ԿարևորՄիջազգային

«Տարաձայնությունները չպետք է մեզ շեղեն արտաքին թշնամիներից». Եվրոպական առաջնորդները հավաքվում են արտակարգ գագաթնաժողովի

Եվրոպացի առաջնորդները պատրաստվում են Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողով հրավիրել։ Նրանք կհանդիպեն Փարիզում։ Հանդիպումը կարող է կայանալ արդեն երկուշաբթի օրը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական ​​չորս աղբյուր։

Գագաթնաժողովի նախապատրաստման մասին հայտնի է դարձել շաբաթ երեկոյան։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «արդեն Փարիզ է կանչում եվրոպացի առաջնորդներին»:

Ելիսեյան պալատը դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի արել գագաթնաժողովի մասին, սակայն առանձին եվրոպացի առաջնորդներ արդեն նշել են, որ հնարավոր է՝ մասնակցեն ոչ պաշտոնական հանդիպմանը։

Նրանցից մեկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն է։

«Գործ ունենք այսօրվա աշխարհի իրականության և Ռուսաստանից բխող սպառնալիքի հետ։ Հասկանալի է, որ Եվրոպան պետք է ավելի նշանակալի դեր ստանձնի ՆԱՏՕ-ում, քանի դեռ աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի ապագան ապահովելու և Ռուսաստանից եկող սպառնալիքներին հակազդելու համար»,- շաբաթ ուշ երեկոյան ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

«Եվրոպան չի կարող թույլ տալ, որ դաշնակցային տարաձայնությունները մեզ շեղեն արտաքին թշնամիներից»,- նշել է նա։

Եվրոպական գագաթնաժողովից հետո Սթարմերը նախատեսում է քննարկել դրա արդյունքները Թրամփի հետ, և նրանց հանդիպումը կկայանա Վաշինգտոնում փետրվարի վերջին։ Վաշինգտոնից վերադառնալուց հետո սպասվում է ևս մեկ գագաթնաժողով՝ եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։

Գագաթնաժողովին մտադիր է մասնակցել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Մյունխենի անվտանգության համաժողովում նա ասել է, որ Եվրոպան պետք է «լավ առաջարկներ» ներկայացնի Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար, եթե ցանկանում է մասնակցել ԱՄՆ-ի գլխավորած բանակցություններին:

«Եթե եվրոպացիները ուզում են իրենց խոսքն ասել, պետք է ցույց տան իրենց կարևորությունը»,- ասել է Ռյուտեն։

Սթարմերի հայտարարությունը, թե Եվրոպան պետք է ավելի ակտիվ դեր խաղա ՆԱՏՕ-ում, հնչել է Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթից ժամեր անց։ Վենսը կրկնել էր Թրամփի վարչակազմի հայտարարությունը՝ ասելով, որ  Եվրոպան պետք է «մեծ քայլ անի սեփական պաշտպանությունը ապահովելու համար»:

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն էլ Մյունխենյան համաժողովում ասել էր, որ  Եվրոպան ֆիզիկապես ներկա չի լինի Ուկրաինայի հարցով բանակցություններին։ «Մենք չենք ցանկանում քննարկումների մեջ մտնել մեծ թվով մասնակիցների հետ »,- ասել էր նա։

Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո հասկացրել էր, որ բանակցությունները կսկսվեն առնվազն Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուղիղ շփումներով։

Ելույթ ունենալով Մյունխենում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևի համար անընդունելի է, երբ երկրի ապագան որոշվում է առանց իրենց մասնակցության։

Ավելի ուշ Սպիտակ տունը պարզաբանել է, որ Ուկրաինան նույնպես կմասնակցի խաղաղ բանակցություններին, ընդ որում ԱՄՆ-ն միջնորդ կլինի Կիևի և Մոսկվայի միջև:

Սպասվում է, որ առաջիկա օրերին Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան Արաբիայում ռուս և ուկրաինացի բանակցողների հետ, Reuters-ին ասել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ երեկոյան հեռախոսով արդեն քննարկել են հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։

Կարդացեք նաև

Back to top button