
Սուրբ Աթոռը պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է, որ Հռոմի Պապը դեռ դուրս չի գրվի հիվանդանոցից։ Պապը, ըստ հայտարարության, շարունակում է մնալ բարդ կլինիկական վիճակում։ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը փետրվարի 14-ին հիվանդացել է բրոնխիտով և հոսպիտալացվել։ 3 օր անց՝ փետրվարի 17-ին նրա վիճակը վատթարացել է․ ախտորոշվել է շնչառական տրակտի պոլիմիկրոբային վարակ։ Մինչև Պապը կապաքինվի, «Ռադիոլուր»-ը նրա կյանքից առանձնացրել է հինգ հետաքրքիր, միևնույն ժամանակ արտառոց դրվագ։
Ավանդական կիրակնօրյա աղոթքը բաց թողնելուց ու լիակատար հանգստի վերաբերյալ բժիշկների ցուցումը կատարելուց հետո էլ Հռոմի Պապն առայժմ հիվանդանոցից դուրս գալ չի կարող։ Վատիկանի տարածած հայտարարության մեջ կարդում ենք՝ Պապը դեռ կմնա հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ, որ կարողանա հաղթահարել փետրվարի 14-ին արձանագրված ու փետրվարի 17-ին սրված հիվանդությունը։ Սուրբ Աթոռի խոսնակ Մատեո Բրունին, այնուամենայնիվ, հայտնել է՝ պոնտիֆիկոսը լավ տրամադրություն ունի:
Պապ, որը կերակուր է պատրասում ետնախորշերում բնակվողների հետ
Ֆրանցիսկոսը Պապ ընտրվեց ավելի քան 500 տարվա ընթացքում նախադեպը չունեցող իրավիճակում․ նրա նախորդը՝ Բենեդիկտոս XVI-ը ոչ թե մահացել էր, այլ հրաժարվել էր պապական գահից 2013-ին, պատճառաբանելով առողջական խնդիրները, որոնք խանգարում էին նրան ծառայել եկեղեցուն պատշաճ մակարդակով:
Արգենտինացի 76-ամյա կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոն լատինամերիկյան երկրների առաջին ներկայացուցիչն էր, որ դարձավ Հռոմի 266-րդ Պապը՝ ստանալով Ֆրանցիսկոս անունը։ Այդ շրջանում միջազգային մամուլում բազմաթիվ վերլուծություններ էին տարածվում։ Օրինակ՝ ամերիկյան Foreign Policy հեղինակավոր հանդեսի հոդվածագիր, վատիկանագետ Ջոշուա Քիթինգը գրում էր․
«Նա մի անձնավորություն է, որն այցելում է ետնախորշեր և կերակուր է պատրաստում մարդկանց հետ։ Ես կարծում եմ, որ աշխարհը կտեսնի Պապ լինելու միանգամայն նոր ոճ»։

«Տարվա մարդ» կոչման դափնեկիր՝ ընդգծված համեստության համար
Time ամսագիրը 2013-ին Հռոմի Պապին ընտրեց տարվա մարդ՝ «ընդգծված համեստության և աղքատներին ավելի շատ նվիրաբերելու կոչերի համար»։
Ընտրվելուց հետո Ֆրանցիոսկոսը կրճատել է Վատիկանի մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ մի քանի կարդինալների աշխատավարձերը։ Հենց այդ շրջանում էր, որ մամուլը խոշորացույցն ուղղեց Պապի ունեցվածքի վրա։ Այսպես, օրինակ, պարզ դարձավ, որ նա հրաժարվել է Առաքելական պալատի երրորդ հարկում գտնվող 10 սենյականոց պապական բնակարանից, փոխարենը տեղավորվել է Սանտա Մարտա հյուրատան երեք սենյականոց համեստ բնակարանում։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Բենեդիկտոս XVI-ից ժառանգել է հատուկ զրահապատ խցիկով Mercedes popemobile–ը, սակայն հրաժարվել է դրանից։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը այդ որոշումն այսպես է մեկնաբանել․
«Նոր մեքենան շատ աշխատանքի կարիք ունի, բայց խնդրում եմ ՝ համեստ բան ընտրեք։ Իսկ եթե հավանում եք հավակնոտ տարբերակը, պարզապես հիշեք, թե աշխարհում քանի երեխա է մահանում սովից»։
Պապը, որ ֆուտբոլ է խաղում



Բայց Պապը աշխարհիկ հաճույքներից էլ չի հրաժարվում, եթե դրանք առնչվում են հավատացյալների հետ շփումներին։ Այսպես, օրինակ, 2021-ին, հավատացյալների հետ ամենշաբաթյա հանդիպումներից մեկի ժամանակ Ֆրանցիսկոս Պապը, որոշել է սեղանի ֆուտբոլ խաղալ հավատացյալներից մեկի հետ։ Դրան նախորդող շաբաթվա նույն միջոցառման ժամանակ հավատացյալներից մեկը նրան է մեկնել իր բջջային հեռախոսը, որը Պապը վերցրել է ու անծանոթ մի մարդու հետ մի քանի րոպե հեռախոսազրույց ունեցել։
266-րդ Պապը Հայաստանի 2-րդ քաղաքում
«Անաստվածության երկար տարիների հոգևոր կործանումից հետո, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու․․․»
2016 թվականի հունիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը այս բառերով սկսեց իր քարոզը։ Պապն ինքն էր ցանկացել սուրբ պատարագ մատուցել հենց Գյումրիում։ Այնուհետև Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ հայ կաթողիկե տաճարին էր նվիրել խորհրդանշական մի քար, որը վերցված է Հռոմի Սուրբ Պետրոսի Մայր Տաճարի պատից՝ ի նշան միության և հաղորդության:



«Ես դեռ ողջ եմ»․ Պապի առողջությունը՝ ուշադրության կենտրոնում
Կաթոլիկ աշխարհը Ֆրանցիսկոս Պապի առողջությամբ նույնքան մտահոգ էր նաև 2023-ի ապրիլին։ Ճողվածքի՝ 3 ժամ տևած վիրահատությունից հետո նա դուրս գրվեց հիվանդանոցից ու աշխարհին ասաց՝ «Ես դեռ ողջ եմ»։
Իսկ մինչ այդ,2023-ի մարտին նա երեք օր անցկացրել էր հիվանդանոցում՝ թոքերի վարակը բուժելու համար։ 2021-ին էլ 10 օր պառկել էր հիվանդանոցում հաստ աղիքի մի մասը հեռացնելուց հետո։ Նրան նույնիսկ առաջարկվել է մտածել պապական գահից հրաժարվելու հնարավորության մասին։ Պատասխանը, սակայն, հստակ է եղել՝ եկեղեցին կառավարվում է ոչ թե ծնկներով, այլ գլխով։





