ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վարորդը վարո՞րդ է, թե՞ հսկիչ․ տրանսպորտային բարեփոխումները նոր պարզաբանումների առիթ են դարձել

Շուրջ մեկ ու կես ամիս է՝ մայրաքաղաքում գործում է հասարակական տրանսպորտի տոմսային նոր համակարգն ու նոր սակագինը։ Դրան զուգահեռ շարունակվում են բողոքի ակցիաներն ու որոշ քաղաքացիների բոյկոտը։ Քաղաքային իշխանությունն էլ տրանսպորտում վերահսկողություն սահմանելու համար դիմում է քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության օգնությանը։ Իսկ ավագանու ընդդիմադիր անդամներն ահազանգում են, որ հաճախ հենց ավտոբուսի վարորդներն են դառնում վճարման ընթացքը վերահսկողները, ինչը նրանց կարծիքով հակասում է օրենքին։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները երկրորդ օրն է՝ փորձում են պարզել, թե որտեղ է սկսվում ու ավարտվում ավտոբուսի վարորդի լիազորությունները։ Հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխությանը, ավագանու ընդդիմադիր անդամների բողոքի ակցիաներին ու քաղաքացիների բոյկոտներին զուգահեռ, համացանցում տեսանյութեր են տարածվում, որտեղ ուևորները վարորդների, վարորդները ուղևորների հետ են վիճում ուղեվարձը վճարելու կամ չվճարելու համար։ Ավագանու ընդդիմադիր անդամները համոզված են, որ վարորդները ուղեվարձի վճարումը հսկելու լիազորություն չունեն։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն ասում է՝ վարորդի վրա չի կարող դրվել վերահսկելու պատասխանատվություն։

«Կա գործառույթների տարանջատում։ Մի մարդ ում պարտավորությունների մեջ մտնում է մեքենան մաքուր, լավ վիճակում պահելը, մարդուն «Ա» կետից «Բ» կետ տանելը, չի կարող իրականացնել նաև բյուջեի մուտքերի վերահսկողություն։ Նույնիսկ անվտանգության տեսանկյունից, եթե վարորդը անընդհատ շեղվի, որ փորձի ինչ–որ մեկին կարգի հրավիրել, կամ ստուգել, թե ով է վճարում, սա ևս անվտանգային սպառնալիք է, և մենք չպետք է դա թույլ տանք»,– բացատրում է Հակոբյանը։

Քաղաքային իշխանությունը մեկ շաբաթ առաջ էր հայտարարել, որ քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում, որպեսզի վերահսկվի ուղեվարձի մուտքագրումը քաղաքային բյուջե։ Ավագանու ընդդիմադիր անդամներն այս մեխանիզմը ևս ապօրինի են համարում։

«Հսկիչները միայն իրավասու են արձանագրություն կազմել, այսինքն, եթե ես, օրինակ, չեմ վճարել, հսկիչը իրավասու է գալ, հարցնել իմ անուն–ազգանունը, կազմել արձանագրություն ու դրանից հետո պատշաճ վարչարարություն իրականացնել։ Մեքենան կանգնեցնել, կոնֆլիկտ հրահրել, կոպտել, ֆիզիկական կոնտակտի գնալ, վարորդին հրահանգ տալ՝ այս ամենը օրենքի շրջանակներից դուրս է»։

Ավագանու ընդդիմադիր անդամները «Երևան ավտոբուս» ընկերության հավաքակայան են գնացել և հանդիպում պահանջել ղեկավարության հետ։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը վարորդների հետ կնքվող աշխատանքային պայմանագրից մեջբերում է ընթերցել։ Պայմանագիրը 2025-ի հունվարից փոփոխությունների է ենթարկվել, երկու կետ վերաբերում է հենց վարորդ– ուղևոր հարաբերություններին։

«Պայմանագրի 3-րդ կետը սահմանում է․ «Անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել, որ ուղեվարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով», և մյուս կետը սահմանում է՝ «թույլ չտալ առձեռն վճարում իրականացնել»։

Վարորդներին տրված է հետևյալ հրահանգը․ նախ՝ բարեկրթության սահմաններում մեր քաղաքացիներին «Ա» կետից տեղափոխել «Բ» կետ։ Երկրորդը՝ ուղևարձը չվճարող քաղաքացիներին բարեկրթության սահմաններում հորդորել, ուղորդել, անհրաժեշտության դեպքում նաև օգնել իրականացնելու վճարումը»,– ասում է Գեղամ Ասատրյանը։

Միայն 2025թ․–ի մեկ ու կես ամսում «Երևան ավտոբուս» ընկերության 25 վարորդ նկատողություն է ստացել, շուրջ 4 տասնյակն էլ ազատվել է աշխատանքից կարգապահական վարույթների հետևանքով։ Ընկերության ներկայացուցիչ Գեղամ Ասատրյանը բացատրում է՝ վարույթները առնչվում են ոչ միայն ուևորների հետ անհարգալից վերաբերմունքի դեպքերին, այլ, օրինակ, երթի ընթացքում ծխելուն։

Ավտոբուսներում տարաբնույթ միջադեպերին օրերս նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր անդրադարձել, շեշտելով, որ խնդիրները սկսվում են ուղեվարձը չվճարելուց։

«Ուզում եմ՝ բոլորը գիտակցեն, որ չվճարելով իրենք ստեղծում են խնդիրներ «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ում, քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտում եկամուտների հավաքագրման առումով, և, անկեղծ ասած, իմ կարծիքով դա որևէ արդարացում չունի, որովհետև, եթե նախկինում դեռ բոլորը չգիտեին, թե ինչ է տեղի ունենում, ինչ փոփոխություններ են իրականանում, հիմա մարդիկ ավելի տեղեկացված են։ Սիրելի երևանցիներ, Երևան քաղաքում հանրային տրանսպորտի փոփոխությունները շարունակական են, բայց այդ շարունակականությունը կախված է նաև մեզանից ու մեր պարտաճանաչությունից։ Այսինքն, եթ մենք բոլոր արդարացումներով շարունակենք չվճարել հանրային տրանսպորտի համար, ես վստահեցնում եմ, որ բարեփոխումները կդանդաղեն»։

Ուղեվարձի փոփոխությունը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում բարեփոխումների միակ ճանապարհն է՝ ընդգծում է Ավինյանն ու հիշեցնում, որ նոր կարգավորումներից հետո շուրջ 850 հազար մարդ տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն է ստացել։

Կարդացեք նաև

Back to top button