ԿարևորՄիջազգային

Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական աշխատակցի

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից ազատել փորձաշրջան անցնող 5400 քաղաքացիական աշխատակցի, ասվում է Պենտագոնի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։

«Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջան անցնող աշխատակիցների կազմը։ Ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթվանից մոտ 5,400 փորձաշրջան անցվող [քաղաքացիական] աշխատակիցներ կազատվեն աշխատանքից»,- նշված է փաստաթղթում։

Ինչպես նշվում է, արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Պենտագոնը «ակնկալում է 5-8%-ով կրճատել գերատեսչության քաղաքացիական անձնակազմը»։ Ըստ The Washington Post-ի՝ պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցների թիվը 900 հազար է, ուստի նշված քայլերը կարող են ազդել «տասնյակ հազարավոր աշխատակիցների վրա»։

Հինգշաբթի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ասել էր, որ Պենտագոնը կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցերով զբաղվող գրասենյակին (DOGE) թույլ կտա մուտք գործել համակարգեր՝ բացահայտելու «խարդախության, վատնման ու չարաշահման դեպքերը»: Միջոցառումները ուղղված են ավելորդ ծախսերի բացահայտմանը և ֆինանսավորման առաջնահերթությունների օպտիմալացմանը:

Ավելի վաղ Հեգսեթը հրահանգել էր մշակել ՊՆ բյուջեն հաջորդ հինգ տարիների ընթացքում տարեկան 8%-ով կրճատելու ծրագիր։ Փաստաթուղթը պետք է ներկայացվի մինչև փետրվարի 24-ը։

Հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին նշանակել է DOGE-ի ղեկավար։ Այս կառույցը սկսել է երկրի բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը։ Ընդհանուր առմամբ Մասկը ակնկալում է կրճատել պետական ​​ծախսերը 2 տրիլիոն դոլարով։

Կարդացեք նաև

Back to top button