Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում փետրվարի 28-ին Վաշինգտոնում նախատեսված՝ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հանդիպումն է։ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ լավատես է և հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրը արագ կկնքվի։
Ուկրաինական խնդրի կարգավորման ուղղությամբ համաձայնություն ձեռք կբերվի կամ շատ արագ, կամ ընդհանրապես ձեռք չի բերվի, հայտարարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ Տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Թրամփն ասել է, որ ուկրաինական խնդրի կարգավորման գործում մեծ առաջընթաց է գրանցվել, և նկատելի է արագընթաց տեմպը։
«Կարծում եմ՝ կունենանք հաջողված խաղաղության համաձայնագիր։ Այն կլինի կայուն խաղաղություն։ Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա շատ արագ։ Եթե այն տեղի չունենա արագ, հնարավոր է՝ ընդհանրապես տեղի չունենա»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ, պատասխանելով լրագրողների հարցին՝ ե՞րբ է Մեծ Բրիտանիան նախատեսում ցամաքային և օդային ուժեր ուղարկել Ուկրաինա՝ հակամարտության կարգավորման շրջանակներում խաղաղություն ապահովելու համար, ասել է, որ մինչ այդ դեռ հստակ քայլեր կան անելու այդ ուղղությամբ։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիան պատրաստակամություն էր հայտնել մոտ 30 հազար զինվորական ուղարկելու Ուկրաինա՝ անվտանգություն ապահովելու համար․
«Շատ արդյունավետ երկխոսություն տեղի ունեցավ մեր միջև այդ առումով։ Նախագահը ճիշտ է, նախ՝ պետք է համաձայնագիրը ստորագրվի, հետո արդեն անվտանգության երաշխիքների թեման քննարկվի»։
Վաշինգտոնն ու Կիևը պայմանավորվել են Ուկրաինայի օգտակար և հազվագյուտ հանքային ռեսուրսների գործարքի շուրջ, օրեր առաջ վստահեցրել էր ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ Նա հույս էր հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ կստորագրվի համաձայնագիրը, քանի որ գործարքին առնչվող բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են ստորագրելու համար։
Լրագրողի այն դիտարկմանը, թե փորձագետները պնդում են, որ տասնյակ տարիներ են հարկավոր հետազոտությունների համար, ԱՄՆ նախագահն այսպես է արձագանքել․
«Մենք նախ՝ պետք է համապատասխան հետազոտություններ իրականացնենք Ուկրաինայում։ Մեզ անհրաժեշտ են այդ հազվագյուտ հանքային մետաղները, մենք լուրջ հետազոտություն կանցկացնենք։ Կարծում եմ, որ կկարողանանք դա համեմատաբար շուտ անել։ Իհարկե չգիտենք ինչի կբախվենք, բայց այդ ուղղությամբ կաշխատենք, և դա օգտակար կլինի երկու երկրների համար էլ»։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել էր ստորագրել Ուկրաինայում հազվագյուտ հողային հանքանյութերի և այլ օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագիրը ԱՄՆ հետ, դա հիմնավորելով Ուկրաինայի համար կարևոր համարվող անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ։
Թրամփը, սակայն, պնդում է, որ ԱՄՆ մեծ գումարներ է ծախսել ուկրաինական պատերազմի վրա, և հիմա այդ հսկայական միջոցները պետք է հետ ստանա օգտական հանածոների տեսքով։
Ուկրաինական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ եթե Վաշինգտոնն ու Կիևը համաձայնագիր կնքեն, ապա առաջին քայլը պետք է լինի ներդրումային հիմնադրամի ստեղծումը։
Ի դեպ՝ բրիտանացի որոշ փորձագետներ կարծիք էին հայտնել, որ ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների արժեքը Միացյալ նահանգները գերագնահատում է։
Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, Ուկրաինայում առկա է օգտակար հանքանյութերից միայն մեկը։ Այնտեղ միայն սկանդիումի փոքր հանքեր կան։ Իսկ հազվագյուտ հողային մետաղների պաշարներով հարուստ են Չինաստանը, Վիետնամը, Բրազիլիան և Ռուսաստանը։




