ԿարևորՄիջազգային

Լեհաստանը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Լեհաստանը հնարավոր խաղաղապահ առաքելության շրջանակներում զորքեր չի ուղարկի Ուկրաինա, երկուշաբթի հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Փարիզ մեկնելուց առաջ, որտեղ նա պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովին։

«Մենք չենք նախատեսում լեհական զորքեր ուղարկել ուկրաինական տարածք,- ասել է Տուսկը։ -Թեման փակված է, Լեհաստանը նախկինի պես կազմակերպչական առումով կաջակցի Ուկրաինային՝ իր ֆինանսական հնարավորություններին համապատասխան, նաև մարդասիրական առումով, եթե խոսքը մարդասիրական օգնության մասին է»,- պարզաբանել է Լեհաստանի վարչապետը։

Բացի այդ, Տուսկն ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգության իրական երաշխիքները պետք է մշակվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ համագործակցությամբ։ «Մենք չպետք է մտածենք ՆԱՏՕ-ին այլընտրանքներ ունենալու մասին, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի երաշխիքների հարցին»,- ասել է նա։ «Ես դա միանգամայն անկեղծ կասեմ Փարիզում։ Հիմա ժամանակը չէ, և անազնիվ է, եթե որևէ մեկը Ուկրաինայի համար թղթային, կեղծ և անիրատեսական երաշխիքներ տա», — հավելել է Լեհաստանի վարչապետը։

Լեհաստանի կառավարության ղեկավարը եւս մեկ անգամ հայտարարել է, որ կոչ կանի Փարիզի հանդիպմանը հրավիրված առաջնորդներին մեծացնել ներդրումները պաշտպանական ոլորտում։

Կարդացեք նաև

Back to top button