
Արդեն երկու տարի է՝ Արմավիրի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը՝ ապահովելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը: Նախակրթական հաստատություններում երեխաների ներառվելուն աջակցում են հոգեբան, լոգոպեդ և Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի բազմամասնագիտական թիմը: Սակայն, մասնագիտական որոշ դիտարկումներով, նրանց կարիքն ավելի մեծ է։
Արմավիր համայնքի 13 մանկապարտեզից միայն 5-ն ունի հոգեբան ու հատուկ մանկավարժ: Համայնքի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Աֆրիկյանը բացատրում է, որ այդ մասնագետները հիմնականում աշխատում են մեծաթիվ երեխաներ ունեցող մանկապարտեզներում:
«Մեր բոլոր մեծ մանկապարտեզներում՝ թիվ 9-ում, որտեղ այս պահին 190 երեխա ունենք, թիվ 8-ում, որտեղ կա 170 երեխա, թիվ 4-ում՝ 250 երեխա, հաստիքացուցակով մենք նախատեսել ենք հոգեբան և լոգոպեդ: Իսկ փոքր մանկապարտեզներում դրա սուր կարիքը չկա, որովհետև Արմավիրում կա տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ ՏՄԱԿ-ը, որն աշխատում է խնդիրներով երեխաների հետ»:

Կրթական հաստատություններում հոգեբանի գործառույթը մեծապես կարևորվում է, քանի որ նա դիտարկում է երեխայի վարքը, առանձնահատկությունները, բացահայտում դժվարություններն ու անհատական աշխատանքով օգնում ներառվել պարապմունքներին:
Զրուցակիցս հոգեբան է, երեխաների հետ աշխատելու երկարամյա փորձ ունի, բայց չցանկացավ ներկայանալ:
«Նախադպրոցական ոլորտում երեխան գտնվում է ճգնաժամային երեք փուլում, հոգեբանի դերն այս առումով ընդգծվում է, և բոլոր մանկապարտեզներին անհրաժեշտ են հոգեբաններ: Քանի որ նախադպրոցական ոլորտն անցել է համընդհանուր ներառական կրթության, մենք բոլոր մանկապարտեզներում ունենք կարիքը գնահատված երեխաներ: Բայց հուզական ոլորտը չի գնահատվում, ինչը շատ կարևոր է, և մասնագետը խիստ անհրաժեշտ է»:
Նախադպրոցական հաստատություններում կարևորելով նաև հատուկ մանկավարժի՝ լոգոպեդի դերը, զրուցակիցս ընդգծում է.

«Հիմա մի շրջանում ենք, երբ գաջետները խանգարում են, որ երեխան ունենա պարզ խոսք, հաղորդակցման հմտություն: Լոգոպեդը դրանք ապահովում է»:
Համընդհանուր ներառումը խնդիրներ ունեցող շատ երեխաների է օգնել՝ ստանալու նախադպրոցական կրթություն, զարգացնելու հմտությունները: Սակայն դեռ բոլորին չէ, որ աջակցությունը հասանելի է։ Համայնքապետարանի կրթության պատասխանատու Լիլիթ Աֆրիկյան.
«Այս պահին մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից գնահատված երկու երեխա, բայց ես չեմ ասի, որ մեզ մոտ թիվն այդքանն է: Քանի որ նախադպրոցական կրթությունը պարտադիր չէ, ծնողները շատ դեպքերում խուսափում են խնդիրներ ունեցող երեխաներին բերել մանկապարտեզ»:
Լիլիթ Աֆրիկյանը վստահեցնում է՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկապարտեզ ընդունելն իրենց համար առաջնահերթ է, քանի որ հենց վաղ տարիքից ներառումն է բարելավում նրանց կյանքի որակը։ Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներն էլ աջակցում են միայն գնահատված երեխաների ներառմանը՝ մանրամասնում է կենտրոնի տնօրեն Լիլիա Ասատրյանը:
«Երբ երեխան ընդունվում է մանկապարտեզ, առաջին հայացքից ոչ ոք չի տեսնում նրա դժվարությունները, դա միայն նկատվում է ուսուցման գործընթացում: Չնայած լինում են բազմակի, ծանր խնդիրներով երեխաներ, ինչն արդեն ակնհայտ է լինում, իսկ գնահատման գործընթաց կազմակերպելու համար ծնողի համաձայնությունը պարտադիր է»:
Ծնողները, սակայն, տարբեր պատճառաբանություններով երբեմն հրաժարվում են երեխայի կարիքը գնահատելուց: Լիլիա Ասատրյանը շեշտում է՝ սա, երեխայի գերակա շահից է բխում։

«Երբ երեխայի կարիքը ճանաչվում է, ենթադրենք մտավոր առումով երեխան ունի որոշակի խնդիր, այդ ժամանակ սահմանվում է ծառայությունների ծավալը, այսինքն՝ որ մասնագետը քանի րոպե, քանի ժամ պետք է աշխատի նրա հետ: Մենք վերականգնողական աշխատանք չենք իրականացնում: Տարածքային կենտրոնն աջակցում է հաստատությանը՝ ներառելու երեխաներին ուսումնական գործընթացում»:
ՏՄԱԿ-ի բազմամասնագիտական թիմը որոշակի աշխատանքային ժամերի է լինում մանկապարտեզներում, աջակցում դաստիարակին, ծնողին՝ երեխայի մոտ դրական տեղաշարժ գրանցելու համար: Կենտրոնի տնօրենը ևս կարևորում է հոգեբանի ու հատուկ մանկավարժի գործառույթը մանկապարտեզներում:
«Տարածքային կենտրոնի լոգոպեդը, հոգեբանը շաբաթական գրաֆիկով են լինում այնտեղ: Շատ լավ կլինի, որ այդ մասնագետներն ամեն օր լինեն հաստատությունում և կարողանան դիտարկել: Բացի այդ, որքան մենք վաղ հասակում ենք կարողանում աշխատել երեխայի հետ, արդյունավետությունն ավելի մեծ է»:
Մասնագետներն ընդգծում են՝ հոգեբանը միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ չէ, որ աշխատում է, իսկ երեխայի կարիքի գնահատումը խարան չէ, երեխայի լավագույն շահից բխող գործընթաց է։




