
Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ հանդիպումները շարունակվում են։ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահները Վաշինգտոնում քննարկել են Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու, ինչպես նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունները։ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ առաջիկա օրերին հնարավոր է հանդիպում Ուկրաինայի նախագահի հետ՝ Վաշինգտոնում։
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով ռուս-ամերիկյան երկրորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 25-ին, կրկին Էր-Ռիադում․ արևմտյան դիվանագիտական աղբյուրներին հղումով գերմանական Die Zeit պարբերականն այսպիսի տեղեկություն էր տարածել, որը սակայն, ժամեր անց հերքեց ՌԴ ԱԳՆ-ը։ Պաշտոնական հաղորդագրությամբ ասվում էր․«Փետրվարի 25-ին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ ոչ մի հանդիպում տեղի չի ունենում»։
Առաջին հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ կայացել էր մոտ մեկ շաբաթ առաջ՝ առանց ԵՄ և Ուկրաինայի։ Հաջորդ հանդիպումն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, տեղի կունենա Արտաքին գործերի նախարարությունների մակարդակով՝ փորձագիտական շրջանակների միջև շփումների տեսքով։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Պեսկովը հորդորել է ավելի հստակ տեղեկություններ ստանալու համար դիմել Արտաքին գործերի նախարարություն։ Սպասվող հանդիպումն, ըստ էության, կայանալու է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպումից հետո, որի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնություն կարող է ձեռք բերվել առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից ։
Ըստ այդմ՝ ԱՄՆ նախագահի համար կարևոր է առաջին հերթին շուտափույթ հրադադարը։ Մինչդեռ Ֆրանսիայի նախագահը շեշտել է Ուկրաինայում անվտանգության երաշխիքների կարևորությունը։
«Սա շատ կարևոր պահ է ողջ Եվրոպայի համար, և ես խոսել եմ իմ բոլոր գործընկերների հետ։ Խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են նման գործարքի մաս կազմել, անվտանգության երաշխիքներ տրամադրել այս կամ այն ձևով»։
Ֆրանսիայի նախագահը հստակեցրել է, որ եվրոպական երկրները պատրաստ են Ուկրաինայի անվտանգության ապահովման բեռը համատեղ ստանձնել։
«Ես այստեղ եմ՝ որպես գործընկեր։ Խաղաղությունը չի կարող լինել առանց անվտանգության երաշխիքների: Այն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունը՝ Ուկրաինային հնարավորություն տալով բանակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ իրեն վերաբերող բոլոր հարցերի շուրջ»։
Մակրոնը, սակայն, հստակեցնում է, որ եթե Մոսկվան խախտի խաղաղության պայմանագիրը՝ գործ կունենա բոլոր այն երկրների հետ, որոնք մասնակցել են բանակցություններին:
Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ խնդիր չի տեսնում Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու հարցում և Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է՝ մի քանի շաբաթում վերջ դնել պատերազմին։ Նա նաև ասել է, որ առաջիկայում հնարավոր է՝ հանդիպի Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ․
«Ես պետք է հանդիպեմ նախագահ Զելենսկիի հետ, այս շաբաթ կամ մյուս շաբաթ, այստեղ՝ Սպիտակ Տանը և ստորագրել թանկարժեք հանածոների հետ կապված գործարքը, քանի որ ՄՆ-ն ու Ուկրաինան բավականին մոտ են վերջնական համաձայնության հասնելուն»։
Սպիտակ Տան ղեկավարը նաև ասել է, որ պատրաստ է հարմար պահի այցելել Մոսկվա, սակայն դեռ վաղ է խոսել մայիսի 9-ին Ռուսաստան գնալու մասին։
«Չգիտեմ, թե երբ կհանդիպեմ Ռուսաստանի նախագահի հետ, բայց վաղ թե ուշ՝ դա տեղի կունենա»։
Թրամփը նաև վստահեցրել է, որ թույլ չի տա, որ ուկրաինական ճգնաժամը վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի, և դա առաջնահերթություն է ԱՄՆ վարչակազմի համար։
Անդրադառնալով Թրամփ-Մակրոն հանդիպմանը The Guardian-ը գրում է, որ Մակրոնը չի կարողացել փոխել Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։ Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա վերջին սպասվում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի այցը Վաշինգտոն։




