
«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ վարչապետ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիս է հրավիրել, որի ընթացքում անդրադարձել է թե՛ արտաքին, թե՛ ներքաղաքական խնդիրներին։ Լրագրողների հետ մի քանի ժամ տևած հանդիպմանը Քոչարյանը մի քանի ուշագրավ պնդում է արել, մասնավորապես, որ Արցախն իր օրոք բանակցային պրոցեսից դուրս չի մնացել, և որ դա կեղծ թեզ է, որն իր դեմ է օգտագործվել։ Երկրորդ նախագահը կարծիք է հայտնել, որ ղարաբաղցիների վերադառնալու միակ ճանապարհը «Նոյեմբերի 9»-ի հայտարարությանը վերադարձն է։ Քոչարյանը երկար խոսել է նաև իր օրոք և իր ղեկավարման տարիներին հաջորդած շրջանում բանակցային գործընթացների մասին՝ մեղադրանք հնչեցնելով գործող իշխանության հասցեին։ «Ռադիոլուրը» Քոչարյանից փորձել է պարզել նրա կարծիքն այն մասին, թե ինչու է հանրության մոտ ձևավորվել տեսակետ, որ ինքը գործող իշխանության համար լավագույն ընդդիմությունն է։
Հայաստանի ներքաղաքական դաշտը, ըստ դիտարկվող միտումների, արդեն պատրաստվում է 2026-ի ընտրություններին։ Շրջանառվող թեմաներից արդեն պարզ է, որ հիմնական դերակատարները որպես «խաղաքարտ» օգտագործելու են Լեռնային Ղարաբաղի ու ԵՄ–ին անդամակցելու թեմաները։
Թեև ընտրապայքարը դեռ չի սկսվել, բայց առաջին հայտն արդեն կա։ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հաստատում է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը պատրաստվում է մասնակցել առաջիկա գործընթացներին։ Ձևաչափը դեռ չեն որոշել, որոշված չէ նաև, թե ում դեմքով կներկայանա դաշինքը՝ Քոչարյան ավագի՞, թե՞ Քոչարյան կրտսերի ղեկավարությամբ։
«Ռադիոլուրը» Ռոբերտ Քոչարյանից փորձեց պարզել նրա կարծիքն այն մասին, թե ինչու է իր ղեկավարած քաղաքական դաշինքն ընկալվում որպես «հարմար ընդդիմություն» գործող իշխանության համար։
– Ձեր կառավարման տարիներից հատկապես ո՞ր դրվագն է այդպես դաջվել հանրության հիշողության մեջ, որ գործող իշխանությունն օգտագործում է այսպիսի ընդդիմություն ունենալու հաջողված բանաձևը։
– Հա, հա, մենք նվեր ենք, է՞լ ինչ ենք։ Չի լինում ոչ նշանակովի ընդդիմություն, ոչ նշանակովի առաջնորդ։ Սա լուրջ մրցակցային դաշտ է, և այդ դաշտում ամեն քաղաքական ուժ հնարավորություն ունի դրսևորվելու։ Ես ի՞նչ դրվագ եմ հիշելու իմ կառավարման տարիներից, հիշելու եմ այն ֆունդամենտալ բաները, որոնք կապված են երկրի անվտանգության, երկրի բարեկեցության հետ։ Այն մնացածը, ինչ դուք ուզում եք ասել, ինչ–որ էպիզոդներ են, որոնք իրականության հետ կամ կապ չունեն, կամ տարիների ընթացքում «արանժիրովկա» են արվել ընդդիմության կողմից։
– Ձեր կառավարման տարիներին փակվեց անկախ հեռուստաընկերություն։
– Օկեյ, դա ի՞նչ ողբերգություն էր։ Հայաստանի անվտանգությունը դրա պատճառով սասանվե՞ց։
Ամեն դեպքում Քոչարյանն ընդունում է, որ իր թվարկած բարեփոխումների մասին հանրությունն ընտրությունների ժամանակ առանձնապես չի հիշում, բայց նաև չունի բացատրություն, թե ինչու է ընտրություններում պարտվել Նիկոլ Փաշինյանին։
«Որովհետև ժողովուրդը բավարար չափով չի քվեարկել։ Ես դրա պատասխանն ի՞նչ ասեմ։ Անկեղծ ասած՝ Դուք ինձ մի հարց եք տալիս, որը չունի ողջամտության շրջանակներում պատասխան»։
Թեև Քոչարյանն ասում է, որ իր և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերությունները վատ չեն, բայց նաև ճշգրտում է, որ իր համակիրների մեջ կան մարդիկ, որոնք չեն ընդունում երրորդ նախագահին։ Նմանապես երրորդ նախագահի համակիրների կամ կուսակիցների մեջ էլ կան մարդիկ, որոնք իրեն չեն ընդունում։ Դա է պատճառը, որ Քոչարյանը Սարգսյանի հետ համագործակցությունը բացառում է՝ անվանելով դա իռացիոնալ քայլ, որի արդյունքը, իր իսկ ձևակերպմամբ, կասկածելի է։
Ռոբերտ Քոչարյանի խոսքից պարզ է դառնում, որ առաջիկա ընտրապայքարում ընդդիմության այս թևը շեշտը դնելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա՝ բանակցություններից մինչև հնարավոր լուծումներ։ Այդ դեպքում Սադարակում՝ վրանի տակ, ի՞նչ էր դեռ այն ժամանակ բանակցում Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ։ Այս հարցին Քոչարյանը որոշեց անդրադառնալ Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից «Մեղրին՝ Արցախի դիմաց» փաստաթղթերի գաղտնազերծումից հետո։
«Այո մենք իր հետ բանակցում էինք։ Ինքն առաջարկում էր դա, ես ասում էի ՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Պրոցեսն ինքը շահավետ էր մեզ համար։ Սա սարքել մատի փաթաթան, տարբեր անկյան տակ նայել և կոնսպիրոլոգիայի չգիտեմ որ դաշտերում հայտնվել՝ անլուրջ է»։
Բանակցային փաստաթղթերի այս մասի գաղտնազերծումը Քոչարյանը բացատրում է նրանով, որ այսօր կրկին օրակարգային հարց է դարձել «Մեղրիի միջանցք»–ի թեման։
Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին սոցցանցում գրառմամբ անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա գրել է, մեջբերում․
«Արժե՞ր մեծ-մեծ խոսել դիվանագիտության մասին, դրա մանրամասների մասին և գնալ, նստել մի քարտեզի տակ, որի վրա Վրաստանի տարածքից հաստ գծով առանձնացված են Աբխազիան և Օսեթիան։ Իսկ Ղարաբաղի քարտեզից շտրիխով առանձնացնել 5 շրջանները՝ չնայած նրան, որ դրանք եղել են Ղարաբաղի Սահմանադրությամբ ամրագրված Ղարաբաղի մաս։ Արժե՞ ր Մեղրիի համար արդարանալու համար ասուլիս անել ու ավելի խորացնել այդ թեման՝ այդպես էլ ոչ մի նոր բան չասելով»:
Իսկ Ռոբերտ Քոչարյանը նաև հերքում է տեսակետը, թե վարչապետ Վազգեն Սարգսյանը տեղյակ չի եղել Մեղրիի բանակցությունների մասին։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Աժ–ում տեղի ունեցած ոճրագործությունը հենց սկզբից, ի դեպ, կապում էին այդ բանակցությունների և նույն օրը ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի՝ Երևան կատարած այցի ու երևանյան քննարկումների հետ։ Քոչարյանը բացահայտում է, որ Թալբոթը որևէ առաջարկով Երևան չէր եկել։
Բանակցությունների այդ փուլի մասին իր ունեցած տեղեկություններն է շտապես փոխանցել նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Այս հեքիաթն ուրիշ բանի համար էր։ Սա ռուսներն են ուզել, որպեսզի համոզվեն, որ այս խնդրում հայկական թիմը մի գծի վրա է։ Ու դրանից հետո ասել, որ Մեղրիի տարբերակով բանակցում են ու ռուսները տեղյակ չեն, այս հեքիաթը «Քաջ Նազարի» հեքիաթից ավելի ծիծաղելի հեքիաթ է։ Անհնարին է, որ Ռոբերտ Քոչարյանը գնար Մեղրիի տարբերակով ԱՄՆ առաջարկով՝ Փոլ Գոբլի ծրագրով բանակցությունների ու ռուսներին տեղյակ չպահեր։ Սա ուղղակի անլուրջ է»։
Բանակցությունների մասին մյուս պաշտոնյաները որքանո՞վ են տեղյակ եղել․ ի պատասխան այս հարցի՝ Քոչարյանը նկարագրեց իր աշխատանքային սկզբունքները՝ բայց նախ պարզաբանելով, թե ինչ պայմաններով է համաձայնել նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի առաջարկին և Ղարաբաղից տեղափոխվել Երևան՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար։
«Ես այն ժամանակ շատ պարզ ասել եմ, որ ես վաղուց «շեֆ» չեմ ունեցել։ Լևոն Տեր- Պետրոսյանի հետ հարաբերությունները լավն էին, վատը չէին, բայց ես ասացի՝ ես վաղուց «շեֆ» չեմ ունեցել և ես գալիս եմ այստեղ այս նպատակի համար։ Եվ դու չնեղանաս, որ ես քեզ որպես «շեֆ» չեմ ընդունելու»։
Այս մտքին սոցցանցերի օգտատերերն արձագանքում են, որ նման անկեղծությունն, իհարկե, ողջունելի է, բայց ցանկացած մեկը գիտի, որ որևէ պետությունում վարչապետի և նախագահի հարաբերությունները սեպարատ պայմանավորվածություններով չեն կարգավորվում, այլ՝ Սահմանադրությամբ ու օրենքներով։




