
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին հայտարարեց, որ անհրաժեշտ է վերանայել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, հաշվի առնելով վերջին տարիներին երկրի անվտանգային միջավայրում տեղի ունեցած փոփոխությունները։ Իսկ փետրվարի 19-ին հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։
Փորձագիտական շրջանակներում Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը փոխելու անհրաժեշտություն տեսնում էին դեռ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։ Այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կոնտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
«Ես պատերազմից հետո բազմիցս նշել եմ, որ մեզ անհրաժեշտ է նոր ռազմավարություն, ընդ որում՝ ոչ թե փոփոխված, այլ միանգամայն նոր ռազմավարություն, որովհետև իրավիճակը ոչ միայն ամբողջապես այլ է, այլ այն ռազմավարությունը, որ 2007-ին ընդունվել էր և 20 թվականին փոխվեց, այդ ռազմավարությունն իրեն ամբողջապես չարդարացրեց։ Մենք դրա ականատեսը եղանք հաջորդ տարիների ընթացքում, ինչը նշանակում էր, որ այն ռազմավարությունը, որը գրվել էր, դա սխալ ռազմավարություն էր և հիմքերն էին սխալ»։
Այսինքն, հասկանալի էր, որ մեզ պետք է բացարձակապես նոր ազգային անվտանգության ռազմավարություն, տարիների իր համոզմունքը փոխանցեց քաղաքագետը։
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ նոր ռազմավարության մշակման աշխատանքները փաստացի արդեն սկսվել են։
«Աշխատանքների մեկնարկը արդեն կարող ենք համարել տրված։ Աշխատանքային հանդիպումները շատ շուտով մենք կսկսենք։ Դրա շուրջ քննարկումներ են տեղի ունենում աշխատանքային խմբի հարմար ժամկետներ ընտրելու։ Կարող եմ ասել, որ ամբողջ գործընթացը հրապարակային է լինելու»։
Նրա խոսքով, գործող ռազմավարությունը ընդունվել է 2020 թվականի ամռանը, սակայն դրանից հետո տարածաշրջանում և Հայաստանում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, որոնք պահանջում են նոր մոտեցումներ։
«Ազգային անվտանգության նոր ռազմավարության անհրաժեշտություն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։
Նախորդ ազգային անվտանգության ռազմավարությունը, երբ որ պատրաստվել և հրապարակվել է 2020 թ.-ի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ է տեղի ունեցել Հայաստանի շուրջ, և նաև այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով, մենք որոշակի ժամանակ սպասել ենք, որից հետո, որոշակի հստակեցումներ ունենալով, մենք որոշել ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ»։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կոնտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ նոր ռազմավարության մեջ անհրաժեշտ է, որ ամրագրված լինեն իրական նպատակներ, որոնք պետք է ունենան հստակ չափումներ։
«Պետք է գրված լինեն, ամենակարևորը, իրական նպատակներ։ Այդ նպատակները պետք է ունենան հստակ չափումներ։ Այսինքն, ինչ-որ ժամանակի ընթացքում Հայաստանը այս դիրքից պետք է հասնի այս դիրքին, պետք է ունենան պատասխանատուներ՝ ովքեր են պարտավոր այդ աշխատանքները կատարել, որպեսզի մենք այդ կետին հասնենք»։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին լրագրողներին ասաց, որ դեռևս վաղ է մանրամասնել, թե ռազմավարությունն ի՞նչ ուղղություններով է փոփոխվելու, սակայն վստահեցրեց, որ փաստաթղթի մշակման ամբողջ գործընթացը լինելու է հրապարակային։
«Ո՞ր ուղղություններով են փոփոխություններ լինելու՝ դրա մասին այս պահին չենք կարող խոսել, որովհետև հիմնական քննարկումները, որ մենք ունեցել ենք մինչև այս պահը, դա եղել է աշխատակարգի մասին և քննարկումները դրանով սահմանափակվել են»։
Գործող ռազմավարության մեջ շեշտադրված են ազգային նպատակները, այդ թվում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարումը և վերացումը։ Փաստաթղթում նաև արձանագրված է, որ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն Հայաստանի հանդեպ, շարունակելով շրջափակումը և ժխտելով Հայոց ցեղասպանությունը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշում է, որ նոր ռազմավարությունը պետք է հաշվի առնի Հայաստանի ներկա քաղաքական ու անվտանգային իրողությունները և ձևակերպի այն առաջնահերթությունները, որոնց վրա պետք է կենտրոնանա պետությունը։ Հայաստանը պետք է նոր ռազմավարությամբ հստակեցնի իր արտաքին քաղաքականության և անվտանգության տեսլականը՝ համարժեք արձագանքելու համար տարածաշրջանային մարտահրավերներին՝ ձևակերպում է փորձագետը։ Նա նաև կարևորում է պատասխանատվության ամրագրման համակարգը.
«Պետք է լինի պատասխանատվության համակարգ։ Այսինքն, պետք է այնպես լինի, որ եթե մենք այդ դիրքին չհասնենք՝ պատասխանատուները պատասխանատվություն կրեն և ոչ թե լինի հեքիաթներ, երազանքներ, ինչպես նախկինում»։
Ըստ նախնական տեղեկությունների, ռազմավարության նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2025 թվականի վերջը, իսկ 2026-ին այն արդեն կհրապարակվի։ Նախագծի մշակմանը կմասնակցեն Ազգային Ժողովը, պետական գերատեսչություններ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։




