ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիան փորձում է վերականգնել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հույսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արևմտյան այլ առաջնորդների հետ հանդիպման ժամանակ կփորձի վերականգնել ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման հույսը, գրում է Reuters-ը։

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ թեժ վեճի վերածված հանդիպումից հետո, Ուկրաինայի առաջնորդը մարտի 1-ին ջերմ ընդունելության է արժանացել Լոնդոնում։

Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայանալիք գագաթնաժողովում Զելենսկին աջակցության խոստումներ կստանա Սթարմերից և այլ եվրոպացի առաջնորդներից ։

Մարտի 6-ին Փարիզում կայանալիք արդեն երրորդ հանդիպմանն ընդառաջ Քիր Սթարմերը եվրոպացի առաջնորդներին այսօր հրավիրել է Լոնդոն՝ քննարկելու հարցը, թե ինչպես աջակցել Ուկրաինային:

Սթարմերը հույս ունի, որ մարտի 2-ին եվրոպացի առաջնորդները ավելի կոնկրետ միջոցներ կառաջարկեն Ուկրաինային աջակցելու համար:

Արևմտյան վերլուծաբանները ակնկալում են, որ որոշ առաջնորդներ կարող են կոչ անել Զելենսկիին վերադառնալ ԱՄՆ նախագահի հետ բանակցություններին։

Լոնդոնում մարտի 2-ին սպասվող գագաթնաժողովի շրջանակում Սթարմերը կսկսի իր հանդիպումը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ բանակցություններով:

Այնուհետև նրանց կմիանան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Չեխիայի և Ռումինիայի ղեկավարները: Լոնդոնյան գագաթնաժողովին կմասնակցի նաեւ Թուրքիայի արտգործնախարարը։ Ուկրաինայի նախագահը ժամանել է շաբաթ օրը։

Կիրակնօրյա գագաթնաժողովը Լոնդոնում և հաջորդ շաբաթ ԵՄ արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում , ինչպես գրում է Reuters-ը, կարող են որոշիչ լինել այն առումով, թե արդյոք եվրոպացի առաջնորդները կարող են Ուկրաինային ինչ-որ կոնկրետ բան առաջարկել և շտկել իրավիճակը Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արդեն հորդորել են Ուկրաինայի ղեկավարին գտնել ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները վերականգնելու ճանապարհը։

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ նպատակ է դրել հասնել այն բանին, որ վերսկսվի Զելենսկու և Թրամփի միջև երկխոսությունը։

Կարդացեք նաև

Back to top button