ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

82 զինծառայողի մասունք դեռևս չի հուղարկավորվել, հարազատները չեն ընդունում ԴՆԹ փորձաքննության արդյունքները

Դիահերձարաններում դեռևս պահվում են 44-օրյա պատերազմում զոհվածների նույնականացված տասնյակ մասունքներ: Շատ ծնողներ ու հարազատներ, սակայն, հրաժարվում են դրանք ստանալ ու հուղարկավորել։ Ասում են, որ չեն հավատում փորձաքննության արդյունքներին ու սպասում են իրենց որդիների վերադարձին։

44-օրյա պատերազմից անցել է արդեն 4,5 տարի, բայց դիահերձարաններում դեռևս կան չհուղարկավորված մասունքներ։ Փորձաքննությամբ դրանք նույնականացվել են, պարզվել է արյունակցական կապը, հայտնի են ծնողները, հարազատները։ Սակայն շատ ծնողներ հրաժարվում են ստանալ այդ մասունքներն ու հողին հանձնել։ Ասում են, որ չեն վստահում ԴՆԹ փորձաքննության արդյունքներին։

Իրավիճակը ներկայացնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը․

«Ագրեսիայի հետևանքով զոհված 82 զինծառայողների հարազատներ հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները։ 2024 թ-ի դեկտեմբերից մինչ այս տարվա փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքի արդյունքում 6 զինծառայողների հարազատներ ընդունել են նրանց զոհվելու փաստը ու կատարել հուղարկավորություն»։

Տիկին Գոհարը 44-օրյա պատերազմում զոհված այն զինծառայողների մայրերից է, որոնք չեն ընդունում փորձաքննության արդյունքները։

«Չեմ հավատում, ես սպասում եմ իմ որդուն»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես անդրադառնում է այդ խնդրին․

«Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են։ Միջգերտեսչական հանձնաժողովի խմբի շրջանակներում ամեն մեկն իր լիազորությունների մասով աշխատանքներ տանում է։ Այս գործընթացը հնարավորինս մեղմ, ճիշտ ․․․ բոլոր հանգամանքները հաշվի ենք առնում, որպեսզի կարողանանք, ի վերջո, բոլոր աճյունները հուղարկավորել»։

Դիահերձարաններում պահվող բոլոր 82 աճյունները փորձաքննություն անցել են նաև Հոլանդիայում, ասում է նախարարը։

«Բոլոր դեպքերն այդպիսին են։ Այստեղ արված բոլոր ներպետական փորձաքննությունների արդյունքները և արտերկրում իրականացված փորձաքննությունների արդյունքները համընկնում են իրար հետ։ Բայց դրա արդյունքներում, ինչպես ասեցի, աշխատանքները հարազատների հետ շարունակվում են» ։

Պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը դեռ 2023 թ-ին լրագրողների հետ զրույցում ասել էր․ «44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն հավատում այդ պատասխաններին և չեն վերցնում մասունքները, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում»։

Արդյո՞ք արդեն կան հուղարկավորված մասունքներ։ «Ռադիոլուրի» այս հարցմանն ի պատասխան ՊՆ-ից տեղեկացրին, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքներ, որոնք նույնականացվել են, սակայն ընտանիքի անդամները նույնականացման փաստը չեն ընդունել, այս պահի դրությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չեն հուղարկավորվել։

Կարդացեք նաև

Back to top button