
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Աբու Դաբիի «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական համաժողովին և ցուցահանդեսին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 3-րդ անգամ անընդմեջ մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով, որտեղ ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ փետրվարի 17-21-ը ներկայացնելու են բարձր, տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը՝ նպատակադրելով միջազգայնացնել հայկական պաշտպանական արտադրանքը, ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ցուցադրվելու են ոչ միայն արդեն պատրաստի արտադրանք ու ծրագրեր, այլև հեռանկարային նախագծեր, որոնք կարող են դյուրացնել տվյալ ոլորտներում նոր համագործակցությունների մեկնարկն ու ընդլայնումը:
Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ և աշխարհի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսներից մեկն է, որտեղ այս տարի սպասվում են շուրջ 150,000 այցելուներ։

Միջոցառմանը փետրվարի 16-ին նախորդել է Միջազգային պաշտպանական համաժողովը (IDC), որին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հրավերով մասնակցել և «Ապատեղեկատվություն և ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկման շրջանակում որպես բանախոս հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:




