
Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուր»-ի համար
Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցման շուրջ քննարկումները երկար տարիներ մնացել են խոստումների ու պլանների փուլում։ Սակայն այժմ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաստաթղթերը վերջնական փուլում են՝ փոխանցված Երևանի քաղաքապետի ստորագրմանը, ինչը կարևոր քայլ է դեպի շինարարության մեկնարկ։
Քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ ծրագրի ֆինանսավորումը ապահովված է, և շինարարությունը կսկսվի 2026 թվականին։ Նոր կայարանը, որը նախատեսվում է կառուցել «Թումո» կենտրոնի հարևանությամբ, ոչ միայն կբարելավի Աջափնյակի բնակիչների տրանսպորտային հնարավորությունները, այլև կմեծացնի մայրաքաղաքի մետրոյի ցանցի արդյունավետությունն ու հասանելիությունը։
«Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթն արդեն փոխանցվել է Երևանի քաղաքապետի ստորագրմանը, հաջորդից կուղարկվի համալիր փորձաքննության՝ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
«Աջափնյակի նախագծի հետ միաժամանակ ստորագրման է տրված նաև արդեն վերանայված հանրային ներդրումային ծրագիրը՝ կառավարության կողմից վերջնական հաստատման նպատակով և ֆինանսավորման բանակցությունները պաշտոնապես մեկնարկելու համար»։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ասում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման համար տեխնիկատնտեսական ուսումնասիրության և հայեցակարգի մասով մրցութային գործընթացի պայմանները համաձայնեցվել են մասնագիտական խմբի վերջին նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 17-ին։
Քաղաքապետն էլ առաջարկեց, որ ներդրումային կոմիտեի քննարկմանը ներկայացվեն և՛ «Աջափնյակի» և՛ «Սուրմալուի» նախագծերը։
Դեռ 2018 թվականին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էր իր նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ առաջին կետով ասում էր, որ Աջափնյակը կունենա մետրոյի նոր կայարան։
«Քանի որ մետրոն համարվում է աշխարհում ամենաէկոլոգիապես մաքուր տրնասպորտը մենք նույնպես զարգացնելու ենք այս ուղղությունը։ Նախատեսում ենք առնվազն մեկ կայարանի կառուցում Աջափնյակում՝ Թումոյի մոտ»։
Արդեն 2 տարի անց 2023-ին՝ դեռ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ էին վստահեցնում, որ Աջափնյակում կկառուցվի մետրոյի կայարան։
«Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ նախագծման աշխատանքներն այս փուլում ընթանում են։ Մենք առաջին փուլի նախագծման փաթեթը ստացել ենք։ Հաջորդ տարի ամբողջ նախագիծն ունենալու ենք և ուղղակի այսօր իրար հետ վերահաստատենք, որ կառուցելու ենք Աջափնյակի մետրոն, պարոն վարչապետ»։
Ավինյանի 2023-ի հայտարարությամբ՝ նախագծման աշխատանքները պետք է ավարտված լինեին դեռ 2024-ին, իսկ 2025-ին պետք է տրվեր շինարարության մեկնարկը։ Այդ շրջանում Ավինյանը նաև ընդգծել էր՝ գումարի խնդիր չկա․ մեջբերում 2023-ի նիստից․
«Համապատասխան ֆինանսավորում կա»։
Դրանից արդեն 1 տարի անց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հայտարարում է։
«Այստեղ ունենք նաև վճարման խնդիր և այդ վճարման խնդիրը կարծում եմ՝ պետք է հնարավորինս արագացնել, որովհետև տևական ժամանակ է, ընդհանուր առմամբ, աշխատանքներն ընդունել ենք, բայց ամբողջ ծավալով մեր վճարումներն ու պարտավորությունները չենք կատարել»։
Վերանայվել են նաև ծրագրի նախագիծն ու ժամկետները։ Ըստ այդմ՝ մետրոյի նոր «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կսկսվի 2026-ին։ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանի խոսքով՝ փորձաքննության վերջին փուլում ստացել են 40 հատոր փաստաթղթերի փաթեթ։
Նոր կայարանի կառուցման կառուցման համար անհրաժեշտ գումարը գնահատվում է մոտ 105 մլրդ դրամ, ևս 1.8 մլրդ դրամ կպահանջվի նախագծման աշխատանքներին համար։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով՝ 2025-ին բյուջեից փոխանցվել է անհրաժեշտ գումարի շուրջ 10 տոկոսը։
«Ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից։ Ուզում եմ նաև շեշտել, որ 2025 թվականի համար արդեն իսկ կառավարության կողմից 2025 թվականի ընդունված բյուջեում մոտ 9.6 մլրդ դրամ է հատկացվել մետրոպոլիտենի նախնական շինարարական աշխատանքների իրականացման համար»։
Մոտրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասն էլ ակնկալվբում է ստանալ ներդրող ընկերություններից։ Անուններ և կազմակերպություններ, սակայն, դեռ չեն նախանշվում։ Ըստ Տիգրան Ավինյանի՝ կառուցման վերջնաժամկետն ուղիղ կախված է նաև անհրաժեշտ ֆինանսավորումը գտնելուց։
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն նախագահ Արմեն Պողոսյանը թեման այլ տեսանկյունից է դիտարկում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում, ներկայացնում է սեփական գնահատումները, որոնց համաձայն՝ էլեկտրական տրանսպորտի շահագործումը նաև մայրաքաղաքի «գրպանի» վրա դրական կերպով կանդրադառնա։ Ներկրմամբ ձեռք բերվող բենզինի և դիզվառելիքի գումարները կտնտեսվեն, քանի որ կօգտագործվի տեղական արտադրության էլեկտրաէներգիան, որն, ասում է, երկիրն ավելցուկով է արտադրում։
«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը գնում է էլեկտրատրանսպորտի զարգացման ուղով։ Սերունդները մեզ չեն ների հապաղելու համար։ Եվ ամենակարևորը՝ մենք ունենք հոսանքի ավելցուկ․ մեր գեներացիոն հզորությունների 1/3-ն է օգտագործվում, բայց ներկրում ենք բենզին ու դիզվառելիք, որ «վազեն» մեր մեքենաները»։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ մետրոյի նոր կայարանի կառուցումը կտևի մինչև 5 տարի։ Հովհաննիսյանը հուսով է, որ ժամկետները չեն խախտվի։ Կայարանը տեղակայված կլինի «Թումո» կենտրոնի հարևանությամբ` Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում։ Շինարարությունը կարվի բաց տարածքում, փորվածքը կարվի վերևից, ինչը նկատելիորեն կնվազեցնի ոչ միայն շինարարության բարդությունը, այլև ֆինանսական արժեքը։




