խաղաղություն հաստատելու հրատապ անհրաժեշտության հարցում։ Այժմ մենք պետք է միասին աշխատենք դրան հասնելու համար»:




