Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնչառական նոպա է ունեցել, նրան արյան փոխներարկում են արել, հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:
«Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկարատև ասթմատիկ շնչառական նոպա է ունեցել: Արյան անալիզը ցույց է տվել նաև անեմիայի հետ կապված թրոմբոցիտոպենիա, ինչը պահանջում էր արյան փոխներարկում»,- ասվում է հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ Հռոմի պապն օրն անցկացրել է բազկաթոռին, թեև նախորդ օրվա համեմատ ինքնազգացողությունն ավելի վատ է եղել։
Մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 14-ին 88-ամյա Ֆրանցիսկոս պապն այցելել էր Հռոմի «Gemelli» կլինիկա՝ հետազոտություն անցնելու և բրոնխիտի բուժումը շարունակելու համար։ Ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։




