Հասարակություն

Սպասված ձյան առաջացրած անսպասելի խնդիրները․ քաղաքապետարանում գտել են մեղավորներին

Քաղաքապետարանը ձյանը սպասում էր՝ այսօր վստահեցրել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ շեշտելով տեխնիկայի՝ պատրաստ, անձնակազմի՝ մոբիլիզացված լինելու կարգավիճակը։ Ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել է 38 մասնագիտացված մեքենա-մեխանիզմ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, վարչական շրջանների, աղբահանության և սանիտարական մաքրման ստորաբաժանումների ընդհանուր 80 միավոր տեխնիկա և 300-ից ավելի աշխատակից։ Խափանումներն ու խնդիրները, սակայն, շրջանցել չի հաջողվել։

Ճիշտ չէ, ազիվ չէ ասել, որ քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքներին պատրաստ չէր՝ ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ քաղաքացիներին խորհուրդ տալով չթերագնահատել գիշեր-ցերեկ աշխատած մարդկանց ջանքը։ Նրա խոսքով, սակայն, սպասելի առատ տեղումները անսպասելի խնդիրներ առաջացրել են։

«21-ի լույս 22-ի գիշերն ունեցել ենք դժվարություն մայրաքաղաքում։ Օբյեկտիվորեն պետք է ասեմ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով 4 ժամ տևողությամբ՝ 21-ի ժամը 18։00- 22։30, ունեցել ենք խցանումներ, դժվարանցանելի փողոցներ։ Պատճառները եղել են ձյան առատ տեղումները, որ կտրուկ փոխվեց եղանակը, ինչպես նաև խցանումների պատճառով տեխնիկան չկարողացավ ժամանակին հասնել փողոցներ»։

Համակարգը պատրաստ էր՝ վստահեցնում է Արեյանը, բայց և անմիջապես ավելացնում՝ Արաբկիր վարչական շրջանի բարձրադիր կետում՝ պահեստում, տեխնիկական խափանում է եղել, ինչը 2 ժամով ուշացրել է տեխնիկայի շարժը և էական ազդեցություն ունեցել հատկապես Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մաքրման աշխատանքների վրա։

«Այնուամենայնիվ, չնայած դժվարությունենրին, հաղթահարվել է այն կեսգիշերին, շարունակվել են ախատանքները հաջորդ օրերին։ Առաջին փուլում մաքրվել են հիմնական փողոցները, հաջորդ օրվանից մաքրվել ու մշակվել են երկրորդային փողոցները, ունեցել ենք որոշակի ուշացումներ մասնավոր տնատիրություններով տեղակայված թաղամասերում»։

Փնտրելով մեղավորներին․ վարորդներն անպատասխանատու են, ԱՊՊԱ-ն՝ դանդաղ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ձնամաքրման աշխատանքների ուշացման համար այլ մեղավորներ է նշում․ խցանումները շատ էին, տեխնիկան չէր կարողանում հասնել նախանշված վայրեր։ Մեղավորը՝ անպատասխանատու վարորդներ, դանդաղ աշխատող ԱՊՊԱ համակարգ։

«Մենք ձյան տեղումների մասին խոսել ենք բազմիցս, զգուշացրել ենք դրանց մասին, ու խցանումների առաջացման երևի 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաներով և ԱՊՊԱ-ներով։ ԱՊՊԱ-ներն առաջանում էին հիմնականում էն ավտոմեքենաների մոտ, որոնք ամառային անվադողերով էին դուրս եկել, չնայած ասում եմ՝ այլևս տեղ չէր մնացել, որտեղով հայտարարություն չտարածվեր, որ Երևանում առատ տեղումներ են լինելու հենց այդ օրը։ Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարգի տրամաբանությունն է, որովհետև եկեք թեթև իրար քսելու պատճառով ժամերով սպասենք, ստեղծենք կիլոմետրանոց հերթեր, և մարդիկ մեղավոր չեն․ այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է»։

«Ռադիոլուր»-ը զրուցել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հետ՝ պարզելու այս որակման մասին վերջինի գնահատականը։ Համարում է, որ քաղաքում աղետ էր այս համակարգի բացակայության ժամանակ։

«Երբ ԱՊՊԱ համակարգ չկար, հատկապես Երևան քաղաքում, որտեղ միշտ տեղի էր ունենում պատահարների մեծամասնությունը, իրոք աղետ էր։ Հիմա մարդիկ, ըստ էության, գիտեն իրենց գործողությունների հաջորդականությունը, իհարկե, ինչ–որ ժամանակ տևում է մինչև իջնում են, նայում են, պատկերացնում են` կարիք կա՞ ոստիկան հրավիրեն, թե՞ ինքնուրույն կարգավորեն։ Երբ վնասը մեծ չի, ինչպես նշում են՝ քսվում են, ինչ-որ թեթև բան է լինում, էդ ժամանակ ոստիկանություն չեն հրավիրում, համաձայնեցված հայտարարագիր են կնքում ու ազատում են տարածքը, որը համեմատաբար արագ է տեղի ունենում»։

Եթե պատահարը գրանցվել է, ապա հարցը քննելու համար որոշակի ժամանակ հատկացնելը անհրաժեշտություն է՝ ասում է Վաղինակ Եղիազարյանը չհասկանալով՝ ինչպե՞ս կարելի է վարորդներից պահանջել անհապաղ լքել տարածքը և ակնկալել, որ վեճն արդար լուծում կունենա։ Այնուամենայնիվ վստահեցնում է՝ գործընթացի ժամկետը ողջամտորեն կրճատելու ջանքեր գործադրվում են։

Տարբեր պատկերներ՝ քաղաքապետարանի ու ՆԳՆ-ի վիճակագրություններում

Անդրադառնանք ձնամաքրման աշխատանքներին խոչընդոտող մյուս մեղավորներին՝ առանց ձմեռային անվադողերի երթևեկող վարորդներ։ Տիգրան Ավինյանն ասում է՝ վթարների մոտ 80 տոկոսը տեղի են ունեցել հենց այս պատճառով։ Հաստատում է Կամո Արեյանը։

«Ամենօրյա կապի մեջ ենք եղել պարեկային ծառայության ղեկավարի հետ։ Իրենց վիճակագրությամբ՝ արձանագրված վթարների գրեթե կեսը եղել է անվադողերի պատճառով, ընդ որում՝ իրենք արձանագրել են, որ մաշված եղել են նաև ձմեռային սեզոնի անվադողերը, որոնք այս պայմաններում ամենամեծ խոչընդոտն են եղել երթևեկի ւամար»։

Ներքին գործերի նախարարությունից, սակայն, «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝ փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ Նույն ժամանակահատվածում Երևանի պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են մաշված ձմեռային անվադողերով։

Այս տվյալները միայն ՆԳՆ պարեկային ծառայության բազայից են։ Այս ցուցանիշի մեջ ներառված չեն այն դեպքերը, երբ, վարորդները, օրինակ, ՃՏՊ-ի դեպքում որոշել են չդիմել իրավապահներին և խնդիրը լուծել են երկկողմ փոխհամաձայնությամբ։

Ի հեճուկս մեղավորների ու խոչընդոտների․ աշխատանքները շարունակվում են

«Լրջագույն վերակառուցում պիտի իրականանցնել հիմարկում, հիմնարկի շարժակազմը բազմաֆունկցիոնալ տեխնիկայի տեսանկյունից բավարար չէ նման իրավիճակներում աշխատանք կատարելու համար, մենք պետք է հիմարկը համալրենք տարբեր տրամաչափի բազմաֆունկցիոնալ մեքենաներով, որ կարողանանք տարբեր ռելիեֆային հարթություններում գտնվող և տարբեր թողունակություն ունեցող փողոցները մաքրել»։

Թեև քաղաքապետարանում վստահեցնում են՝ քաղաքի փողոցները անցանելի դարձնել-պահելու աշխատանքները շարունակվում են առավելագույն ինտենսիվությամբ, միևնույն ժամանակ իրենք էլ փաստում են՝ խնդիրներից խուսափելու համար լրացուցիչ տեխնիակակն համալրման անհրաժեշտության կա։

Կարդացեք նաև

Back to top button