ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Եվրոպան մտահոգ է Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցություններից․ հարցը շուտով կքննարկվի Վաշինգտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա երկուշաբթի օրը կհանդիպի Ֆրանսիայի նախագահի ու Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս տեղեկությունը հաստատում է Սպիտակ Տունը։ Մինչ այդ Ֆրանսիայում երկու անգամ ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում է կայացել, որտեղ քննարկվել են Ուկրաինայի անվտանգության ապահովման երաշխիքները, ինչպես նաև ԵՄ անվտանգության ուժեր ստեղծելու հարցը։

Ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու ուղղությամբ ջանքերը բավականին ակտիվ են, դրա շուրջ հայտարարությունները՝ նույնպես։ Այդ առումով աչքի է ընկնում անցնող շաբաթը, որի ընթացքում ռուս-ամերիկյան բանակցություններ տեղի ունեցան Էր-Ռիադում, տարաբնույթ հայտարարություններ մյունխենյան անվտանգության համաժողովում։ Բացի այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին բռնապետ անվանեց։ Բայց նաև պատասխան արձագանք եղավ վերջինի կողմից․ Զելենսկին հայտարարեց, որ Թրամփը ռուսական ապատեղեկատվության զոհ է։ Միջազգային մամուլի գլխագրերում գերակշռում էին Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հարաբերություններում նկատելի ճեղքերի մասին հիշատակումները։

ԵՄ երկրների ղեկավարները երկու անգամ արդեն հասցրել են հանդիպել Ֆրանսիայում։ Առաջիկա երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կայցելեն Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփին վստահեցնելու, որ ՄՆ-ի ու ԵՄ շահերը համընկնում են և,

որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդառաջ ցանկացած քայլ կարող է լարել հարաբերությունները Չինաստանի և Իրանի հետ։

BBC-ն գրում է, որ Մակրոնը հայտարարում է նաև, որ որոշում դեռ չունի Ուկրաինա զորք ուղարկելու հարցում և մտադիր է այդ մասին մտածել միայն հրադադար հաստատելու դեպքում։

«Մենք մտածում  ենք զինադադարից հետո զինվորներին երկրորդ գծում տեղակայելու մասին և ոչ թե ռուսների դեմ առաջնագծում»։

Միջազգային մամուլը նշում է, որ բացի Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից, Ուկրաինայում զորք տեղակայել կարող են նաև Բալթյան երկրներն ու Դանիան։

Reuters-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Թրամփին կներկայացնի մոտ 30 հազար զինվորական Ուկրաինայում տեղակայելու ծրագիր։ Telegraph-ի դիվանագիտական աղբյուրներն էլ նշում են, որ Սթարմերը պնդելու է, որ ամերիկյան կործանիչներն ու հրթիռները ևս տեղակայվեն Արևելյան Եվրոպայում և պատրաստ լինեն, եթե Ռուսաստանը խախտի հրադադարը:

ԵՄ որոշ երկրներ, սակայն, չեն պատրաստվում զորք տեղակայել Ուկրաինայում, այդ երկրների շարքում են Գերմանիան, Լեհաստանը և Իսպանիան։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարում է, որ Եվրոպան մտահոգված է Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցություններից, նաև ՆԱՏՕ-ին Վաշինգտոնի հետագա աջակցության անորոշությամբ, ինչը հիմք է Եվրոպական անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։

Ըստ Մակրոնի՝ Եվրոպան անորոշության պայմաններում պետք է անվտանգության ուժեր ստեղծելու ծրագիր համաձայնեցնի ու ներդրումներ անի իր անվտանգությունն ապահովելու համար։

Reuters-ը գրում է, որ իրեն հայտնի է դարձել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Շվեյցարիայում գաղտնի բանակցություններ են վարել մինչև Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելը։ Նշվում է Շվեյցարիայում տեղի ունեցած մի քանի հանդիպումների մասին։ Reuters-ի աղբյուրները հրաժարվել են հաղորդել բանակցությունների մասնակիցների անունները, սակայն նշել են, որ նրանք պետական պաշտոնյաներ չեն, այլ դիվանագիտական կամ անվտանգության հարցերում փորձ ունեցող մարդիկ: Վերջին նման հանդիպումը կայացել է մի քանի օր առաջ, կրկին Շվեյցարիայում, մյունխենյան անվտանգության համաժողովին զուգահեռ։

Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել գաղտնի հանդիպումների ժամանակ և արդյո՞ք ուկրաինացիներ մասնակցել են գտնվել այդ քննարկումներին՝ պարզ չէ։

Իսկ արդեն հայտնի ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ չէ, որ ԵՄ-ն խաղաղապահ առաքելություն իրականացնի Ուկրաինայում։

Ամերիկացի պաշտոնյաները, միևնույն ժամանակ, մի քանի անգամ հստակ հայտարարել են, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում մասնակցել հնարավոր խաղաղապահ առաքելությանը և դեմ է նաև, որ ՆԱՏՕ-ն ներգրավվի այդ գործում։

Կարդացեք նաև

Back to top button