
Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակում փետրվարի 22-ին ազատ կարձակվեն իսրայելցի պատանդներ ու պաղեստինցի բանտարկյալներ, Կահիրեում կայացած բանակցություններից հետո հայտնել է եգիպտական Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ խորհրդակցությունների փուլը, որին մասնակցել են Եգիպտոսի, Կատարի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ավարտվել է հաջողությամբ։ Աղբյուրը հավելում է, որ Եգիպտոսն ու Կատարը «հասել են այն բանին, որ հրադադարի համաձայնագրի իրականացման շրջանակներում մնացած իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի գերիները շաբաթ օրը ազատ արձակվեն»։
Չի հաղորդվում, թե արդյո՞ք Կահիրեում կայացած բանակցություններին ներկա են եղել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները։
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում հրադադարի և պահվող անձանց փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք են բերել հունվարի 15-ին։ Գործարքի համաձայն՝ առաջին փուլում, որը 42 օր է սահմանվել, Իսրայելը դուրս կբերի իր զորքը Գազայից, ինչի դիմաց պաղեստինյան խմբավորումն ազատ կարձակի 33 իսրայելցի պատանդների։




