
Էր-Ռիյադում ավարտվել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները, որոնք տևել են մոտ 4,5 ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսական կողմը բանակցային սեղանի շուրջ ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Բացի այդ, ռուսական պատվիրակության կազմում էր Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Հանդիպմանը Միացյալ Նահանգները ներկայացնում էին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Հանդիպումը կայացել է թագավորական ընտանիքի պալատներից մեկում։
Սպասվում էր, որ երկու կողմերը կքննարկեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու և ռուս–ամերիկյան հարաբերությունների վերականգնելու ուղիները։ Հանդիպումը կարող է ճանապարհ հարթել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների համար ։




