
Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումն ու դրան հաջորդած հայտարարությունները հուշում են, որ Թրամփի նախագահության չորս տարիների ընթացքում Իսրայելը փորձելու է լուծել իր համար առաջնահերթ խնդիրները։ Դրանց համատեքստում առանցքային է Իրանի տարածաշրջանային ազդեցության չեզոքացումը։ Պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանը «տարածաշրջանում անկայունության միակ աղբյուրն է», և լի են վճռականությամբ խոչընդոտելու Թեհրանի հավակնությունները:
Իրանը մնում է «անկայունության միակ աղբյուրը» Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հանդիպման ժամանակ արձանագրել է Ռուբիոն՝ հստակեցնելով, որ ՀԱՄԱՍ-ը պետք է «ոչնչացվի»։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն էլ վստահեցրել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները վճռական են կանխելու Իրանի միջուկային հավակնությունները Մերձավոր Արևելքում։
«Նախագահ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի ամենամեծ ընկերն է։ ԱՄՆ-ի օգնությամբ մենք «կավարտենք գործը» Իրանի դեմ։ Թեհրանը չպետք է միջուկային զենք ունենա, այդ երկրի ագրեսիան տարածաշրջանում պետք է զսպվի։ Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփի ծրագիրը ճիշտ առանցք ունի»- հայտնում է Reuters-ը։
Միջազգայնագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Իսրայելի համար կենսական նշանակության հարցերի լուծման հնարավորություն է ստեղծվում։
«Առաջիկա 4 տարիներն Իսրայել պետության և անձամբ Նեթանյահուի համար մեծագույն հնարավորությունների շրջան են։ Իսրայելական հաշվարկներում դիտարկվում է այն հնարավորությունը , որ լուծվեն Իսրայելի անվտանգության համար կենսական խնդիրները տարածաշրջանում։ Ընդ որում՝ լուծման տարբերակներում, ձևաչափերում հնարավոր բոլոր գործիքներն էլ դիտարկվում են, այսինքն՝ միջոցների ընտրության հարց չի դրվում, կարևորը նպատակներն են։ Բնականաբար, ամենագլխավոր սպառնալիքն Իսրայելի համար շարունակում մնալ Իրանի Իսլամական Հանրապետությունը»։
Ռուբիո-Նեթանյահու հանդիպման առանցքում նաև Գազայի խնդիրն էր։
ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել տարածքը վերահսկողության տակ առնելու և պաղեստինցիներին այլ երկրներ տեղափոխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, իր ձևակերպմամբ «համարձակ» առաջարկը:
Այն կյանքի կոչելու ճանապարհը, սակայն, փորձագետները հեշտ չեն համարում։ Միջազգայնագետ Գոռ Գևորգյանը հնարավոր խնդիրներ է դիտարկում։
«Փաթեթը կյանքի կոչելու համար երկու հիմնական խնդիր է այսօր մնացել, այսպես ասած, դեռ չկարգավորված։ Առաջինը «ՀԱՄԱՍ» շարժման դեռ չջախջախված, մնացած հատվածը, որը փաստացիորեն մինչ օրս փորձում է կառավարել Գազայի գոտին, և «ՀԱՄԱՍ–ին» պայմանական աջակցություն ցույց տվող Իրանը։ Իրանի շուրջ այդ օղակը, որը փորձում են սեղմել Գազայի միջոցով, «ՀԱՄԱՍ–ի» խաղից վերջնականապես հանելու միջոցով , այդպես հեշտ չի կարգավորվի։ Նախ՝ Գազային ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելը և «ՀԱՄԱՍ–ի» նկատմամբ վերջնական հաղթանակ արձանագրելը չեմ կարծում, թե շատ հեշտ գործընթաց է։ Բացի դրանից՝ Գազան աշխարհի ամենախիստ բնակեցված հատվածներից մեկն է՝ 350 քառ․կմ վրա մոտավորապես 1.7-2 միլիոն մարդ է ապրում։ Հիմա այս մարդիկ տեղափոխության հարցը զուտ լոգիստիկ առումով ոնց են կազմակերպելու»։
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Ռուբիո-Նեթանյահու հանդիպումից հետո հնչած հայտարարություններից եզրակացնում է, որ նպատակը Իրանի տարածաշրջանային ազդեցության չեզոքացումն է։ Նրա կարծիքով՝ փորձ կարվի գործարքի գնալ Իրանի հետ։
«Խոսքը Իրանի հովանավորյալ տարբեր խմբավորումների դիրքերի չեզոքացման և ընդհանրապես Իրանի կողմից նման քաղաքականությունից հրաժարվելու մասին է, ինչը նշանակում է, որ Իրանը որևէ փաստաթղթով պետք է հրաժարվի, օրինակ, «Հզբոլահին» կամ «ՀԱՄԱՍ–ին» աջակցելուց։ Ենթադրվում է, որ ոչ ուղիղ բանակցությունների միջոցով Իրանին ներկայացվելու են ամերիկա-իսրայելական միասնական առաջարկները, և եթե իրանական կողմը նշված հարցերում գնա զիջումների, հնարավոր է որևէ գործարք, որով Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը կգնան պատժամիջոցների աստիճանական թուլացման»։
CNN-ի աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է միջնորդ դառնալ Թրամփի վարչակազմի և Իրանի միջև՝ Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ նոր համաձայնության հասնելու համար։
Ըստ լրատվամիջոցի՝ Սաուդյան Արաբիան մտադիր է օգտագործել Միացյալ Նահանգների հետ սերտ կապերը՝ Թեհրանի և Սպիտակ տան միջև դիվանագիտական կամուրջ ապահովելու համար:




