ԿարևորՀասարակություն

Ոչ մի չհարկվող եկամուտ հարկվող չի դարձել․ փոխնախարարը՝ հայտարարագրման մասին

Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ բջջային էլեկտրոնային ստորագրությունը հնարավոր է ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։ Նույնիսկ, եթե քաղաքացին կորցրել է քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն քաղաքացու էլեկտրոնային ստորագրությունը։

Հայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը մայիսի 1–ից տեղափոխվեց նոյեմբերի 1–ը։  Եթե 2024–ին եկամուտների համատարած հայտարարագրում պետք է ներկայացներ մոտ 59 հազար քաղաքացի, ապա այս տարի՝ ավելի քան 750 հազար։ Ծախսերն ու եկամուտները կներկայացնեն բոլոր վարձու աշխատողները։ Եկամուտների հայտարարագրումից հետո հայտարարատուները որոշ դեպքերում կարող են վճարած եկամտահարկը հետ ստանալ։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հստակեցնում է․

 «Համակարգի իմաստը այն է, որ եկամտային հարկ վճարած ֆիզիկական անձինք, այնքանով, որքանով իրենց վճարած եկամտային հարկը դեռևս պետության կողմից իրականացվող այլ աջակցության ծրագրերի շրջանակներում  հետ չի վերադարձվել, կարողանան  սոցիալական ծախսերի ուղղությամբ հետ ստանալ վճարված գումարները»։

Պետությունը առաջարկում է վճարված հարկերից քաղաքացիներին մինչև 100 հազար դրամ վերադարձնել։ Փոխհատուցվում են կրթության ու առողջապահության ծախսերը, բայց ոչ ավելի, քան, առաջինի դեպքում՝ 100 հազար դրամը, երկրորդի դեպքում՝ 50 հազար դրամը։ Կառավարությունը ընդլայնել է սոցիալական կրեդիտների շահառուների շրջանակը։ Նոր որոշումից առաջ  պետությունը վերադարձնում էր միայն բուհերի, մանկապարտեզների և առողջապահական ապահովագրության համար ծախսված գումարի մի մասը։  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան․

«Սոցիալական ծախսերի փոխհատուցումը վերաբերում է ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթությանը։ Այն ընդգրկում է արտադպրոցական ծառայությունները, արվեստի, գեղարվեստի դպրոցները, մարզադպրոցները։ Այս դեպքում չկա երաշխավորման պահանջ, քանի որ այս ուսումնական հաստատությունների ծրագրերը հիմնականում երաշխավորված են»։

Նոր փոփոխություններով նաև դասագրքերի համար արված վճարումների փոխհատուցում է սահմանված։ Տարրական դասարանների դասագրքերը անվճար են տրամադրվում, մյուսների դեպքում  ծնողները վճարում են՝ յուրաքանչյուր երեխայի համար  սահմանված է  3 հազար դրամ փոխհատուցում։

 Սոցիալական փաթեթի շահառուները և՛ իրենց, և՛ ընտանիքի անդամների ծառայությունների համար ատամնաբուժական ծառայությունների համար վճարած եկամտային հարկից վերաձադարձ ևս կարող է լինել՝  տեղեկացնում է ֆինանսների փոխնախարարը․

«Սոցիալական ծախսից կարող է օգտվել այն ֆիզիկական անձը, ով օրենքով սահմանված կարգով սահմանվել է հայտարարատու։  Երկրորդ՝ հայտարարատուն պետք է եկամտային հարկ վճարած լինի։ Էական չէ՝ աշխատավարձ է վճարել, բանկում ավանդ ունի (բանկը ավանդի տոկոսի համար հաշվարկում ու եկամտային հարկ է պահում), թե բնակարանն է վարձով տվել ու եկամտային հարկ է վճարել։ Կարող է օգտագործել սոցիալական ծախսերի հետ ստացման նպատակով»։

Մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները չեն հայտարարագրվում։ Սա ՊԵԿ նախագահի հրամանով սահմանված կարգ է։ Առևտրային բանկերն էլ  հաճախորդների փոխարեն  վերջինների ծախսերը ներկայացնելու  պրոդուկտներ են առաջարկում՝ ասում է Արման Պողոսյանը։ Այսպիսով, բանկային ողջ քաղվածքները ուսումնասիրելու կարիք չի լինի։

Հայտարարագիր չներկայացնողներն առաջին անգամ նախազգուշացում կստանան։ Մեկ ամիս անց չներկայացնելու դեպքում սահմանված է  5 հազար դրամ տուգանք։ Եվս մեկ անգամ չներկայացնելիս՝ գումարը կկրկնապատկվի՝ կազմելով 10 հազար դրամ։

Կարդացեք նաև

Back to top button