
«Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ը հրապարակել է նոր զեկույց՝ «Ադրբեջանում քրիստոնյա հայերի հետապնդումները՝ Վիգեն Էուլջեքջյանի գործը» վերնագրով։ Այն պատմում է քրիստոնյա հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող հետապնդումների մասին՝ շեշտադրելով Վիգեն Էուլջեքջյանի գործը։ Ընտանիքի անդամների հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում Վիգենը խոսել է ինքնասպանության մտադրության մասին, նաև ասել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին հայտնել է դրա մասին։
44-ամյա լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը ընտանիքի հետ 2020-ին տեղափոխվել էր Արցախ՝ այնտեղ ապրելու և բիզնես սկսելու համար։ Նույն թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրի կնքման հաջորդ օրը, Վիգենը որոշել էր հեռանալ Շուշիի իր տնից, բայց առևանգվեց ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից։ 2020-ի նոյեմբերին հիմնադրված և 44-օրյա պատերազմի հետևանքները հետազոտող «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նոր զեկույցում կարդում ենք՝ պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների չմասնակցած Վիգենը 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի ձևակերպմամբ՝ որպես վարձկան ռազմական հակամարտությանը մասնակցելու, ահաբեկչության և պետական սահմանը բռնությամբ կամ բռնության սպառնալիքով հատելու համար։ Ըստ կենտրոնի՝ առաջադրված մեղադրանքները քաղաքական և էթնիկ դրդապատճառներ ունեն։ Զեկույցում, մասնավորապես, ասվում է․
«Վիգենը թիրախավորվել է իր ազգության և քրիստոնեական հավատի պատճառով։ Վիգենի ձեռքին խաչի դաջվածք կար։ Նրա հեռուստատեսային հարցաքննության ժամանակ ընտանիքը նկատել է, որ ձեռքի այդ հատվածն այրված է, ընտանիքի անդամների կարծիքով՝ դիտավորությամբ փորձել են այլանդակել կամ ջնջել դաջվածքը։ Սա հուշում է, որ Վիգենը կրոնական դրդապատճառներով բռնության է ենթարկվել։ Այս դեպքը համընկնում է նաև «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի կողմից փաստագրված կրոնական հալածանքների ավելի լայն օրինաչափությունների հետ»։
Զեկույցում նաև ընդգծվում է՝ Վիգեն Էուլջեքջյանը ենթադրաբար պահվում է Գոբուստան բանտում, որը հայտնի է իր անմարդկային պայմաններով և բանտարկյալների շրջանում ինքնասպանությունների բարձր մակարդակով։ Կենտրոնի փաստահավաք աշխատանքները ցույց են տվել, որ Վիգենը զրկված է պատշաճ բժշկական օգնությունից, ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական բռնության։
«2025 թվականի հունվարի 9-ին ընտանիքի անդամների հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Վիգենը կրկին ինքնասպանության մտադրության մասին է խոսել, նաև բացահայտել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հայտնել է կյանքին վերջ տալու ցանկության մասին, բայց կոմիտեն որևէ միջնորդություն չի ներկայացրել»։

Այս գործի մանրամասներով դեռևս հունիսին «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ը հրատապ ընթացակարգով դիմել է ՄԱԿ-ի աշխատանքային խմբին, սակայն պատասխան չի ստացել։ Մինչ անկախ կառույցներն ահազանգում են Բաքվի բանտերում խոշտանգումների մասին, այդ երկրի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Ադրբեջանում պահվող բանտարկյալների խոշտանգման մասին ահազանգերը քննվել են, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից և ապացուցվել է, որ դրանք կեղծ են։ ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հակադարձում է՝ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը հետաքննող որևէ անկախ կառույց երբևէ Բաքվի բանտ չի մտել, իսկ պաշտոնական Բաքուն օգտվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեղինակությունից ու թաքնվում դրա հետևում։
«ԿԽՄԿ-ն բացառապես մարդասիրական նկատառումներով է տեսակցություններ ունենում, ապահովում կապը ընտանիքի անդամների հետ, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խոշտանգումների կանխարգելման կամ հետաքննման մեխանիզմ չէ։ Իհարկե, պատանդների պահման պայմանները բարելավելու նպատակով նրանք կարող են առաջարկներ ներկայացնել ադրբեջանական իշխանություններին, սակայն կարևոր է, որ արձանագրված խախտումները տրամադրվում են կոնֆիդենցիալ հիմունքներով՝ բացառապես շահագրգիռ պետությանը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանին։ Ադրբեջանը նման պնդումներ անելիս առնվազն պետք է հրապարակեր Կարմիր Խաչի դիտարկումները, ինչը չի արել։ Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը կարմիր խաչի հետևում թաքնվում է և կոմիտեի հեղինակությունը վկայակոչելով շարունակում է խոշտանգումների պրակտիկյան հայերի հանդեպ»։
2024-ին Եվրոպայի խորհրդի ներքո գործող «Խոշտանգումների կանխարգելման» կոմիտեն բացառիկ կարգով հրապարակայնորեն հայտնեց, որ իրենց դիտարկումները՝ խոշտանգումների կանխարգելման վերաբերյալ, Ադրբեջանի կողմից մնում են անարձագանք՝ ասում է Սիրանուշ Սահակյանը․
«Փաստորեն, մենք նաև ունենք արձանագրում միջազգային կառույցների կողմից, որ Ադրբեջանը արգելափակում է այս հատուկ մանդատ ունեցող անկախ կառույցների մուտքը Ադրբեջան։ Նաև նշեմ, որ այս մարմինների այցելության նպատակը առհասարակ ադրբեջանական բանտերում պահվող բոլոր անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիտարկումներ, մոնիտորինգներ անելն էր, և դա որևէ կերպ թիրախավորված չէր հայ պատանդնների իրավունքների պաշտպանության համար։ Անգամ այս պայմաններում Ադբեջանը արգելել է այս անկախ մարինների մուտքը։
Միջազգային իրավունքի մասնագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը նույն տրամաբանությամբ է աշխատում նաև ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների դեպքում։ Օրինակ՝ նախորդ տարի մի շարք հատուկ մանդատակիրներ մատնանշել են հայերին առնչվող խնդիրները և Ադրբեջանից խնդրել թույլ տալ այցելություններ, բայց պահանջը մերժվել է՝ առանց իրավական ու փաստահեն որևէ բացատրության՝ եզրափակում է Սահակյանը։




