Երեք տարի առաջ փետրվարի 24-ին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ ԵՄ երկրներում հիշել են այս օրը։ Միության անդամ երկրների առաջնորդներն ու ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու թեման հենց Կիևում ու Բրյուսելում։
Ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցի օրը Եվրոպական մի շարք կառույցների ու երկրների ղեկավարներ ժամանել են Կիև՝ Ուկրաինային համերաշխություն հայտնելու և խոստանալու, որ հետագայում ևս աջակցելու են, տեղեկացնում է Reuters-ը։
Կիև են ժամանել Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, նաև ԵՄ 13 երկրների ղեկավարներ ու կառավարության անդամներ, ևս 24 առաջնորդներ համաժողովին կմիանան տեսակապով։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանելով Կիև, X-ում գրել է՝ «Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման համար այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Դա Եվրոպայի ճակատագիրն է»։
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն 3,5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ է տրամադրում Կիևին, որը տեղ կհասնի մարտին։ Նա նշել է, որ մինչ այժմ ԵՄ-ն և անդամ երկրները Ուկրաինային տրամադրել են 134 միլիարդ եվրոյի օգնություն։ Ֆոն դեր Լայենը շեշտել է, որ «դա ավելին է, քան որևէ այլ մեկի տված օգնությունը», այսպիսով հակադրվելով ԱՄՆ նախագահ Թրամփի այն հայտարարությանը, որ Վաշինգտոնն ավելի մեծ օգնություն է տրամադրել Կիևին, քան ԵՄ-ն։
Բրյուսելում էլ ԵՄ երկրների արտգործնախարարների նիստից առաջ, ըստ Reuters-ի, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ը առայժմ չի դիտարկում Ուկրաինա եվրոպական խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը, այլ քննարկում է անվտանգության երաշխիքների հարցը՝
«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային այսօր ավելի, քան՝ երբևէ։ Մենք քննարկում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։
Պատժամիջոցների յուրաքանչյուր փաթեթ Կրեմլին զրկում է պատերազմ վարելու միջոցներից։ Ռուսական ագրեսիան դադարեցնելու բանակցությունների պայմաններում մենք պետք է Ուկրաինային դնենք հնարավորինս ամուր դիրքերի վրա»։

ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցների ցուցակը համաձայնեցվել է 48 ֆիզիկական անձանց և 35 կազմակերպությունների համար, որոնք «պատասխանատու» են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող գործողությունների համար։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լայնածավալ փաթեթ է ներկայացրել նաև Լոնդոնը, հայտնում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին, հստակեցնելով, որ դրանք ուղղված կլինեն այդ երկրի եկամուտների կրճատմանը:
Նախօրեին Եվրոպական մի շարք երկրներում, հաջակցություն Կիևի, ցույցեր են տեղի ունեցել։

Մինչ ԵՄ երկրների առաջնորդները Կիևում են, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Վաշինգտոնում փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական աջակցություն տրամադրել Եվրոպական խաղաղապահներին, որոնք պատրաստվում են տեղակայվել Ուկրաինայում՝ հնարավոր համաձայնագրի կնքման պարագայում։
Reuters-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Թրամփին կներկայացնի մոտ 30 հազար զինվորական Ուկրաինայում տեղակայելու ծրագիրը։
Telegraph-ի դիվանագիտական աղբյուրներն էլ նշում են, որ Սթարմերը պնդելու է, որ ամերիկյան կործանիչներն ու հրթիռները ևս տեղակայվեն Արևելյան Եվրոպայում և պատրաստ լինեն, եթե Ռուսաստանը խախտի հրադադարը: ԱՄՆ-ը, սակայն, մտադիր չէ զորք ուղարկել Կիև։
Սպիտակ տան տեղեկություններով Մակրոնի և Թրամփի հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին։

Այս շաբաթը, ամենայն հավանականությամբ, հագեցած կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ քննարկումներով։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարում է, որ այս շաբաթ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները նախատեսում են հերթական անգամ հանդիպել։
Նախորդ նման հանդիպումը կայացել էր մոտ մեկ շաբաթ առաջ։ Ավելի վաղ, մոտ երկու շաբաթ առաջ էլ կայացել էր Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը։ Անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-Ուկրաինա փոխադարձ մեղադրական հայտարարությունների պակաս չկար։ ԱՄՆ նախագահ Թրամփը Ուկրաինայի նախագահ Զելենսկիին անվանեց բռնապետ, պնդելով, որ Ուկրաինայում նախագահական նոր ընտրություններ անցկացվեն։
Ի պատասխան՝ Զելենսկին Թրամփին «ռուսական ապատեղեկատվության զոհ» անվանեց։ ABC-ի հարցին ի պատասխան, ավելի ուշ, Զելենսկին նաև հստակեցրեց, որ պատրաստ է հրաժարվելու նախագահի պաշտոնից հանուն խաղաղության, բայց նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց։
Զելենսկին համամիտ չէ նաև Թրամփի այն դիտարկման հետ, որ Ուկրաինան ԱՄՆ-ին 500 միլիարդ դոլար է պարտք ռազմական օգնության դիմաց, որը Վաշինգտոնը տրամադրել է Կիևին։
Ըստ նրա՝ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 100 մլրդ դոլարի օգնություն, ոչ թե 350 միլիարդի։
«120 միլիարդ՝ Ուկրաինան, 100 միլիարդ՝ Եվրոպան և գործընկերները, 100 միլիարդ՝ ԱՄՆ։ Ո՛չ 500, ո՛չ 300 և ո՛չ էլ 700»,- պնդում է Ուկրաինայի նախագահը, հստակեցնելով, որ Բայդենի հետ պայմանավորվել էր, որ ամերիկյան օգնությունը դրամաշնորհ է, ոչ թե պարտք։

Պատերազմի առաջացրած ծանր կորուստների մասին էլ զեկույց է պատրաստել ՄԱԿ-ը։ Այդ կազմակերպության Մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելության ղեկավար Դանիել Բելլը հայտնում է, որ 2022-ի փետրվարից ի վեր Ուկրաինայում ավելի քան 12 600 քաղաքացիական անձ է զոհվել, մոտ 29 400-ը վիրավորվել են։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2024 թվականին 2023-ի համեմատ զոհերի թիվը 30%-ով աճել է, պայմանավորված՝ ռուսական կողմի ավիահարվածների և հրթիռային հարձակումների ակտիվացումով։
Անդրդառնալով ՄԱԿ-ի զեկույցին՝ DW-ն հաղորդում է, որ Ուկրաինայում մոտ 139,000 քառակուսի կմ տարածք վտանգավոր է ականների և չպայթած զինամթերքի առկայության պատճառով։
Ուկրաինական կողմն էլ իր հերթին հստակեցնում է, որ հազվագյուտ մետաղների գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են։
Համաձայնագրով՝ Միացյալ Նահանգնրին ուկրաինական օգտակար հանածոների, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների արդյունահանման իրավունք կտրվի՝ պատերազմի երեք տարիներին ԱՄՆ տրամադրած օգնության դիմաց:

Ուշագրավ է Թուրքիա այցից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հայտարարությունը, որ ինքը պատրաստ է ընդունելու թուրք զինվորականներին որպես անվտանգության երաշխավոր ուժեր։ Քաղաքագետ Արա Պողոսյանը այս առումով Ֆեյսբուքում գրում է, որ Թուրքիան կարծես, թե հաջողում է ի հաշիվ ուկրաինական ողբերգության, դառնալ ո’չ թե տարածաշրջանային տերություն, այլ գլոբալ տերություն, որը ազդեցություն ունի գրեթե բոլոր հակամարտող գոտիներում` Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Աֆրիկա, Հյուսիսային Աֆրիկա, Միջին Ասիա, Աֆղանստան, Պակիստան, ինչը ազդեցության հսկայական տարածք է՝
«Եվրասիական շախմատային տախտակի վրա գնալով ընդգծվում է Թուրքիայի դերը և հարցն այն է, թե սիրիական, արցախյան ֆիասկոյից հետո արդյո՞ք Ռուսաստանը կհամաձայնի Ուկրաինայում տեսնել թուրքական ազդեցություն»,- ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Քաղաքագետը տարակուսում է՝ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է կիսելու ազդեցությունը Թուրքիայի հետ։ Ըստ Պողոսյանի՝ շախմատային այս պարտիան թերևս լինելու է ուկրաինացի ժողովրդի արյան և ապագայի հաշվին։




