ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բողոքի ակցիա Երևանում․ մասնակիցները կառավարությունից գործուն քայլեր են պահանջել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ

Այսօր, փետրվարի 28-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների։ Ակցիայի մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները, մասնավորապես, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի և Բաքվում ընթացող դատավարությունների վերաբերյալ։ Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես գա հրատապ հայտարարությամբ և հրավիրի Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին՝ քննարկելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների և պատանդների հարցը։

Այսօրվա ակցիայի մեկնարկից ժամեր առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ շարունակում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի վրա։

Ակցիայի մասնակիցները՝ հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների լուսանկարները պարզած՝ շեշտել են, որ Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումները պահանջում են միջազգային արձագանք և այդ առումով էլ Հայաստանի իշխանությունները պետք է անցնեն գործուն քայլերի.

«Այս կառույցն է՝ ՀՀ ԱԳՆ-ն, պատասխանատու Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Մենք պահանջում ենք, որ ԱԳՆ-ն հրավիրի Հայաստանում հավատարմագրված միջազգային բոլոր դիվանագետներին և ներկայացնի Բաքվում մեր հայրենակիցների նկատմամբ կատարվող ապօրինությունները՝ պահանջելով առարկայական քայլերի իրականացում այդ ուղղությամբ»։

Բողոքի ակցիայի ընթացքում ընթերցվեց նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, որը նա արել էր փետրվարի 19-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Նա ասել էր, որ իր նկատմամբ իրականացվող դատավարությունը խախտում է բոլոր իրավական նորմերն ու ընթացակարգերը։

«Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանում։ Ես լիարժեք հասանելիություն չունեմ մեղադրական եզրակացությանը, փաստաբանի իրավունքները սահմանափակվում են, և միջազգային իրավաբանական թիմս չի կարողանում շփվել ինձ հետ»,-հայտարարել էր Վարդանյանը։

Նա շեշտել էր, որ իր դատավարությունը միայն իր դեմ չէ, այլ «փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել և աջակից են եղել Արցախին»։ Վարդանյանը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով չլռել. «Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար»,- շեշտել էր Ռուբեն Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը, որ արդեն 10 օր է՝ հացադուլի մեջ է, վերջին դատական նիստում հյուծված տեսք է ունեցել, դեմքին տեսանելի են եղել խոշտանգումների հետքեր։ Նրա փաստաբանները հայտնել են, որ Վարդանյանի առողջական վիճակը շարունակում է վատանալ։ Փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել է, որ Վարդանյանի առողջությունը վտանգված է, և նա մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։ Փաստաբանը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Բաքվի ցուցադրական դատավարությունը և պահանջել, որ միջազգային կազմակերպությունները այցելեն Վարդանյանին՝ գնահատելու նրա առողջական վիճակը։

Հարցին այսօր անդրադարձել է նաև ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը. «Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության նկարները։ Դուք այսօր տեսել եք ԱԳՆ-ի հայտարարությունը։ Ամբողջ ընթացքում ՀՀ կառավարությունը օգտագործել է բոլոր այն գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել։ Լուծումն այն է, որ բոլոր գերիները ազատվեն։ Այսինքն՝ այս պահին հաստատված 23 գերիները վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր գերիները։ Շատ ջանքերի մասին հրապարակային շատ դժվար կլինի խոսել»։

Այսօրվա ակցիայի մեկնարկից ժամեր առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ շարունակում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի վրա։ Գերատեսչությունը խորը մտահոգություն է հայտնել 23 հայ ռազմագերիների նկատմամբ ընթացող չակերտավոր «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումների կապակցությամբ։ Նշվում է, որ այդ անձանց նկատմամբ խոշտանգումների և առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները մտահոգիչ են։ ԱԳՆ-ն ընդգծել է, որ նման գործելաոճը վկայում է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտման մասին։

Ակցիայի մասնակիցները, սակայն, արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են կոնկրետ գործողություններ։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, մասնավորապես, ընդգծեց, որ միայն հայտարարություններով հարցը չի լուծվի.

«Այդ հայտարարությունը վերաբերում է միայն մտահոգությանը։ Մտահոգվելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները։ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ արտգործնախարարությունը ոչ թե պետք է մտահոգվի, այլ գործողություններ պետք է իրականացնի»։

Հայաստանի ԱԳՆ-ն պետք է ոչ միայն բարձրացնի հարցը միջազգային հարթակներում, այլև պահանջի, որ միջազգային կառույցները պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ։ Ակցիայի մասնակիցների պահանջներից մեկն էլ ձևակերպեց նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը.

«Մտահոգություն հայտնելը բավարար չէ։ Գործուն քայլեր են պետք։ Գործուն քայլերից մեկը՝ դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները մինչ այն պահը, երբ որ ազատ կարձակվեն բոլոր ռազմագերիները»։

Ակցիայի անունից հնչած տվյալ առաջարկին լրագրողների հետ զրույցում ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսպես է այսօր արձագանքել.

«Այդպիսի առաջարկությունները, ես չգիտեմ, ինչպե՞ս են գնահատել այդ մարդիկ, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենալու, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքները մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել»։

2022-ի հոկտեմբերին և 2023-ի դեկտեմբերին գերիների վերադարձման փորձն է հիշեցրել Գրիգորյանը՝ շեշտելով, որ դա տեղի է ունեցել «նաև բանակցային գործընթացների ընթացքում»։

«Դրանք շարունակական գործընթաց են և, մեր գնահատականով, պետք է շարունակել օգտագործել այն գործիքները, որոնք մենք հիմա օգտագործում ենք, որպեսզի այդ հարցին փորձենք լուծում գտնել։ Բոլոր հնարավոր ուղղություններով աշխատում ենք»։

Այսօրվա ակցիայի մասնակիցները, մինչդեռ, շեշտել են, որ կոնկրետ արդյունքներ են ուզում տեսնել։ Նրանք երթով շարժվել են նաև դեպի ՀՀ կառավարության շենք, որից հետո՝ ակցիան շարունակվել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

Կարդացեք նաև

Back to top button