
Հայաստանն Ադրբեջանից ստացել է Խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, սա վկայում է այն մասին, որ գործընթացը փակուղում չէ` ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ հիմա Հայաստանը պետք է իր առաջարկները ներկայացնի:
Փաշինյանի խոսքով՝ պայմանագրի նախագծում կան չհամաձայնեցված կետեր, որոնց շուրջ աշխատանքը պետք է շարունակել: «Օրինակ, 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, 2-ը դեռ քննարկման փուլում են»,-նշել է նա:
Անդրադառնալով չհամաձայնեցված երկու հոդվածներին՝ Փաշինյանը նշել է, որ դրանցից առաջինը վերաբերում է սահմանի երկայնքով 3-րդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և դիվանագիտական այլ վեճերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:
«Եթե Ադրբեջանն ընդունի, արդեն կնշանակի, որ պիտի գործնականացնենք և թղթին տանք, ստորագրենք։ Եթե համաձայնեցված է, կարող ենք ժողովրդին, հանրությանը և մեր լրատվամիջոցներին ավելի բաց ներկայացնել, կամ եթե մերժված է, այդ մերժման բերումով կարող ենք ավելի բաց ներկայացնել, թե ինչ առաջարկ էինք մենք անում։ Բայց իրականում հույս ունեմ, որ այդ առաջարկը կընդունվի, որովհետև, դե էլի եմ ասում առաջարկ չի, դա հարցի լուծում է»,-ասել է վարչապետը։
Պատասխանելով տարածաշրջանային հաղորդակցությանը վերաբերող հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը երբեք չի համաձայնել որևէ փաստաթղթի, որը սահմանափակում է իր ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ ապաշրջափակման գործընթացը պետք է լինի հավասար իրավունքներով ու պայմաններով:
Փաշինյանի խոսքով՝ առաջարկվող լուծումները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և իրավահավասարության վրա:
«Հայաստանի Հանրապետությունը երբեք, ոչ մի անգամ, ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթով ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չի պարտավորվել, չի համաձայնել, չի ընդունել, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կարող է նսեմացվել, կամ որևէ ձևով կարող է սահմանափակվել»,- նշել է Փաշինյանը։
Ըստ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հանդիպմանը քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ:




